Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ԹԱԼԻՇ



ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ԹԱԼԻՇԹալիշն Արցախի հյուսիսային դարպասն է, ամենամեծ գյուղերից մեկը։ Իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել է, սակայն ամեն անգամ վերականգնվել է նվիրյալ թալիշցիների շնորհիվ։

Թալիշը եղել է Գյուլիստանի մելիքության իշխանանիստ կենտրոնը։ Որոշ աղբյուրներում Մեծ Հայքի Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառը հիշատակվում է նաև Թալիշ անունով։

Առաջին հիշատակությունը Թալիշ գյուղի մասին մեզ փոխանցում է Մովսես Կաղանկատվացին։ Նա իր «Պատմության» մեջ հիշատակում է Հոռեկա (Ուռեկա) ավանի մասին, որը Թալիշի անվանումներից մեկն է։

Գյուղը հիմնադրել է 401 թվականին Ուտիք գավառի Նիժ գյուղի Թարիջ իշխանը։ Նա իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում տարածքում գտնվող Հոռեկա վանքի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Պարտավի թագավորների ամառանոցն էր։ Թարիջ իշխանի հրամանով այդ օրը հայտարարվում է գյուղի վերածննդի օր։ Նախկին բնակավայրը լքել էին օտար նվաճողների ջարդարարության պատճառով, և գյուղից միայն ավերակներն էին մնացել։ Յուրաքանչյուր տարի Հոռի (սեպտեմբեր) ամսվա այդ օրը որոշում են նշել որպես գյուղի վերականգնման ու վերածաղկման օր։ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց V դարից։ Հոռի ամսվա անունից մոտակա վանքը, որ Գլխովանք էր կոչվում, վերանվանվում է Հոռեկա վանք։

Գյուղը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր անվանումներ՝ Թառիջ, Թարիջ, Թբլեցիք, Հոռեկ։ Հոռեկավան անվանումը պահպանվել է մինչև 1809 թվականը, երբ Բոլնիսից վերադառնում են բնիկ թալիշեցիները և վերականգնում ու նոր կյանք են պարգևում ավերված բնակավայրին։

1822 թվականին Մելիք Ֆրիդոնի չորրորդ զավակի՝ Մելիք Թալիշի կամ Թալիշ բեկի անունով գյուղն անվանակոչվում է Թալիշ։

Գյուղի մասին հետաքրքիր մանրամասներ է պատմում մեծանուն վիպասան Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» գրքում. «Բոլորովին մութ էր, երբ հասա Թալիշ գյուղ և իջևանեցի տեղացի յուզբաշու տանը։ Այդ գյուղը, որպես վերևում հիշեցի, հիմնել են հին թալիշեցիք, երբ նրանք վերադարձան գաղթականությունից։ Իրենց ննջեցյալները թաղում են Հին Թալիշում, Հոռեկի եկեղեցու շրջակայքում»։

Հոռեկա վանքի տարածքում Րաֆֆին կարողանում է գտնել Թալիշի մելիքների գերեզմանները։ Եվ լսելով Թալիշում պահվող մի հրաշագործ Ավետարանի մասին՝ որոշում է անպայման գտնել այդ Սուրբ Գիրքը։

«Մյուս օրն ինձ ասացին, որ այստեղ մի մարդու տանը մի սուրբ գիրք կա, որով բժշկություններ են լինում։ Իսկույն հասկացա, որ Ավետարան կլինի։ Ինձ այնքան չէր հետաքրքրում գրքի հրաշագործությունը, որքան այն միտքը, թե կարելի է նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել»։

Թալիշը բնիկ հայկական բնակավայր է՝ բազմաշերտ հայկական մշակույթով։ Այստեղ են գտնվում Հոռեկա վանքը (Գլխո վանք), Շիրախան գյուղատեղին, Մելիք Բեգլարյանների ամրոցն ու մելիքական ապարանքը, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հին Հոռեկ գյուղի ավերակները, 25-ից ավելի պատմամշակութային հուշարձան։

