ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԶԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԼՈՐԱ ՔԵԼԻԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԱՅՔԼ ՎԵՆԵՐԴԻԻՆ
Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ։