Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»



«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»Հունիսի 28-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «ՀԱՅԱՍՏԱՆ. սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերան։ Կինոթատրոնի առջև փռված կարմիր գորգին ֆիլմի հեղինակը՝ ամերիկացի ռազմական լրագրող Չաք Հոլթոնն ու իր ընտանիքն էր, ֆիլմի կայացմանն այս կամ այն կերպ մասնակցություն ունեցած անձինք։ Կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր։ Ֆիլմը մեծ ջերմությամբ ու երախտագիտությամբ ընդունվեց հայ հանդիսատեսի կողմից։

 

Չաք Հոլթոնի՝ «Թեժ գոտի» ամենօրյա համառոտ նորությունների ալիքը ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձությունները՝ պատերազմներն ու աղետները։ Նախկինում զինվորական, այժմ՝ պատերազմի ամենափորձառու անկախ թղթակիցներից մեկը, որ նաև արկածների սիրահար է, Չաք Հոլթոնը շրջում է աշխարհով մեկ, մուտք է գործում ճգնաժամային, պատերազմական իրավիճակում գտնվող շրջանները, լուսաբանում է, հեռարձակում  և փորձում օգտակար լինել  տուժյալներին։ Նրա ռեպորտաժներն աշխարհին են ներկայացնում  խնդիրը, մարդկանց վիճակը և հնարավորություն են ստեղծում, որ սրտացավ մարդիկ իրենց օգնությունը  ցուցաբերեն։

Մեր առաջին հարցազրույցը Չաք Հոլթոնի հետ կայացավ 2021 թ-ին, երբ նա արդեն իսկ անցել էր 44-օրյա պատերազմով, տեսել և վավերագրել էր դրա հետևանքները և արդեն որերորդ անգամ Հայաստանում էր։ Այն շրջանն էր, երբ ծնվում էր նրա վավերագրական ֆիլմի երկրորդ մասի պատմությունը…

«Հայաստան. սիրո պատմություն» ֆիլմի առաջին մասում անդրադարձ կա  Հայաստանի պատմությանը, որի միջոցով Չաքին հաջողվել է թեթև ու ընկալելի պատկերների ու տեղեկությունների միջոցով ներկայացնել հազարամյակների պատմություն ունեցող և քրիստոնեական հսկայական ժառանգությունը կրող  մեր երկիրը, որի մասին Չաքը մինչև այստեղ գալը միայն լսել էր, բայց անգամ տեղը չգիտեր։ Իսկ գալուց և ուսումնասիրելուց հետո, իր իսկ խոսքերով, սիրահարվել է. «Բիբլիական Արարատի ստորոտին ծվարած Հայաստանը կրում է այս հիասքանչ պատմական ժառանգությունը, որ համայն աշխարհի վրա չափազանց մեծ ազդեցություն ունի։ Այս երկիրը մեկ անգամ տեսնելուց հետո հավերժ կմնա ձեզ հետ»,- ասվում է ֆիլմի նախաբանում։

«Ինձ զանգահարեց մի հայ կին՝ Աննա Աստվածատրյան-Թերքոթը,- պատմում է Չաքը ֆիլմում,- որն ինձ մի փոքր պատմեց այս հակամարտության մասին, և ես հասկացա, որ իսկապես սա մի բան է, որին ես պետք է անպայման ներկա լինեմ, իմ աչքերով տեսնեմ ամեն ինչ»։

…Արցախ տանող ճանապարհը բավականին սարսափազդու է եղել անգամ ռազմական հարուստ փորձառություն ունեցող նախկին զինվորականի համար, քանի որ գլխավոր ճանապարհի շուրջ թեժ մարտեր էին ընթանում։ Անվնաս Արցախ հասնելը Չաքը հրաշք էր համարել։ Վերջապես հասել  էին Ստեփանակերտ, և նրա՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում քաղաքը գնդակոծվել ու հրթիռակոծվել էր։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»«Երբեմն արկերը մոտ են պայթում, երբեմն՝ հեռու, երբեմն դրանց մասին զգուշացնող ազդանշան լինում է, երբեմն՝ ոչ,- էկրանից գնդակոծվող քաղաքից մեկնաբանում է Չաքը,- երբեմն դա կարող է հրետանու արկ լինել, երբեմն՝ հսկայական հրթիռներ։ Ես տեսել եմ, թե ինչ հետևանքներ են թողնում այդ հրթիռները, և եթե դրանցից մեկն ընկնի մոտիկ մի տեղ, մարմինը պաշտպանող ոչ մի սպառազինություն, անգամ աշխարհում որևէ բետոնե պատ չի կարող պաշտպանել քեզ։ Այդ հրթիռներն իսկապես հսկայական են։ Սա, իրոք, հյուծում է։ Ադրբեջանը բառացիորեն պատահականության սկզբունքով հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաքը։ Ադրբեջանցիները որևէ ռազմական օբյեկտ չեն թիրախավորում, հատուկ թիրախավորում են հենց քաղաքացիական օբյեկտները։ Բնակչության մի մասը լքել է քաղաքը, բայց տասնյակ հազարավոր մարդիկ դեռևս գտնվում են այստեղ՝ այս հսկայական վտանգի մեջ»։

Ռազմական լրագրողն արել է այրվող Ստեփանակերտի՝ այդ օրերի բազմաթիվ փաստագրություններ, որոնք արտացոլված են ֆիլմում։  Չաք Հոլթոնը մանրամասն ներկայացնում է՝ ինչ զենք կիրառվեց, ցույց է տալիս դրա գործած վնասները՝ կասետային ռումբերի հազարավոր փոքրիկ արկերով խոցոտված մեքենաներ, հրթիռների և արկերի  պայթյուններից հիմնովին փլուզված շինություններ, զրուցում է տուժածների հետ։ «Նրանց ռազմավարությունը հեշտ է հասկանալ,- մեկնաբանում է Չաքը,- նրանք փորձում էին այստեղ ապրող մարդկանց կյանքն այնքան անտանելի, վտանգավոր ու մահացու դարձնել, որ վերջիններս պարզապես հավաքեն իրերն ու հեռանան քաղաքից, որից հետո Ադրբեջանը կկարողանար անարգել մտնել ու քաղաքն առանց կռվի վերցնել»։

«Չէի կարողանում հավատալ այն դաժանությանը, որ անձրևի պես թափվում էր հայերի գլխին,- ասում է Չաքը,- այնքան շատ մահ ու ավեր կար շուրջբոլորը. շատ մարդ զոհվեց, շատերն էլ մնացին անտուն»…

Պատերազմից հետո ծագեց իր նկարահանած վավերագիր նյութերը ֆիլմով ներկայացնելու գաղափարը: Չաքը որոշել էր, որ այս պատերազմի մասին պետք է պատմի իր դուստր Էյմիի և նրա ընկեր Մարկի հայացքով։ Նրանց հետ երկրորդ անգամ էր այցելել Արցախ։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»«Մինչև վերջերս ոչինչ չգիտեի այս ամենի մասին: Սովորական մի պատանի էի, որն ավագ դպրոց է գնում, հետաքրքրվում է իր գնահատականներով, սպորտով և ընկերների հետ հանդիպումներով,-ասում է Մարկը, որ ֆիլմի կենտրոնական հերոսներից մեկն է: -Գաղափար անգամ չունեի, թե ինչ ազդեցություն է թողնելու Հայաստանն իմ և ընկերներիս վրա։ Չգիտեի, թե ինչ արկածներ են ինձ սպասում հազարավոր մղոններ հեռու… Սա մի սիրո պատմություն է, բայց ոչ այն սիրո, որ կարող եք պատկերացնել,  այլ այն մասին, թե ինչպես ես սիրահարվեցի Ասիայում գտնվող մի փոքրիկ երկրի։ Եվ թե ինչպես  պատերազմի ողբերգությունը  պատճառ դարձավ  ինչ-որ… դե, ինչ-որ հրաշալի՜ մի բանի…»։

Արցախում նույն փլուզված վայրերով են անցել, որտեղ եղել էր Չաքը պատերազմի ամենաթեժ օրերին։ Տեսել են 83-ամյա Ռոզա մայրիկին, որի տունն ամբողջովին ռումբը գետնին էր հավասարեցրել ՝ բացի այն պատից, որի տակ քնած է եղել ինքը։ Ամեն ինչ կորցրած տատիկի հյուրասիրությունը՝ սուրճը, հրաժեշտի պահին նրա ուղարկած համբույրները, անջնջելի հետք  են թողել երիտասարդների սրտում։

