ՀՈՒՆԻՍԻ 26-Ը ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՕՐՆ Է
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվեցին հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական գործողություններին զուգընթաց` պետության և ազգային բանակի համար բեկումնային ժամանակներում:
1992 թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվեց ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: 1992 թ.-ին պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն անջատվեց ՀՕՊ վարչությունից և դարձավ առանձին կառույց, ստեղծվեցին առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումներով իրականացնում է առաջադրված խնդիրները:
1992 թ.-ին պաշտպանության նախարարությանը փոխանցված ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի և «Արզնի» օդանավակայանի վերակազմավորմամբ 1993 թ.-ի ապրիլին հիմնվեց ՀՀ առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: 2001 թ.-ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005 թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց, բացի ավիատորներից, կրթելու նաև կապի և ՀՕՊ մասնագետների: 2016 թ.-ին ռազմաուսումնական հաստատությունը ստացավ համալսարանի կարգավիճակ:
Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ:
Ռազմական օդաչուներն այսօր կատարում են ամենատարբեր առաջադրանքներ` ցամաքային զորքերի կրակային աջակցում, անձնակազմի և բեռների տեղափոխում, ՀՕՊ ստուգողական, ուսումնամարզական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, որոնողական-փրկարարական աշխատանքների իրականացում:
ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մասնագետները մշտապես հաջողությամբ համագործակցում և վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Հավաքական անվտանգության պայմանագրի և այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի ու զորավարժությունների շրջանակներում։
ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, հարկ եղած դեպքում, ցանկացած պահի, իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:
Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ազգային բանակ