ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Կրտսեր հրամանատար-կապավորների նոր հերթափոխը ավարտական քննություններով ամփոփեց ուսումնական կիսամյակը։ Մի քանի ամսում նրանք սովորել են օգտվել կապի տարբեր միջոցներից, ռադիոկայաններից, սերտել դրանց առանձնահատկությունները և լիովին պատրաստ են սովորածը կիրառել գործնականում ցանկացած առաջադրանք կատարելիս։
-Բարձր տրամադրությամբ եմ մեկնում զորքեր՝ հետագա ծառայությունս շարունակելու,- ասում է կրտսեր սերժանտ Զաքարյանը:
Աներկբա է, որ առանց հուսալի կապի և հմուտ կապավորի ցանկացած ռազմական գործողություն մատնված է անհաջողության։ Ապագա կրտսեր հրամանատարները ուսումնառության ամիսներին բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ են վերաբերվել մասնագիտական առարկաներին, և այժմ եկել է սովորածը գործնականում կիրառելու ժամանակը:
-Մարտավարամասնագիտական պատրաստության հետ մեկտեղ, պետք է լինել նաև ֆիզիկապես կոփված, ճկուն ու դիմացկուն,- ասում է քննությունները գերազանց հանձնած կրտսեր սերժանտ Վանիկ Տերյանը:
Քննաշրջանը ակտիվացավ նաև վարժադաշտում, որտեղ կրտսեր հրամանատարների հերթափոխը մարտավարության ու կրակային պատրաստության չափորոշիչներ էր հանձնում։
Ապագա կրտսեր հրամանատարներ՝ Վիգեն Հովհաննիսյանը, Հովհաննես Երիկյանը, Հարություն Ենգոյանը, Ալեն Հարությունյանը կրակային պատրաստությունից փայլուն արդյունքներ ցույց տվեցին:
Ուսումնական առաջադրանքները տարբեր են, սակայն գերազանց գնահատական ստանալու գլխավոր նախապայմանը մեկն է. պետք է գործել արագ ու անսխալ՝ պահպանելով տվյալ նորմացույցի պահանջները:
-Ավարտական քննությունների ընդհանուր արդյունքներից գոհ մնացին նաև սպաները: Անձնակազմը զինված է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով՝ պատրաստ մեկնելու հիմնական զորամասեր,- մեզ հետ զրույցում ասաց ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Վարդանյանը:
Քննական արդյունքների բարձր նշաձողով էլ կրտսեր հրամանատարների նոր հերթափոխն ամփոփեց ժամկետային ծառայության այս փուլը: Տղաները վստահեցրին, որ նույն ոգով, ջանասիրությամբ ու նվիրումով շարունակելու են ծառայությունը զորքերում՝ իրենց ներդրումը ունենալով բանակի մարտունակության ամրապնդման գործում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱ
ՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ազգային բանակ