Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸ



ԿՈՒՐՍԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸԿուրսկի ճակատամարտը ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Երկրորդ աշխարհամարտի խոշորագույն ճակատամարտերից էր։ Այն տևեց 50 օր՝ 1943 թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը, և համարվում էր Մոսկվայի և Ստալինգրադի ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն ունեցավ, քանի որ խորհրդային զորքերի՝ հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի՝ «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց։

Գնահատելով Կուրսկի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբը պլանավորել էր ռազմական գործողությունն անցկացնել 2 փուլով՝ պաշտպանական, որի ընթացքում նախատեսվում էր թշնամուն ուժասպառ և արնաքամ անել, և հակահարձակողական, որի ընթացքում նախատեսվում էր վերջնականապես պարտության մատնել նրան։

Ռազմաճակատների գործողությունները համադասում էին մարշալներ Գ. Ժուկովը և Ա. Վասիլևսկին։

Կուրսկի ճակատամարտի պլանի քննարկման ժամանակ 11-րդ գվարդիական բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Բաղրամյանը գերագույն գլխավոր հրամանատար Ստալինին ներկայացրեց նոր առաջարկություն (ի տարբերություն ներկայացված պլանի)՝ ասելով, որ հաշվի առնելով իրավիճակի նոր զարգացումները՝ նպատակահարմար է համարում գլխավոր հարվածն ուղղել ոչ թե դեպի Խոտոնեց, այլ Բուլխովի զորախմբին, իր 11-րդ գվարդիական բանակի և գեներալ-լեյտենանտ Պ.Ա. Բելովի 61-րդ բանակների հանդիպակաց հարվածներով ոչնչացնել այնտեղ կուտակված ֆաշիստական զորախմբի՝ Օռլովից վերև զբաղեցրած դիրքերը, ինչի արդյունքում թշնամու դիրքերում կառաջանար մեծ ճեղքվածք։

Բաղրամյանի առաջարկն արժանացավ գերագույն գլխավոր հրամանատարի հավանությանը և հաստատվեց։ Իրականացնելով պլանը՝ ազատագրվեցին ավելի քան 7000 բնակավայրեր: Այս ամենը  դարձավ Կուրսկի ճակատամարտի հաղթական ավարտի նախադրյալ։  Ըստ արժանվույն գնահատվեցին Բաղրամյանի հրամանատարական ունակությունները, ստեղծագործական մտածելակերպը: Նրան շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում,  պարգևատրվեց Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով և նշանակվեց Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի հրամանատար։

Այս պատմական և բեկումնային հաղթանակին նպաստեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի լարված աշխատանքը, ռազմաճակատներում իրավիճակների փոփոխություններին արագորեն արձագանքելը և հետախուզության արդյունավետ գործունեությունը։ Պրոխորովկայի տարածքում տեղի ունեցավ պատմության մեջ ամենախոշոր տանկային ճակատամարտը։ Այս մարտին երկու կողմից մասնակցել է մոտ 1200 տանկ և ինքնագնաց հրետանի։ Հուլիսի 12-ին գերմանացիները ստիպված եղան անցնել պաշտպանության, իսկ հուլիսի 16-ին նրանք սկսեցին նահանջել։ Կուրսկի ճակատամարտում խորհրդային զորքերի տարած հաղթանակում զգալի ավանդ են ունեցել հայ ժողովրդի զավակները, նրանց թվում՝ ապագա մարշալներ Ա. Խանփերյանցը, Հ. Բաբաջանյանը, գվարդիայի գնդապետ Գ. Կալուստովը, փոխգնդապետ Մ. Հակոբյանը, գվարդիայի լեյտենանտ Թ. Չոբանյանը, գվարդիայի լեյտենանտ Ս. Դարբինյանը և շատ ուրիշ հրամանատարներ, մարտիկներ։