Թալիշ գյուղը նշանավոր է թերևս գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող Հոռեկա վանքով։ Ըստ եկեղեցու մուտքի բարավորին արված արձանագրության՝ եկեղեցին կառուցել է Հովհաննեսը 1279 թ., իսկ գավիթը՝ 1284 թ.։ Մովսես Կաղանկատվացին իր «Պատմության» մեջ անդրադառնում է նաև Հոռեկա վանքին։ Ըստ «Պատմության»՝ Սուրբ Եղիշե Առաքյալի նահատակության վայրում տարիներ անց հրաշքով հայտնվում են նրա մասունքները։ Ուռեկան գյուղի Ստեփանոս քահանան վերցնում է սրբի գլուխը և բերում է իր հայրենի գյուղ, ամփոփում է այստեղ։ Հետագայում այստեղ են բերվում սրբի մյուս մասունքները, որոնք հետո տեղափոխվում և ամփոփվում են Ներս-Միհրի միաբանությունում (Սուրբ Եղիշե Առաքյալի վանքում)։ Փաստորեն, Սրբի գլուխն այդպես մնում է Ուռեկան-Հոռեկում կառուցված մասունքարան եկեղեցում, որի համար էլ վանքը հնում կոչվում էր Գլխո վանք։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ԹԱԼԻՇՀոռեկա վանքն զբաղեցնում է ընդարձակ տարածություն՝ բաղկացած եկեղեցուց, գավթից, զանգակատնից, արևմտյան կողմում գտնվող միաբանների սենյակներից և տապանատնից։ Վանքի գավթում են ամփոփված ժամանակի ամենանշանավոր հոգևորականներն ու մելիքները։ Ամենահինը Գյուլիստանի Մելիք Բեգլարյան տոհմի հիմնադիր Մելիք Աբովի տապանաքարն է՝ 1632 թվագրությամբ։ Վանքից արևմուտք կիսավեր վիճակում պահպանվել էր թաղակապ հյուրատունը՝ ուխտի եկած հավատացյալների համար։

Հոռեկա վանքից 100-150 մ հեռավորության վրա է գտնվում Թալիշ գյուղի մյուս նշանավոր հուշարձանը՝ Մելիք Բեգլարյանների ապարանքը։ Պահպանվել են Մելիք Բեգլարյանների երկու ապարանքների ավերակները, որոնցից առաջինը կառուցվել է վանքի դիմաց՝ դարավանդի վրա, իսկ երկրորդը՝ Հոռեկավանքի հյուսիսային լանջին։ Ապարանքի կառուցումը վերագրվում է Մելիք Բեգլար Ա-ի որդիներին՝ Մելիք Աբով Բ-ին և Մելիք Թամրազին։ Ըստ ապարանքի հյուսիսային մուտքի արձանագրության՝ մելիքական ապարանքը կառուցվել է 1701 թվականին. «Յիշատակ է Ոհան բարուն. տէրին Մէլիք Թամրազ»։ ՌՃԾ (1701)։ Արձանագրությունը փաստում է, որ Մելիք Թամրազը թողնում է այս ապարանքը ի հիշատակ տեր Օհանի՝ Հոռեկա վանքի վանահոր և ժամանակի ազգային-ազատագրական պայքարի ոգեշնչող մասնակցի։

Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» գրքում անդրադարձել է նաև Մելիք Բեգլարյանների իշխանական ամրոց ապարանքին. «Պալատը շինված է ամբողջապես սպիտակ քարից։ Հոռեկի բլուրի ստորոտում գտնվում է բուն պալատը, ամբողջությունը քառակուսի ձև ունի. շրջապատի չորս անկյունները ամրացված են չորս աշտարակներով։ Սենյակների առաստաղը կամարակապ է և գմբեթի գագաթին բոլորաձև երդիկ է բացված, որտեղից լույս է թափվում»:

Մելիք Բեգլարյանների իշխանական ապարանքն ունեցել է պաշտպանական մեծ նշանակություն՝ որպես ամուր հենակետ ու զորակայան հսկելով մելիքության սահմանները, միաժամանակ վտանգի պահերին ապահով ապաստան դառնալով շրջակա գյուղերի բնակչության համար։

1988 թվականին, երբ սկսվում է Արցախյան շարժումը, լեռնաշխարհի բոլոր սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ Թալիշում, ստեղծվում են ինքնապաշտպանական ջոկատներ՝ պաշտպանելու պապերից ժառանգած հողն ու ջուրը։ 1994 թվականին գյուղն ազատագրվում է։

2016 թվականին նորից Թալիշ գյուղը հայտնվում է քառօրյա մարտական գործողությունների կիզակետում, ամենամեծ ավերածությունները կրում։ Ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ավերում է հայկական բնօրրանը, բայց հայ զինվորը կրկին ազատագրում ու շենացնում է գյուղը։

2020 թ. հոկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերը բռնազավթում են Թալիշ գյուղը։ Բոլոր պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք հայտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, մնում է անհայտ։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Հոգևոր-մշակութային


10/07/2023