Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ«Զինուժ մեդիայի» ստեղծագործական խումբն օրերս այցելեց հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ մեր դիրքապահները մարտական հերթապահություն են իրականացնում շուրջօրյա ռեժիմով, բարձր զգոնությամբ և անմնացորդ նվիրումով: Այս անգամ մեզ հետ առաջնագիծ էինք տարել դպրոցականների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպաններին, մեր հայրենիքի սահմանները գիշերուզօր հսկող քաջարի դիրքապահներին: Եվ գետնատնակում, մարտական հերթափոխից ազատ դիրքապահները կարդացին այդ սրտառուչ ու ոգևորող նամակները, որոնցում ամփոփված մեծ հավատ կար զինվորի ուժի, կամքի ու նվիրումի հանդեպ։

-Բարև, իմ սիրելի՛ զինվոր: Քեզ գրում է Արմեն Առաքելյանը: Ես գիտեմ, որ դու այս պահին սահմանում ես, պաշտպանում ես մեզ, որ մենք խաղաղ ապրենք: Ես շատ հպարտ եմ քեզնով: Միայն մի բան եմ խնդրում՝ վերադարձիր առողջ և անփորձանք, որպեսզի շենացնես քո հայրենի տունը: Աստված քեզ պահապան:

-Բարև, իմ քա՛ջ զինվոր: Ես Անին եմ: Սովորում եմ Արարատի մարզի Այգավան գյուղի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում: Գառնիկ Ղուկասյանը զոհվել է՝ պաշտպանելով մեր Հայրենիքը: Ես շատ եմ ուզում, որ այլևս պատերազմ չլինի, և մեր քաջ զինվորները ողջ-առողջ վերադառնան տուն:

-Բարև, զինվո՛ր ջան: Ես Արսեն Մխիթարյանն եմ: Ես շատ եմ հետաքրքրվում ֆուտբոլով: Նամակս կարդացող զինվորին խնդրում եմ, որ նա պատասխանի նամակիս, գրի իր մասին, իր ծառայության և ընկերների մասին:

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԵրրորդ դասարանցի Արսենի նամակը կարդաց շարքային Սամվել Մելոյանը։

Մինչ վերջինս կկատարեր Արսենի խնդրանքը, մենք էլ Արսենին ու իր համադասարանցիներին առավել պատկերավոր կպատմենք տղաների մասին։

Փոքրիկների նամակները կարդալիս հասկանում ես, որ մարտական հերթափոխը դիրքերում չէ միայն: Մենք հերթափոխում ենք դեռ անհիշելի ժամանակներից, սերնդեսերունդ, և այդ հերթափոխի մեծ շրջապտույտում մի օր էլ նրանց հերթն է գալու, իսկ առայժմ զինվորական ծառայության մասին նրանք պատկերացումներ կկազմեն դիրքապահների պատասխան նամակները կարդալիս:

Առաջնագծում գնդացրորդ Սամվելը, Գառնիկը, Վահանը, Գևորգը, յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն ունի։

Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ալիկ Բաբայանի հետ շրջեցինք առաջնագծում, դիրքից դիրք անցանք: Հրամանատարի տեղակալը հենակետերում իրականացվող ինժեներական, ամրաշինական  աշխատանքների ընթացքին ծանոթացրեց:

-Ամրաշինական կառույցները ոչ միայն կարևոր են մարտական հերթապահության բարեհաջող իրականացման համար, այլև իրենց հագեցվածությամբ ու կահավորվածությամբ անհրաժեշտության դեպքում նպաստավոր պայմաններ կապահովեն ցանկացած մարտական խնդիր կատարելու առումով,- վստահեցրեց նա:

Ժամկետային զինծառայող, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Աղայանը, որը շուտով կզորացրվի, ծառայության ողջ ընթացքում փորձել է իր մասնագիտական գիտելիքներով ու կարողություններով հնարավորինս օգտակար լինել ծառայությանը, ընկերներին։ Ամենակարևորը, որ հասկացել է՝ ծառայության երկու տարիների ընթացքում մտքի, ուժի և կամքի ներդաշնակումն է: Նա զինվորական գործն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու հնարավորություն է ունեցել նաև որպես մաթեմատիկոս, իսկ զորացրվելուց հետո արդեն հստակ որոշել է՝ ինչով է զբաղվելու, մանրամասնել չցանկացավ:

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-Բայց, որ բանակի հետ կապս չի ընդհատվելու, հաստատ է,- ասում է Գառնիկը:

Մինչ զինվորները կպատրաստվեն հաջորդ հերթափոխին, տպավորված դպրոցականների՝ դիրքապահներին հասցեագրված նամակներից, զրուցում ենք զորամասի գնդերեց Ջանիկ սարկավագի հետ։ Հոգևոր սպասավորը, որ առավել հաճախ առաջնագծում է լինում, Ազգ-Հայրենիք-Պետականություն եռամիության շուրջ իր մեկնություններն ունի, և այդ ամենը միահյուսվում են առաջնագծի ու զինվորի շուրջ։

-Հայրենիքի սահմանին առ Աստված հնչեցված աղոթքն առավել զորավոր է, հոգևոր օրհնությունը, միահյուսված հայրենյաց պաշտպանների մեծ կամքին, նորոգիչ մեծ ուժ է դառնում,- ասում է հոգեւոր սպասավորը:

ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԳուցե սա  լինելիության շատ պարզ ու միևնույն ժամանակ խիստ բարդ բանաձևումն է։ Առաջին հերթին, ինքնահաստատման մեծ ճանապարհը, դիրքապահ Մելոյանը Արսենին պատգամում է անցնել նախ փոքրիկ քայլերով։

«Զինուժ մեդիայի» ստեղծագործական խմբի ու N դիրքի գնդացրորդ Սամվել Մելոյանի կողմից ֆուտբոլ խաղալ շատ սիրող փոքրիկ Արսենին պատասխան նամակն ու դիրքապահ զինվորի  ստորագրությամբ ֆուտբոլի գնդակ փոխանցեցինք, համոզված, որ այդ գնդակով խաղալիս նա անպայման հաղթելու է:

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #25 (1490) 28.06.2023 - 04.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/07/2023