Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԳՈՐԾՈՎ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՂԱ, ԶԻՆՎՈՐԻՆ ԹԻԿՈՒՆՔ



ԻՄ ԳՈՐԾՈՎ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՂԱ, ԶԻՆՎՈՐԻՆ ԹԻԿՈՒՆՔՊատերազմի օրերին ռազմական բժիշկների կողքին քաղաքացիական բուժծառայողներ էին կանգնած։ Վիրավորների հոսքը մեծ էր, ու սպիտակ բանակի մարտիկները փրկում, կյանք էին վերադարձնում հայրենիքի համար կյանքը չխնայող տղերքին, առաջին բուժօգնությունը, վիրահատությունները հաճախ կատարվում էին չմարող կրակի տարափի տակ, պայթյունների ներքո…

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից շատերը մեկնեցին առաջնագիծ, վիրաբույժ Հարություն Կարապետյանը առաջիններից էր։

Սեպտեմբերի 27-ին, պատերազմի բոթը լսելուն պես, շտապեց տարածքային զինկոմիսարիատ։ Մուտքի մոտ արդեն հոծ բազմություն էր խմբվել՝ ծեր, երիտասարդ, բոլորի նպատակը մեկն էր՝ գնալ սահման, թեւութիկունք լինել սահմանին կանգնած զինվորին։ Զինկոմիսարիատում Հարությունին պատվիրեցին մի քանի օր սպասել մինչեւ կկանչեն։

Էլ չսպասեց էլ, թե երբ կկանչեն, հաջորդ օրն իսկ ուղևորվեց Արցախ։ Ճանապարհի կեսն արդեն հատել էր, երբ զանգեց տնեցիներին տեղեկացնելու, որ ճակատ է մեկնում։

***

Ուշ գիշեր էր, երբ հասան Հադրութ, գիշերը խաղաղ լուսացրին, բայց լույսը բացվեց անօդաչուների ականջ սղոցող աղմուկով…

-Այն, ինչ տեսնում ես կռվի դաշտում, վեր է մարդկային երեւակայությունից,- ասում է բժիշկը,- պատերազմը բնորոշող մի խոսք ամուր դաջվել է մտքումս .«Պատերազմը խելագարություն է, որը ստիպում է կասկածել մարդու բանականությանը»:

Սեպտեմբերի 29-ին Հարությունը եղբորը՝ Վարդանին զանգեց.

-Օգնական ուժի կարիք կա, քո անհրաժեշտությունը շատ կա:

Եղբայրը բեռնատար է վարում, ընկերների հետ եկան-հասան, զենք-զինամթերք էին տեղափոխում:

-Տարբեր հատվածներում էինք, պատահում էր՝ օրերով իրարից տեղեկություն չէինք ունենում,- վերհիշում է երիտասարդ բժիշկը։

***

Մարտական գործողություններին հնարավորինս մոտ էր բացազատված իրենց դաշտային հոսպիտալը, ինչը հնարավորություն էր տալիս կրճատելու տարհանման համար անհրաժեշտ ժամանակը եւ որակյալ օգնություն ցուցաբերել: Աշխատում էին ուժերի գերլարումով, անքնությունից ծանրացած կոպերով, գիշեր-ցերեկ չկար, վճռորոշ էր ամեն վայրկյանը:

Հարությունը հիացած պատմում է վիրավոր մարտիկների կամքից, տոկունությունից:

-Խնդրում, ստիպում, պահանջում էին, որ իրենց շտապ վիրակապեն, շտապ բուժեն, որ կրկին մեկնեն ռազմի դաշտ, միանան զինակից ընկերներին…

Տարբեր զինատեսակներից էին վիրավորումները, նոր սերնդի զենքերից, անօդաչուների հարվածներից…. Ռազմադաշտային վիրաբուժության դասագրքերում դեռ նկարագրված չէր, թե այդ մարտական վնասվածքի դեպքում ինչ պետք է անել: Մասնագիտական գիտելիքների ողջ պաշարն ի մի բերելով՝ բժիշկներն անում էին հնարավորն ու անհնարինը…

Պատերազմի եւ խաղաղ պայմաններում բժիշկների աշխատանքը անհամեմատելիորեն տարբերվում է, եթե խաղաղ պայմաններում պլանային վիրահատության ժամանակ հանգիստ, առանց ավելորդ լարվածության հիվանդին կարող ես մանրակրկիտ հետազոտել, գնահատել հնարավոր ռիսկերն ու բարդությունները, ապա պատերազմական իրավիճակում երկար մտածելու, քննարկելու, խորհրդակցելու ժամանակ չկա, պետք է կարճ վայրկյանների ընթացքում ճիշտ որոշում կայացնել…