Ֆիլմը, ինչպես և Չաքը հանդիսատեսին խոստացել էր դիտումից առաջ, «երջանիկ ավարտ» ունի: Դա նրա որդու՝ Նաթանի և հայուհի Ռուբինայի պատահական հանդիպումից ծնված սիրո պատմությունն է՝ հարսանիքը, որը լույս և հույս է սփռում պատերազմի մղձավանջային պատկերներից հետո։

«Հայաստան. սիրո պատմությունը» Չաք Հոլթոնի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, բայց արդեն իսկ հաղթարշավում է. միջազգային տարբեր փառատոներում   վեց մրցանակ է շահել՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

«2020 թ-ի հոկտեմբերին ես առաջին անգամ լսեցի Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին,- ասում է Չաք Հոլթոնը,- մինչև այդ միայն լսել էի Հայաստանի մասին։ Շատերն ԱՄՆ-ում, ցավոք, այսօր էլ  չգիտեն, թե որտեղ է այն գտնվում։ Այս ֆիլմն իրականում ստեղծվել է Ամերիկայի և ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար, որպեսզի բարձրացնենք Հայաստանի մասին իրազեկվածությունը: Հուսով եմ՝ մեծ լսարան կապահովենք ամբողջ աշխարհում և շատ զբոսաշրջիկներ կբերենք այստեղ։ Արդեն իսկ շատ խմբեր մեծ ոգևորությամբ այցելել են Հայաստան։ Այս ֆիլմի ստեղծման ընթացքում մտերիմ ընկերներ ենք դարձել ֆիլմի երաժշտության հեղինակ, պուերտոռիկացի-ամերիկացի հանրահայտ երգիչ, երգահան Դենիել Դեքերի հետ: Շատ ուրախացա, երբ իմացա, որ այս առաջնադիտմանը նա Երևանում է լինելու և կենդանի հնչողությամբ կատարելու է Հասմիկ Հախվերդյանի հեղինակած և ֆիլմում հնչող «Իմ Արցախ» երգը»։

Դենիել Դեքերն առաջին անգամ 2001 թվականին է Հայաստան այցելել, Արա Գևորգյանի հետ Սարդարապատում կատարել է «Մուշ» երգը։ Իսկ 2005 թ-ին՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ, կատարել «Ադանա»-ն։  Դեքերը Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշանակիր է, արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։ Ֆիլմի դիտումից հետո փոքրիկ ճեպազրույց ունեցա նաև նրա հետ։

-Դուք միշտ նշում եք, որ շատ եք սիրում Հայաստանը։ Հատկապես ի՞նչն է Ձեզ այստեղ գրավում։

-Հայաստանում այնքա՜ն շատ սիրելու բան կա՝ հարուստ պատմությունը, երաժշտությունը, քրիստոնեական յուրահատուկ մշակույթը, հիասքանչ մարդիկ։ Ես արդեն երեսուներեքերորդ անգամ եմ գալիս այստեղ։ Այնքան սիրեցի այս երկիրը, որ նաև Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել։ Սիրում եմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ, և այն զգում եմ իմ սրտում։

-Ի՞նչ կասեք «Հայաստան. սիրո պատմություն» ֆիլմի և նրանում Ձեր մասնակցության մասին։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»-Իսկապես շատ հպարտ եմ այս չափազանց կարևոր վավերագրական ֆիլմի մասը լինելու համար։ Սա զարմանալի մի ֆիլմ է, և ինչպես Չաք Հոլթոնն է ասում. «Այն Հայաստանի մասին աշխարհով մեկ ազգությամբ ոչ հայերին պատմելու շատ բան ունի»։ 2020 թ-ի պատերազմի ընթացքում ես Հայաստանում էի, որպեսզի հայերի կողքին լինեի։ Չաք Հոլթոնը և ես այդ ժամանակ հանդիպեցինք: Ո՛չ Չաքը, ո՛չ ես Հայաստանում չենք ծնվել, բայց սիրահարված ենք այս զարմանահրաշ երկրին։

Դիտումից հետո զրուցեցի նաև Ռուբինայի և Նաթանի հետ։ Այն հարցին, թե Հայաստան գալուց հետո ի՞նչն է նրա համար ամենատպավորիչը եղել, ինչի՞ հետ է զուգորդվում Հայաստանը նրա հոգում, Նաթանը հայացքով ցույց տվեց Ռուբինային ու առանց մտածելու պատասխանեց. «Նրա»։