Կուրսկի ճակատամարտում՝ Օրյոլի ազատագրման ժամանակ, 44-րդ առանձին հրետանային բրիգադը գնդապետ Ռափայել Հայրապետյանի ղեկավարությամբ հմտորեն իրականացրել է հրետանու նախնական կրակահերթերը, ինչից հետո 129-րդ, 250-րդ և 348-րդ հրաձգային դիվիզիաները առաջ են շարժվել և Բրյանսկի ճակատամարտում գրավել հակառակորդի ուժեղացված պաշտպանական հանգուցային կայանները, որի համար Հայրապետյանը պարգևատրվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանով։  Օրյոլի ու Բելգորոդի ազատագրվելու պատվին Մոսկվայում առաջին անգամ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում որոտաց հաղթական հրավառությունը։

ԿՈՒՐՍԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԸՎորոնեժի ճակատամարտում աչքի է ընկել 50-րդ հրաձգային կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-մայոր Սարգիս Մարտիրոսյանը, որը մարտերով անցել է ավելի քան 300 կմ, ազատագրել 600 բնակավայր, թշնամուց խլել 17 տանկ, 245 հրանոթ և ականանետ, այլ մարտական տեխնիկա և զինամթերք։ Ս. Մարտիրոսյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչման։

Բրյանսկի ճակատամարտում հանրաճանաչ է դարձել 13-րդ բանակի 74-րդ հրաձգային դիվիզիան՝ գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանի ղեկավարությամբ, որը ոչնչացրել է հակառակորդի 30 տանկ և մեծաքանակ մարտական տեխնիկա, ինչի համար հրամանատարը պարգևատրվել է Կարմիր դրոշի և Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Կուրսկի ճակատամարտի օրերին ԶՈՒ օդային ուժերի շտաբի պետը գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խուդյակովն էր՝ Արմենակ Խանփերյանցը։ Նա հմտորեն է կազմակերպել օդային մարտական գործողությունների ներդաշնակումը ցամաքային զորամիավորումների գործողությունների հետ, ինչի համար պարգևատրվել է Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել ավիացիայի գեներալ-գնդապետի կոչման։

Մարտերում աչքի է ընկել 13-րդ բանակի 10-րդ օդադեսանտային համազորային գունդը՝ գվարդիայի մայոր Արշակ Տեր-Զախարյանի գլխավորությամբ, որը, հետապնդելով հակառակորդին, ազատագրել է տասնյակ բնակավայրեր, ինչի համար հրամանատարը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։

Կուրսկի ճակատամարտում կրակի տակ գիշերուզօր առաջադրանքներ են կատարել վարորդները՝ դիրքեր հասցնելով ռազմական տեխնիկա, սպառազինություն, հանդերձանք, սնունդ, մարտի դաշտից դուրս են բերել հիվանդներին և վիրավորներին։ Ակտիվ և նպատակաուղղված աշխատանքի համար աչքի է ընկել ավտովաշտի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ Պետրոս Պետրոսյանը, որը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նույն շքանշանով պարգևատրվել են Սերգեյ Սարդարյանը, Իվան Եսայանը և ուրիշներ։

Խիզախ կռվողների թվում էր  բժիշկ-վիրաբույժ Սահակ-Պարթև Սմբատյանը, որը դաշտային պայմաններում կատարել է հարյուրավոր բարդ վիրահատություններ, կյանք տվել մարտիկներին, որոնք, շարք վերադառնալով, շարունակել են պայքարը թշնամու դեմ։

Կուրսկի ճակատամարտում Գերմանիան կորցրեց 30 դիվիզիա, որից 7-ը՝ տանկային, կես միլիոն զինվոր ու սպա, 100.000 զինվոր ու սպա հայտնվեցին  շրջապատման մեջ։

Կուրսկի ճակատամարտից հետո ռազմավարական նախաձեռնությունն անցավ Կարմիր բանակի կողմը, որը մինչև պատերազմի ավարտը շարունակեց հարձակողական գործողությունները մինչև վերջնական հաղթանակ։

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան»

ռազմական պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Պատմության էջերից


10/07/2023