Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 23-Ը ԹԻԿՈՒՆՔԻ ՕՐ



ՀՈՒՆԻՍԻ 23-Ը ԹԻԿՈՒՆՔԻ ՕՐԶրույց ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Արամ Պողոսյանի հետ։

 

-Պարոն գնդապետ, ի՞նչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին, որոնց շնորհիվ էականորեն  բարելավվել է զորքերի թիկունքային ապահովումն ու դրա որակը։

-Թիկունքային ապահովման ոլորտում որպես էական բարեփոխման օրինակ կարելի է նշել զորքերի սննդով ապահովման գործընթացը։ 2019 թ.-ից զինված ուժերն անցել են քաղաքացիական կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման, այսինքն՝ ապահովումն այլևս չի իրականացվում տեղերում՝ զինվորական անձնակազմի ուժերով, ճաշարաններն ու մեր տնտեսությունը անհատույց օգտագործման են տրվել քաղաքացիական կազմակերպություններին, որոնց միջոցներով ստացիոնար և դաշտային պայմաններում կազմակերպվում է անձնակազմի սննդով ապահովումը։ Սա միանշանակ իր դրական ազդեցությունն է ունենում  այս գործընթացում։ Զորքը զբաղվում է իր առօրյա ծառայողական, մարտական պատրաստության խնդիրներով, քաղաքացիական կազմակերպությունները մեր ԶՈՒ թիկունքի վարչության հետ ներդաշնակ, ինչպես նաև տեղերում՝ զորամիավորումների և զորային օղակի թիկունքայինների հետ համագործակցում են, կազմակերպում ու ժամանակին անձնակազմին է հասցվում որակյալ, թարմ, տաք սնունդ։

Ի դեպ, նշեմ՝ 2020 թ. պատերազմի փորձը ցույց տվեց, որ  մարտական թեժ պայմաններում, երբ նշածս ապահովումն իրականացնում էին հենց քաղաքացիական կազմակերպությունները, այն լիովին արդարացրեց իրեն և իր դրական ազդեցությունն ունեցավ զորքերի ժամանակին ապահովումների, պաշարները տեղ հասցնելու և հետագա մատակարարումների գործում։

Հետագա տարիներին այս գործընթացում բացահայտված թերությունները շտկելու ուղղությամբ ևս աշխատում ենք։ Առաջիկայում նախատեսված է երկփուլ մրցույթ, որի պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է։ Դրանում ամրագրվել են նոր կետեր, որոնք կոչված են լուծելու հնարավոր խնդիրները: Պայմանագրում՝ որպես  նախապայման, ավելացվել է նաև մարտական հենակետերի ապահովումը: Սա ենթադրում է ոչ թե սնունդը տեղ հասցնելու խնդիրը, որն առաջվա պես բանակի պատասխանատվության ներքո է՝ մեր տրանսպորտով և մեր ուժերով, այլ սննդի և տեղերում տեխնիկական միջոցներով,  գույք-ունեցվածքով ապահովումը, որը, որպես պարտավորություն, պայմանագրով կդրվի մատակարար կազմակերպությունների վրա։ Կարծում եմ՝ սա ևս իր դրական ազդեցությունը կունենա գործընթացի հետագա բարելավման վրա։

Առաջընթաց ենք գրանցել նաև մյուս ծառայությունների գծով։ Հայտարարվել է համազգեստի նոր նմուշների դիզայներական մրցույթ, առաջիկայում սպասում ենք դիզայներների առաջարկներին, որով պետք է ձևավորվեն համազգեստի՝ մեզ համար նախընտրելի նմուշները։ Դրանց վերաբերյալ կոլեգիալ քննարկումներ կանցկացվեն շահագրգիռ կազմակերպությունների և ստորաբաժանումների կազմով, որից հետո մտադիր ենք համազգեստների և կոշկեղենի նոր նմուշները ստանալ։ Այնուհետև կպատվիրենք մեզ համար նախընտրելի, կիրառման համար հարմարավետ համազգեստի բոլոր պարագաները:

-Ինչպիսի՞ չափորոշիչներ են ընտրվել, և ինչպե՞ս են ընթանում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

-Ձգտելու ենք, որ դաշտային պայմանների համար նախատեսված, ինչպես նաև գրասենյակային, ամենօրյա համազգեստը լինի հնարավորինս հարմար, թեթև, ջերմակայուն, անձրևապաշտպան, խոնավակայուն  և այլն։ Առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել հատուկ նշանակության զորքերի համազգեստին։ Կոշկեղենի պարագայում նույնպես դրվել են խիստ չափորոշիչներ. դրանք էականորեն կտարբերվեն ներկայիս նմուշներից։

Մեծածավալ բարեփոխումներ ենք իրականացնում նաև վառելիքի ծառայության հետ կապված։ Գործընթացն արդեն սկսված է։ Առաջիկայում նախատեսվում է երկփուլ մրցույթի երկրորդ փուլը։ Վառելիքի ապահովումը նույնպես, ինչպես և սննդի ապահովման պարագայում է, պատվիրվելու է քաղաքացիական կազմակերպություններին, որոնց միջոցով տվյալ ծառայությունն էլի էականորեն կբարելավվի՝ թե՛ որակի, թե՛ պահեստային տնտեսությունների կառավարման և թե՛ զորքերին վառելիք հասցնելու տեսանկյունից.  կլուծվեն վառելիքը մինչև զորամասեր հասցնելու հետ կապված բոլոր հարցերը։ Սա ենթադրում է, որ արդիականացվելու են մեր պահեստային տնտեսությունները, տարողությունները, որոնց մեջ պահպանվելու է վառելիքը։ Խիստ չափորոշիչներ են դրվելու նաև վառելիքի որակի լաբորատոր փորձաքննությունների հարցում: Այսինքն՝ մինչև զորային օղակ, ամբողջ գործընթացը, այն, ինչ մինչև այս բանակն էր կատարում՝ մատակարարման և պահեստային տնտեսության կառավարման առումով, այսուհետև իրականացնելու են մատակարար կազմակերպությունները։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք պլանավորման, հաշվառման և վերահսկողության վրա։

Իհարկե, այս բոլոր բարեփոխումների ընթացքն ու կայացումը ժամանակի խնդիր է, և մենք փոքր քայլերով, բայց վստահորեն առաջ ենք շարժվում դեպի արդիական,  միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող պայմանների ու աշխատաոճի կայացումը: Հիմնվում ենք թիկունքի ոլորտում  համաշխարհային լավագույն փորձը տեղայնացնելու գործելաոճի վրա՝ փորձի փոխանակմամբ, այն համապատասխանեցնելով մեր հայկական իրականությանը՝ բնակլիմայական,  ռելիեֆի և այլ յուրահատկություններին:

Այս ամենը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք, ժամանակ և ջանքեր:

-Թիկունքի մասնագետների պատրաստության և վերապատրաստման խնդիրներն ինչպե՞ս են իրականացվում:

-Մեզ ենթակա ստորաբաժանումները առօրյա աշխատանքային ռեժիմում են: Իհարկե, նման ծավալների ու ծանրաբեռնվածության պայմաններում թերություններն ու բացթողումներն անխուսափելի են, բայց մենք հաճախակի պարապմունքներ, հրամանատարական հավաքներ ենք անցկացնում: Կարևոր նշանակություն ենք տալիս ուսուցման գործընթացին և զարգացնում ենք այն։ Թիկունքի ապահովմանը զուգահեռ՝ մեր կողմից ծրագրվում և իրականացվում են թիկունքային զինծառայողների մասնագիտական պատրաստության աշխատանքները: Ունենք ուսումնական գումարտակ, որտեղ պատրաստում ենք թիկունքի գծով կրտսեր մասնագետներ: Մշակել ենք ուսուցման նոր ծրագրեր: Ուսումնական ստորաբաժանումում պատրաստում ենք խոհարար-հրաձիգներ, որոնք ժամկետային զինծառայության ընթացքում մարտական դիրքերում իրականացնելու են նաև դիրքի խոհարարի պարտականությունները: Բացի այդ, պատրաստում ենք նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատարներ, նյութապահովման վաշտի հրամանատարներ: Առաջիկայում նախատեսում ենք թիկունքի սպաների պատրաստման եռամսյա դասընթացներ, որոնցով կհամալրենք զորամասերի համապատասխան մասնագետների թափուր հաստիքները:

-Ձեր վարչության կողմից կազմակերպվում և այժմ էլ ակտիվ փուլում  են նաև պահեստազորայինների ճամբարային հավաքների թիկունքային ապահովման աշխատանքները։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ։

-Պահեստազորայինների վարժական հավաքները պլանավորված և հաստատված են կառավարության համապատասխան որոշումներով։ Ունենք պահեստազորայինների՝ տարվա կտրվածքով նախատեսված թվաքանակ, կուտակել ենք ինչպես սննդի, այնպես էլ համազգեստի համապատասխան պաշարներ։ Բոլոր թիկունքային ծառայությունների ապահովումը կատարվել է անթերի, ներկայումս շարունակվում է և կշարունակվի մինչև տարեվերջ։ Մենք ուշիուշով հետևում ենք գործընթացին և խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես արձագանքում ենք՝ լուծման լավագույն տարբերակներ ենք փնտրում: Ինքնին վարժական հավաքները շատ կարևոր են, նպաստում են մեր զորքերի մարտական պատրաստականությանը, պահեստազորում նոր, թարմ ուժեր ենք ներգրավում, վաղուց զորացրված մարդիկ կարողանում են վերականգնել իրենց գիտելիքները և մեր զորքերի հետ ներդաշնակ գործողություններ իրականացնելու հմտություններ են ձեռք բերում։ Ինչ վերաբերում է այս գործընթացում թիկունքի ծառայությունների աշխատանքին, ապա վստահեցնում եմ՝ մեր պահեստազորայիններն ապահովված են ամեն ինչով՝ սննդից մինչև բոլոր անհրաժեշտ պարագաները։

-Մասնագիտական տոնի կապակցությամբ ի՞նչ կցանկանայիք  փոխանցել Ձեր ենթակա անձնակազմին:

-Բանակի թիկունքային ապահովման անձնակազմը շատ մեծ կոլեկտիվ է,  որն ընդգրկված է բոլոր տեսակի ապահովումներում, ամբողջ զինված ուժերում՝ մինչև զորային օղակ: Մեր անձնակազմը ջանում է իր ծառայությունն անթերի ու բարեխիղճ կատարել, և ասեմ, որ մասնագիտական տոնի առթիվ շատերը կպարգևատրվեն և կխրախուսվեն լավ ծառայության համար:

Մենք՝ թիկունքայիններս,  պատիվ ունենք Խորհրդային Միությունում հայազգի մարշալ ունենալու: Հովհաննես Բաղրամյանին ի նկատի ունեմ,  որը  ԽՍՀՄ զինված ուժերում  իր  վերջին պաշտոնը վարել է հենց որպես զինված ուժերի թիկունքի պետ: Նրանից մեզ մի թևավոր խոսք է հասել. «Ամուր թիկունքը հաղթանակի կեսն է, գուցեև՝ ավելին»։ Իրոք, առանց ամուր թիկունքի ճակատում հաղթանակի չենք կարող հասնել։ Իհարկե, մեզ համար տարբերություն չկա՝ խաղաղ, թե պատերազմական պայմաններում ենք ծառայում. երկու դեպքում էլ նույն ջանասիրությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով աշխատում ենք, որ զորքերում ապահովումներն անթերի լինեն։

Շնորհավորում եմ ՀՀ զինված ուժերի թիկունքի ամբողջ անձնակազմին, ցանկանում, որ նրանց գործունեությունը նպատակաուղղված լինի մեր պետության հարատև խաղաղության ամրապնդմանը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/06/2023