-Զվարճալի է,- ասում է Ռուբինան ժպիտով,- ֆիլմը դիտելուց հետո մոտենում են ու հարցնում՝ ես ու Նաթանն իրո՞ք ամուսնացած ենք, թե՞ պարզապես ֆիլմի դերակատարներ ենք։ Ես ասում եմ՝ այո՛, ամուսնացած ենք ու շատ երջանիկ ենք։

Նաթանի հետ մենք հանդիպել ենք Լոռվա մարզում՝ «Գնթունիքում»։ Հետաքրքիրն այն է, որ  ընկերներս ասում էին, թե ամուսնանալուս ժամանակն է, արդեն 21 տարեկան եմ։ Ու հենց այդ պահին «Գնթունիք» մտավ Հոլթոնի նկարահանող թիմը, որի մեջ էր կովբոյի գլխարկով Նաթանը։ Ես միայն նրա գլխարկը տեսա, դեմքը չտեսա ու կատակեցի, ասացի այդ պահին մտքովս անցած ամենաանհավանական բանը. «Ըհը՛, հենց այս կովբոյի հետ էլ կամուսնանամ»։ Մեր հանդիպման «մեղավորը» Չաքի դստեր՝ Էյմիի ընկերը՝ Մարկն էր, որին տեսա, երբ ինքը պաղպաղակ էր գնում, ես էլ՝ սուրճ։ Նրան օգնեցի, որ վաճառողուհու հետ հասկանան իրար, թարգմանեցի։ Նա շատ ոգևորվեց, ուրախացավ, որ ես լավ անգլերեն եմ խոսում: Ես գաղափար անգամ չունեի, որ դրանից հետո ինձ մոտենալու համարձակության մասին խոսակցություն է գնացել, որի մասին Մարկը պատմում է ֆիլմում։ Առաջինը Չաքը մոտեցավ մեր սեղանին, սկսեց խոսել մեզ հետ, հետո Մարկը մոտեցավ ու իմ Ինստագրամը խնդրեց։ Հետո Մարկն ու Նաթանը ինձ սկսեցին Ինստագրամում հետևել։ Ես զարմացա, երբ տեսա, որ այն նույն կովբոյի գլխարկով տղան էր Մարկի հետ։ Ու հասկացա, որ Հոլթոնի հետ ինչ-որ կապ պետք է ունենա, քանի որ նույն ազգանունն են կրում։ Որոշ ժամանակ անց գրեցի Նաթանին. ուզում էի իմանալ՝ բարեհաջող տեղ հասե՞լ են, թե՞ ոչ։ Նա ինձ պատասխանեց, որ դեռ Հայաստանում է՝ Ագարակում, և որ շուտով Երևան է գալու։ Նա Ագարակում դպրոցի պատերն էր ներկում։ Երբ ավարտեց գործն ու վերադարձավ, հանդիպեցինք։ Հետո պետք  է իմանայի, որ արդեն մեր հանդիպման երկրորդ օրը նա որոշել է՝ ուզում է, որ իր կինը դառնամ։

Նաթանը հորը հարցրել է. «Ինչպե՞ս իմացար, որ մայրիկն է հենց այն միակը, ով պետք է քեզ»։ Չաքը պատասխանել էր. «Տղա՛ս, կարևոր չէ քո իմանալը, թե աղջիկը հենց այն մեկն է, որ նախասահմանված է քեզ համար։ Կարևոր է, որ դո՛ւ լինես հենց այն մեկը, որին այդ կինը կընտրի»։

-Եվ դու ընտրեցի՛ր։

-Երբ առաջին անգամ նրան տեսա, բոլորովին ինձ նրա կողքին չէի պատկերացնում,- ժպիտով խոստովանում է Ռուբինան.- կովբոյի գլխարկով, ճղճղված ջինսե շալվարով՝ նա որևէ կերպ չէր տեղավորվում իմ պատկերացրած ապագա ամուսնու կերպարի մեջ։ Բայց նրա սերը, հոգատարությունն ու ուշադրությունը հասցրեցին նրան, որ մենք մեկ ամիս անց արդեն նշանվեցինք։ Ես նախախնամություն եմ տեսնում մեր հանդիպման մեջ։ Այդ օրն ամեն ինչ վայրկյաններով այնքան ճիշտ դասավորվեց, որ եթե ծրագրեինք, թերևս, այսքան համընկնումներ չլինեին։ Երևի այն պահին, երբ ես կատակով ասում էի՝ ես այս կովբոյի հետ եմ ամուսնանալու, Աստված վերևից հաստատում էր. «Այո՛, այո՛, հենց նրա հետ»,- ժպտում է Ռուբինան։

