ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Ռուսաստանը նավթամթերքների մատակարարումները վերաուղղել է Թուրքիա, Աֆրիկայի և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ներկայումս որոշվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ապագան։
Մեծ Բրիտանիայում պետական պարտքի չափը 1961 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է ՀՆԱ-ն։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո էներգամատակարարման շուկայում թանկացումների պատճառով երկրի կառավարությունը բնակչության էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման և աշխատավարձերի բարձրացման ծրագիր է գործարկել, ինչն էլ հանգեցրել է պետական հատվածի ծախսերի ավելացմանը:
Եվրամիությունը Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կհատկացնի առաջիկա տարիներին։ Իսկ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն մտադիր են Ուկրաինային ևս 1,6 մլրդ դոլար հատկացնել և վարկային երաշխիքներ տալ։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխման կարիք ունի, քանի որ այն արտացոլում է 1945 թ. աշխարհի ուժերի հաշվեկշիռը: Գրեթե 80 տարի անց շատ բան է փոխվել, և անհրաժեշտ է ձևավորել ավելի խոշոր ու ներկայացուցչական խորհուրդ՝ Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի պետությունների ձայներով:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ին Չինաստան է այցելել: Նա հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի և արտգործնախարար Ցին Գանի հետ: ԱՄՆ նախագահն այցի արդյունքներով վստահություն էր հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել: Սակայն ընդամենը մեկ օր անց Ջո Բայդենը Սի Ծինփինին անվանել է «բռնակալ»: Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել՝ ԱՄՆ նախագահի խոսքերն անվանելով անպատասխանատու և դիվանագիտական էթիկայի կանոններին հակասող:
Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում է վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը: Չինական ղեկավարությունը ԱՄՆ պետքարտուղարին հավաստիացրել է, որ ռազմական օգնություն չի տրամադրի Ռուսաստանին՝ Ուկրաինայի հակամարտության ընթացքում օգտագործելու համար: Այդ հավաստիացումներին հակասող տվյալներ ամերիկյան կողմը չունի։
Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներն Աստանայում քննարկել են սիրիա-թուրքական միջպետական հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն Ուկրաինային անհրաժեշտ զինամթերքի քանակությունն արտադրելու համար խիստ կարևոր ռեսուրսների կարիք ունի։
Եվրահանձնաժողովում էլ կարծում են, որ Ուկրաինան կարող է փոխարինել ՌԴ-ին տարատեսակ հումքի մատակարարման հարցում։ Ուկրաինան տնօրինում է Եվրոպային խիստ անհրաժեշտ 30 նյութերից 21-ին, նաև կարող է հանդես գալ որպես էներգիայի պահեստավորման եվրոպական կենտրոն՝ ունենալով Եվրոպայում գազի ստորգետնյա ամենամեծ պահեստարանները (33 մլրդ քառակուսի խորանարդ մետր)։
ԵՄ պաշտոնյաները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ, որով նախատեսվում է արտահանման սահմանափակումներ մտցնել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելուն օգնող երկրների համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, իր զագացմանը զուգընթաց, ավելի ու ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին։ Դրանք հակադրվում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով նրա փոխգործակցությունը միջազգային այլ կառույցների հետ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայության համար։
