Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ



ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐԱրթուրը մի լուսանկար ունի. երբ սկսում ես նայել, թվում է՝ ինչ-որ մոգական ուժ քեզ գամել է ու չի թողնում՝ հայացքդ կտրես պատկերից: Որովհետև տղայի աչքերը թափանցել են հոգուդ խորքերը, ու ձեր մեջ սկսվել է մի արտասովոր երկխոսություն, որ բառերի մեջ չես տեղավորի: Իսկ երբ բացում ես տեսանյութն, ու Արթուրն սկսում է պարել, վարակվում ես անզուսպ հրճվանքով: Զորամասում է պարում, պարում է ամբողջ հոգով, ինքնամոռաց: Ակամա ուրախություն բառը անընդհատ հոլովվում է գլխիս մեջ, հետո հիշում եմ, որ մայրը՝ Նարինեն,  Արթուրի մասին ասաց՝ քայլող ուրախություն էր տղաս: Արթուրն ուրախություն էր բաժանում, ու նրա ուրախությունը չէր սպառվում բաժանելուց: Մայրը վաղուց սովորել էր Արթուրի անակնկալներին: Մեկ էլ գալիս ասում էր՝ գյուղից քեզ համար տոպրակ էին ուղարկել, բայց տվել եմ …ու մի աղքատ ընտանիքի անուն էր տալիս: Կարիքավոր երեխաների համար կոնֆետ ու պաղպաղակ առնելը մշտական էր: Մարդկանց օգնում էր՝ ինքն իր արածին կարևորություն չտալով: Մեկ էլ կտեսնեիր՝ մեկին առած եկավ տուն, թե՝ մա՛մ, ոչի՞նչ, որ մի քանի օր մեր տանը մնա, ապրելու տեղ չունի: Ո՞վ է՝ հարցնում էր մայրը: Մարդ է, մա՛մ՝ ասում էր թախանձագին հայացքով: Իսկ երբ մայրը ինչ-որ բանից տրտնջում էր կամ բողոքում, ասում էր՝ մա՛մ, ոչ մի բանից մի վախեցիր, ապրելու ժամանակը մի վատնիր բողոքելու վրա, այս րոպեները, ժամերը կյանք են, մեր կյանքը, վայելիր: Առիթով կամ անառիթ՝ նվերներ էր տալիս մորը, քրոջը՝ ծաղիկ, պայուսակ ու սովորական օրը տոն էր դարձնում: Տասներեք տարեկանից աշխատում էր դասերից հետո՝ տուն էր նորոգում, մեքենա, հացի փռում էր աշխատում: Արթուրի համար դժվար չէր աշխատելը, որովհետև ամեն ինչ ձեռքից գալիս էր: Մեկ էլ կտեսնեիր՝ սկսեց մի անծանոթ սարք քանդել-նորոգել: Ներդնում էր բոլոր ուժերը, օրերով աշխատում էր, բայց սկսած գործը կիսատ չէր թողնում: Ու երբ հաջողության էր հասնում, թեթևացած ժպտում էր. եթե ասել եմ՝ կարող եմ, ուրեմն՝ պիտի անեմ:

Ես տասնյակ լուսանկարներ եմ նայել ու երբ ուզում եմ հիշել Արթուրի արտաքին տեսքը, առաջին բառը, որ անցնում է մտքովս, տպավորիչն է: Նրա դեմքը չես մոռանա: Գուցե շատերին հանդիպես, որ Արթուրի պես բարձրահասակ են, սպորտային կազմվածքով, բայց դեմքը հաստատ ինքնատիպ է՝ հոգու պատկերը աչքերի մեջ, հոգու խորությունը՝ հայացքում: Սև մազեր, թուխ մաշկ, ընդգծված, գեղեցիկ ու ներդաշնակ դիմագծեր: Իսկ հայացքը ռինգ մտնելուց առաջ հակառակորդին ուղղված հայացք լինի ասես՝ էնքան կամք ու վճռականություն կա:

Արթուրը ձգտում էր լավագույնին, երբ խոսքը վերաբերում էր իր վարքին, բնավորությանը, մտավոր ու ֆիզիկական ձեռքբերումներին: Սիրում էր առաջնորդել: Նրան դուր էր գալիս, երբ մարդիկ հավանում էին իր մտահղացումները, հավաքվում էին իր շուրջը: Չէր հանդուրժում անարդարություն, ուրիշների ոտնահարված իրավունքների համար պայքարելը Արթուրի մշտական զբաղմունքն էր: Ոտից գլուխ խիղճ էր՝ ասում է մանկության ընկերը:

Իսկ հիմա ժամանակն է, որ պատմեմ Արթուրի ընտանիքի մասին: Մայրը զինվորական է, իսկ եղբայրը՝ Վազգենը, հատուկջոկատային է: Երբ ավագ եղբայրը պատմում էր քառօրյա մարտական գործողությունների մասին, Արթուրը կլանված լսում էր, իսկ երբ Վազգենը «Արիության» մեդալ ստացավ հաջող մարտական գործողություն իրականացնելու համար, Արթուրն արդեն զորամասում էր ու չէր կարողանում թաքցնել ձայնի թրթիռը խոսափողի մեջ: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ հենց առաջին օրվանից սպաները հիացած էին զինվոր Արթուր Շեկոյանի վարքով: Ավելին, նա ըմբոստ ու անհնազանդ զինվորի համբավ ուներ: Բայց սպաները ելքը գտան: Նրա ուսերին պատասխանատվության բեռ դրեցին. վստահեցին ջոկ ղեկավարել ու սերժանտի կոչում տվեցին: Հաշվարկը ճիշտ էր: Արթուրը բացահայտեց իր կազմակերպչական ունակությունները, նպատակասլացությունը, ծառայակիցներին համախմբելու ձիրքը:

ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ44-օրյա պատերազմի ժամանակ մայրն ու երկու որդիները զինվորական համազգեստ էին կրում, մայրը զորամասում էր, որդիները՝ ռազմադաշտում:

-Փաստորեն, Դուք եք զինվորական գործի հանդեպ սերը սերմանել ձեր որդիների սրտում,- եզրահանգում եմ ես:

Նարինեն բացասաբար շարժում է գլուխը.

-Ես դեմ էի, որ Վազգենը հատուկջոկատային դառնա, բայց տղաս ինձ չլսեց: Երբ փոքր էին, առիթը բաց չէին թողնում, որ հագնեն զինվորական համազգեստս: Հետո սկսում էին իրենց հիացած տնտղել հայելում: Երևի նախախնամության մատն էր խառը… Տեսեք, թե ինչ է գրված տղայիս մասին,- Նարինեն դարակից մի թուղթ է հանում ու սկսում է բարձրաձայն կարդալ. «Լինելով ջոկի հրամանատար՝ Արթուր Շեկոյանը հմտորեն էր ղեկավարում իրեն վստահված բարձունքի պաշտպանությունը: Փոխհրաձգության ընթացքում ոգևորում էր զինծառայողներին և առաջինը նետվում մարտի։ Պատերազմական գործողությունների ամենաթեժ պահերին վտանգելով կյանքը՝ մշտապես հոգ էր տանում ենթակա անձնակազմին։ Աչքի էր ընկնում մարտական ոգով, չէր ընկճվում, խուճապի չէր մատնվում:

Ջոկի հրամանատար Արթուր Շեկոյանը մարտական գործողությունների ընթացքում խոցել է 2 տանկ և զրահափոխադրիչից իջնող հետոտնացող հետևակին»:

Գրությունը ստորագրել են Արթուրի հրամանատարները: Ծառայակիցներն էլ իրենց հիշողություններն ունեն. «Արթուրի ամենամոտ բանակային ընկերը եզդի Օմարն էր: Մի օր Արթուրն անսպասելի ասաց Օմարին՝ եթե պատերազմ լինի, ես կյանքս կտամ քեզ համար: Արթուրն ու Օմարը զոհվեցին միասին: Արթուրը վիրավորվել էր ոտքերից: Օմարին ասաց՝ մրսում եմ: Օմարը փորձեց ինչ-որ բանով ծածկել ընկերոջը, նույն պահին հակառակորդի անօդաչուն հարվածեց»…

Նարինեն ափերի մեջ պահած, զգուշորեն, գուրգուրանքով բերում է Արթուրի «Մարտական ծառայության» մեդալն ու դնում զինվորական լուսանկարի կողքին: Իսկ ես մտածում եմ, որ ոչ ոք չի կարող ապրել մյուսի չապրած կյանքը. դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են: Բայց միտքը, որ քո յուրաքանչյուր լուսաբացի համար ինչ-որ մեկը վճարել է իր անսահման գեղեցիկ կյանքով, ստիպում է քեզ հավաքել ամբողջ կամքդ՝ արդարացնելու քո գոյությունը:

…Լուսանկարից Արթուրը նայում է նույն խորազնին աչքերով: Ու ինձ թվում է, թե այս խոհերը իմը չեն, այլ կարդում եմ նրա հայացքում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


26/06/2023