Այժմ զույգը Հայաստանում է ապրում։ Նաթանին հարցնում եմ՝ իսկ ինչպե՞ս եղավ, որ մնացին Հայաստանում։

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»-Հայաստանում այնպիսի արժեհամակարգ կա, որպիսին հիմա աշխարհում շատ քիչ երկրներում կգտնես։ Մշակույթը, մարդկանց նիստուկացը, ամեն ինչ հոգեհարազատ է ինձ,- պատասխանում է նա։

-Երկուսս էլ Հայաստանը շատ-շատ ենք սիրում,-շարունակում է Ռուբինան:- Ես ինքս էլ Ամերիկայում երկու անգամ եղել եմ ու հասկացել եմ, որ իմ տունը Հայաստանն է։ Մենք որոշել ենք, որ մեր երեխաները հենց այստեղ են մեծանալու։ Լինելով ԱՄՆ-ում՝ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսում Նաթանը: Այնտեղ արժեքաբանական բավականին լուրջ ճգնաժամ կա. հենց թեկուզ սեռերի հետ կապված խառնաշփոթը, անվտանգության խնդիրները։ Այժմ շատ տարածված մի ծրագիր կա ԱՄՆ-ում, որ կոչվում է «Home Schooling», երբ երեխաները տանն են յուրացնում դպրոցական ծրագիրը՝ հեռավար։ Դպրոցներում, կարելի է ասել, վտանգավոր իրավիճակ է, ու Չաք Հոլթոնն ինքը տնային՝  հեռավար ուսուցման կողմնակից ու ջատագով է։ Իրականում շատ կարևոր բաներ կան այստեղ՝ մեր հայրենիքում, որոնց առավելություն լինելուն մենք հաճախ չենք էլ անդրադառնում։ Նաթանն այստեղ հրաշալի է զգում։ Նա հայկական այբուբենն արդեն սովորել է, հիմա փորձում է լեզուն սովորել։

«Ինչպիսի՞ն է ամուսնական կյանքը քեզ համար» հարցիս Ռուբինան պատասխանում է.

-Ճիշտն ասած, պատկերացնել անգամ չէի կարող, որ ամուսնական կյանքը կարող է այսքան լավը լինել. երբ ամեն օր սերն աճում է, երբ իրար ավելի ու ավելի լավ ենք հասկանում։ Եթե ինձնից հիմա խորհուրդ հարցնեն, ես միանշանակ խորհուրդ կտամ, որ ամուսնանան, չլսեն անհաջող ամուսնությունների պատմությունները։ Լավ է, որ յուրաքանչյուր մարդ իր կեսին գտնի, և միասին անցնեն կյանքի ճանապարհը։

♦♦♦

Այս ֆիլմը միայն մի անարդար պատերազմի ու դրանից տուժած մարդկանց մասին չէ։ Ոչ էլ քաջարի զինվորականի մասին, որ զորացրվելուց հետո սկսել է լուսաբանել աշխարհի ամենաթեժ կետերն ու պատմել տուժածների մասին, որոնց նա ամեն կերպ փորձում է օգնել։ Ինչպես Չաք Հոլթոնը և նրա ֆիլմի բոլոր մասնակիցներն ու հերոսներն են պնդում, սա սիրո պատմություն է, բայց ոչ այնպիսի սիրո, որ կարող ենք պատկերացնել։ Սա ոչ միայն սկզբնավորված գեղեցիկ մի ընտանիքի պատմություն է, որ ծնվեց դաժան մի պատերազմից հետո և դարձավ այս ֆիլմի «երջանիկ ավարտ», այլ…

«Սա պատմություն է մի գեղեցիկ տան մասին, որ վատ հարևաններով է շրջապատված։ Մի ընտանիքի, որի մասին չգիտեիք, որ ունեք։ Մի ժողովրդի մասին, որի  պատմությունը ժամանակ առ ժամանակ խավար ու ցավալի է եղել։ Եվ ի վերջո այն մասին, որ Սերը հաղթահարում է ամեն ինչ։ Սա պատմություն է Հայաստանի մասին»:  Սա է ազդարարում ֆիլմի նախաբանը, ու սա է հաստատում ֆիլմն ամբողջությամբ։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի և ՉԱՔ ՀՈԼԹՈՆԻ անձնական արխիվից

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


10/07/2023