-Ծանր օրեր էին, հակասական էմոցիաներով գերհագեցած, ուրախանում էինք, երբ չեզոքացնում էինք վիրավորին սպառնացող վտանգը, ցնծում դիրքային առաջընթացի, գրաված բարձունքի համար, տխրում կորցրածի համար… Երեկոներն էլ, երբ մի քիչ թեթեւ էր լինում, երգում էինք, երգը ցաված հոգու սպեղանի էր, ոգեւորում էր, ոգեշնչում, մարտական ոգին բարձրացնում… Հոկտեմբերի երկուսին կամ երեքին էր, հստակ չեմ հիշում, շատ ծանր օր էր, վիրավորները շատ էին, փորձում էինք մաքսիմալն անել մինիմալ պայմաններում: Լարված վիրակապություն էի անում, մեկ էլ ականջիս ծանոթ ձայն հասավ: Շրջվեցի, ընկերս էր՝ Լեւոնը, մեր վիրաբույժներից, ոնց էի ուրախացել, չեմ կարող նկարագրել ապրումներս, երբ այդ ամենի մեջ հանդիպում ես հարազատ ընկերոջդ… գրկախառնվեցինք, չգիտեինք՝ ճակատագիրն ինչ կսահմանի մեզ համար, ով գիտե՝ հաջորդ պահին էլ կտեսնեի՞նք իրար… Այդ օրն էլ որոշեցի ՝ Աստծո հաջողությամբ, թե ողջ մնամ, որդուս անունը Լեւոն եմ դնելու…. Խոստումս չեմ մոռացել, երկրորդ որդուս ծննդյանն եմ սպասում…

ԻՄ ԳՈՐԾՈՎ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՂԱ, ԶԻՆՎՈՐԻՆ ԹԻԿՈՒՆՔՀարությունի դեմքին լուսավոր ժպիտ է ուրվագծվում՝ վառոդաբույր օրերից զավեշտալի մի դեպք է մտաբերել:

-Լարված հերթական օրերից մեկն էր, դրսում մի փոքր հանգստանալուց հետո ներս մտա, վիրավորների էին բերել, նկատեցի՝ վիրավորներից մեկին ոչ մեկը չի մոտենում։ Արագ մոտեցա զինվորին, առանց հարցեր տալու գրպանիցս մկրատը հանեցի. սովորաբար վիրավորներին ընդունելիս մկրատով արագ կտրատում էինք համազգեստը, որ տեսնեինք, թե արտաքին ինչ վնասվածքներ ունի, սկսեցի արագ-արագ հագուստը կտրատել, զինվորը զարմացած-անհանգիստ ինձ էր նայում, հետո ընդդիմացավ.

-Բժի՛շկ ջան, ինչի՞ ես շորս կտրտում։

Բացատրեցի՝ դե, որ նայեմ, հասկանամ, ինչ վիրավորում ունես:

-Ինձ արդեն նայել են, բժի՛շկ ջան…

Մի կուշտ ծիծաղեցինք, հետո խնդրեցի տղային նոր հագուստ բերեն։

-Օր չկա, որ չհիշեմ  պատերազմը,- շարունակում է Հարությունը,- տարբեր դրվագներ ու դիպվածներ եմ վերհիշում: Ասում են՝ եթե անգամ բախտդ ժպտացել է, ողջ ես մնացել կռվի ժամանակ, միեւնույն է՝ պատերազմից միայն ֆիզիկապես ես վերադառնում, հոգիդ, մտքերդ մնում են այնտեղ…. Հաճախ եմ հիշում մեր հերոս տղաներին՝ խիզախության, քաջության մարմնացում էին… Կյանքով լեցուն տղերքը կյանքը նվիրեցին հայրենիքին…

Տղերքի չապրած կյանքը չհանձնվելու պատգամ է ամեն մեկիս համար, պատգամ է հայրենի հողն ավելի սիրելու, հողին կառչելու, հողը չլքելու… Որքան էլ գրավիչ պայմաններ ու առաջարկներ լինեն, երբեք չեմ մտածել Հայաստանից դուրս գնալու մասին, հիմա՝ առավել եւս…. Պատերազմից հետո մասնագիտությունս ավելի գնահատեցի, ավելի տարողունակ պատկերացրի դրա կարեւորությունը:

Պարտքս մի փոքր թեթեւացած եմ համարում՝ ես իմ գործով զինվորի կողքին եղա, նրան թիկունք… Պատերազմն էլ մասնագիտական առումով փորձառություն տվեց, նոր մեթոդներ, նոր մոտեցումներ, իմ գիտելիքը, իմ փորձը ծառայելու է իմ երկրին, իմ հայրենիքին։

Բժիշկ Հարություն Կարապետյանը վերջերս արժանացել է «Տարվա բարձրակարգ և առաջատար ընդհանուր և լապարասկոպիկ երիտասարդ վիրաբույժ» մրցանակին։

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Ազգային բանակ


26/06/2023