Թուրքիան Ռուսաստանի Դաշնության, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ քննարկում է երկրում երկրորդ և երրորդ ատոմակայանների կառուցման նախագծերը։ Թուրքական առաջին Աքքույու ատոմակայանը կառուցվել է Ռուսաստանի մասնակցությամբ, լիարժեք շահագործումը նախատեսված է 2024 թ.։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ խոսել է ուկրաինական բանակի հակահարձակման մասին, նշել, որ հակահարձակման ընթացքում որոշակի դադար է ուկրաինական բանակի լուրջ կորուստների պատճառով։ Տվյալ օրվա դրությամբ ռուսական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հակահարձակմանը ներգրավված 245 տանկ և մոտ 678 տարբեր տեսակի զրահամեքենա:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հիասթափություն է հայտնել իր երկրին ռազմական օգնություն տրամադրելու հարցում Իսրայելի մերժողական կեցվածքի կապակցությամբ։ Նա նշել է, որ երկիրը հույս ունի ձեռք բերել իսրայելական տեխնոլոգիաներ՝ Ռուսաստանի կողմից կիրառվող իրանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար: Երմակի խոսքով՝ Ռուսաստանի եւ Իսրայելի թշնամի Իրանի միջեւ զենքի գործարքները Իսրայելին պետք է դրդեն միանալու պայքարին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրատեսական է համարում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք օգտագործի։
Ռուսաստանն Ուկրաինայում առաջին անգամ կիրառել է «Պրիվետ-82» կամիկաձե ԱԹՍ։
Անօդաչուն սկզբում թռչում է ռադիոլռության ռեժիմով՝ բացառելով հակառակորդի ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցների կողմից վաղ հայտնաբերվելը։ Թռիչքի երկարությունը մինչև 30 կմ է, արագությունը՝ մինչև 140 կմ/ժ։ Օգտակար մարտական բեռնվածքը 5,5 կգ է։
Աֆրիկյան մի քանի երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինին եւ Վլադիմիր Զելենսկուն ներկայացրել են 10 կետից բաղկացած խաղաղության նախաձեռնություն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը չի կարող հավերժ շարունակվել, և ստեղծված իրավիճակի պատճառով աֆրիկյան մայրցամաքը մեծ վնասներ է կրում տնտեսության ոլորտում՝ բարձրացել են էներգակիրների, պարարտանյութերի, պարենային ապրանքների գները:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտպանական ձեռնարկություններից մեկում ստուգայցի ժամանակ հանձնարարել է ընդլայնել տանկերի եւ ծանր կրականետ համակարգերի թողարկման արտադրական հզորությունները և խստորեն հետևել պետական պաշտպանական պատվերի կատարման ժամանակացույցին։
Չինացի և ռուս զինվորականները 2019 թվականից ի վեր վեցերորդ ռազմավարական համատեղ օդային պարեկությունն են իրականացրել՝ կատարելագործելով երկու երկրների ռազմաօդային ուժերի համակարգումը։
Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատժամիջոցներ մտցնելուց հետո Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունները 2 տրիլիոն դոլարի չափով գործունեության դաշտ են ազատել, և ռուսական բիզնեսն ավելի հաճախ է խնդրում արտասահմանյան ընկերություններին հետ չթողնել։
Պուտինի գնահատմամբ՝ աշխարհում փոփոխությունները կրում են խորքային եւ անշրջելի բնույթ։
Ռուսաստանի եւ Չինաստանի միջև առևտրի հաշվարկների մոտ 80 տոկոսը կատարվում է ռուբլով եւ յուանով, ԵԱՏՄ-ում հաշվարկների մոտ 90 տոկոսը կատարվում է ռուբլով։
Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցրել է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը:
Իրանի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ անցյալ տարի Իրանում անկարգությունների կազմակերպմանը մասնակցել են 20 երկրների հատուկ ծառայություններ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններում ցանկացած ժամանակավոր պայմանավորվածության։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի. «Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, մեզ չէին կարող կանգնեցնել։ Մենք կարող ենք արտադրել այն, սակայն չենք անում իսլամի նկատառումներով»։
Ռուսաստանը եւ Իրանը հնարավոր է ստեղծեն գազի արդյունահանման և առևտրի համատեղ կազմակերպություն նավթային ՕՊԵԿ-ի նմանությամբ։ Երկու պետություններն ունեն աշխարհում գազի ամենամեծ պաշարները։
Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ «Alpan-2023» զորավարժություններ են անցկացնում։
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգ ստեղծելու նախագծի մասին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիան մեզ համար լավ հարևան լինի»։
Թուրքիայի հարավ-արևելքում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որի պաշարները նախնական տվյալներով շուրջ հինգ անգամ գերազանցում են երկրի ամենամեծ հանքավայրի պաշարները։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Տարածաշրջան