ԵՂԻՇԵ ԱՌԱՔՅԱԼԻ ՎԱՆՔԸ
Արցախի Մարտակերտի շրջանում, Մռավ լեռան անտառապատ լանջին գտնվում է հայկական ճարտարապետության անզուգական կոթողներից մեկը՝ Եղիշե Առաքյալի վանքը։
Վանական համալիրի մասին առաջին հիշատակությունը հանդիպում ենք VII դարի նշանավոր պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ։ Ըստ պատմիչի՝ այս վանքում է Վաչագան Բարեպաշտ թագավորը ամփոփել քրիստոնեության նշանավոր դեմքերից Թադեոս Առաքյալի աշակերտ Եղիշե Առաքյալի մասունքները. «Սուրբ Եղիշայի տեսիլքով հայտնաբերված նշխարները… փոխադրվեցին Ներսմիհրի սուրբ միաբանությունը, որ այժմ կոչվում է Ջրվշտիկ։ Երկար ժամանակ անցնելուց հետո Վաչագան Բարեպաշտ թագավորը Եղիշեի նահատակության փոսի վրա հուշարձան կանգնեցրեց»։ Մովսես Կաղանկատվացին հաղորդում է, որ վանքը հիշատակվում է նաև Ջրվշտիկ անունով՝ հարավային կողմում գտնվող համանուն ջրվեժի անունով։
Եղիշե Առաքյալի վանքը, որ հիմնադրվել է V դարում, վաղնջագույն ժամանակներում հեթանոսական սրբավայր է եղել՝ Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա ուխտ անվանումով։ Վանական համալիրը անվանափոխվում է Եղիշե Առաքյալի անունով, երբ Վաչագան թագավորը Հոռեկա վանքից այստեղ է փոխադրում սրբի մասունքները և վրան մատուռ է կառուցում։ Վաչագան Բարեպաշտ թագավորի մահից հետո երախտապարտ ժողովուրդը նրա մարմինը ամփոփում է Եղիշե Առաքյալի վանքի բակում։ 1286 թ. Սիմեոն վարդապետը փոքրիկ մատուռ-դամբարան է կառուցում նաև Վաչագան արքայի գերեզմանի վրա։ Այս մասին վանքի հյուսիսարևելյան կողմում գտնվող պատի վրա պահպանվել է արձանագրություն. «Այս է հանգիստ Վաչագան թագաւորին, որ շինեց զեկեղեցիս առաջնորդութիւն տէր Սիմէոնի թուին ՉԼԵ (1286 թ.)»։ Տեր Սիմեոնի մարմինը նույնպես մահից հետո ամփոփում են վանքի գավիթում։
Վանական համալիրի շուրջբոլորը փռված են տասնյակ տապանաքարեր, Արցախի նշանավոր իշխանների և հոգևոր ու ազգային գործիչների գերեզմանները։ Պահպանվել է Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։
Եղիշե Առաքյալի վանքը բազմակառույց ընդարձակ համալիր է՝ բաղկացած գլխավոր եկեղեցուց, յոթ մատուռներից, բազմաթիվ օժանդակ շինություններից։ Վանական համալիրի բոլոր կառույցները շինված են կոպտատաշ քարերով և ամրացված կրաքարով։ Բացառություն է կազմում Վաչագան Բարեպաշտ թագավորի մատուռ-դամբարանը, որը կառուցված է սրբատաշ քարերով, և պատերի մեջ ագուցված են տարբեր դարաշրջանների խաչքարեր։
Ինքնատիպ ճարտարապետական հորինվածք ունեն Եղիշե Առաքյալի վանքի մատուռ-դամբարանները, որոնց մի մասն ունի զարգացած միջնադարի հայկական եկեղեցաշինությանը բնորոշ զույգ խորան։ Այս երևույթը հանդիպում ենք Հայաստանի տարբեր վանքերում, ինչպես, օրինակ, Սանահինում, Հերհերի վանքում։
Եղիշե Առաքյալի վանքը եղել է նախ կաթողիկոսանիստ, իսկ հետո եպիսկոպոսանիստ, իսկ վերջին դարերում նշանավոր էր իր հերոս հոգևորականներով, որոնք աչքի են ընկել օտար նվաճողների դեմ քաջ ու համարձակ, անզիջում պայքարով, ինչպես, օրինակ, Ավագ վարդապետը (ժողովուրդը նրան կոչում էր Դալի-Մահրասա՝ խենթ վարդապետ), որ դարձել էր օտար նվաճողների ահն ու սարսափը։ Վանական համալիրը հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր կենտրոններից էր և վայելում էր Արցախի մելիքների հոգածությունը։
VIII-IX դարերում Գեղարքունիք գավառի նշանավոր Մաքենյաց վանք են ներխուժում օտար հրոսակները, այրում ու ավերում են վանքի շինությունները, կողոպտում ու թալանում են հարստությունները։ Ողջ մնացած հոգևորականները տեղափոխվում և իրենց հոգևոր ծառայությունը շարունակում են Սուրբ Եղիշե Առաքյալի վանքում։
Հայ բանահյուսության մեջ պահպանվել են մի քանի ավանդապատումներ՝ կապված Եղիշե Առաքյալի վանքի հետ։ Պատմում են, որ երբ թագավորությունն սկսում է ձանձրացնել Վաչագան թագավորին, նա իր գահը հանձնում է Վահրամ որդուն և հասարակ մարդու շորեր հագած՝ գնում է աշխարհ տեսնելու։ Անցնում են տասնյակ տարիներ, իսկ Վաչագան արքայից ոչ մի լուր չի լինում։ Որդին՝ Վահրամը, գնում է հոր ետևից և Մատաղիս գյուղի մոտ հանդիպում է հորը՝ ցնցոտիների մեջ, տիկով ջուր կրելիս։ Վահրամն իսկույն ձիուց ցած է իջնում և խլում է հոր ձեռքից տիկը, սակայն Վաչագանը չի թողնում և շարունակում է իր գործը։ Երկար քաշքշուկից հետո տիկը պատռվում է, և ջուրը թափվում է գետնին։ Այդ նույն տեղից իսկույն աղբյուր է բխում։ Ասում են, որ Եղիշե Առաքյալի վանքը կառուցելու համար Վաչագանը ոչ թե հեռավոր աղբյուրից, այլ հենց այս աղբյուրից է ջուր կրում։
Մոտակայքում գտնվող Մատաղիս գյուղը (Մատաղիս նշանակում է մատղաշ, դալար այգի), ըստ մեզ հասած ավանդապատումների, կոչվել է Վաչագան Բարեպաշտի դստեր անունով։ Ժողովրդական ավանդապատումը Վաչագան թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է կապում նաև վանքի արևելյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը, ասում են, Անահիտի գերեզմանն է։
Արցախի Ջրաբերդ գավառի նշանավոր վանական համալիրների շարքում իր յուրօրինակ ու անկրկնելի տեղն ունի Եղիշե Առաքյալի վանքը, որտեղ գրվել, ծաղկազարդվել, ընդօրինակվել ու պահպանվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 1899 թվականին նշանավոր հայագետ, մշակութաբան, հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը (ծնունդով Արցախի Չարդախլու գյուղից) Եղիշե Առաքյալի վանքում գտնում է VII-VIII դարերի բուրվառներ և նվիրաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը։
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Սուրբ Եղիշե Առաքյալի վանքը հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ իր անմատչելի բնական դիրքն ու տեղադրությունը, միջավայրը համալիրը դարձնում են անառիկ խիտ անտառածածկի ու հսկա ժայռերի շնորհիվ։ Այժմ այն գտնվում է սահմանին շատ մոտ՝ չեզոք գոտում և ֆիզիկապես անմատչելի է։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Հոգևոր-մշակութային