Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ



ԶՈՐԱԿՈՉՀանրապետությունում զորակոչային եռուզեռ է: Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում ներկայացած տղաները հերթով բուժզննում են անցնում, պատրաստվում հայրենիքը պաշտպանելու պատվաբեր առաքելությանը։

Այս զորակոչի ժամանակ էլ քիչ չեն արտերկրից վերադարձողները: Նրանցից մեկն էլ Էրիկն է, որը եկել է ՌԴ-ից:

-Որոշեցի վերադառնալ հայրենիք ու գնալ ծառայության: Մեր տանը չծառայելու մասին ընդհանրապես խոսք չի եղել: Հարազատներս էլ են ողջունել որոշումս: Բարձր տրամադրությամբ եմ գնում հայրենիքս պաշտպանելու: Տղայի կյանքում ծառայությունը շատ կարևոր է, քանի որ այն հասուն է դարձնում, տղամարդ է դարձնում, կոփում է,- համոզված է Էրիկը:

– Արիությամբ լցվեք, խաղաղությամբ լցվեք: Աստված բոլորիդ պահապան և օգնական: Մենք սրբազան պարտականություն ունենք,- դիմելով զորակոչիկներին՝ ասում է հոգևորականը, որի օրհնությամբ, ծնողների խորհուրդներով ու մաղթանքներով զինակոչիկները կմեկնեն ծառայության:

-Անփորձանք ծառայություն, անվտանգ հերթապահություն  առաջնագծում, բարով գնաք ու բարով վերադառնաք,- այսօրինակ մաղթանքներ են լսվում հարազատների շուրթերից:

Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսն ուղղություն է վերցնում կենտրոնական հավաքակայան:

ԶՈՐԱԿՈՉ-Այստեղ առավոտից բժշկական հանձնաժողովը սկսել է աշխատանքը: Ստուգվում են անձնական գործերը, համապատասխան մասնագետները մանրազնին հետազոտում են զինակոչիկներին: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտության կարիք ունեցողներին ուղեգրում ենք զինվորական հոսպիտալներ: Եթե եզրակացությունը դրական է, և զինակոչիկը պատրաստ է մեկնելու երկամյա ծառայության, նա անցնում է մասնագիտական ընտրական հանձնաժողով,- ասում է բժշկական հանձնաժողովի պատասխանատուն:

Սրահներից մեկում զորատեսակների ներկայացուցիչները զրուցում են զորակոչի մասնակիցների հետ, թե ով ինչ կրթություն ունի, հաշվի են առնում նաև նրանց ֆիզիկական պատրաստությունը, կարողությունները և նոր միայն որոշումներ կայացնում։

– Բարձրագույն կրթություն ունեցող զինակոչիկները վիճակահանությամբ գործուղվում են ուսումնական զորամասեր ըստ մասնագիտությունների: Ի դեպ, բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում հավաքակայանում, զինակոչիկների հարազատները կարող են հետևել զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներում ուղիղ հեռարձակմամբ,- ասում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Ա. Ավթանդիլյանը:

Եւ այսպես, հայկական բանակի համալրման համապետական հերթական փուլը մեկնարկել է, որի ընթացքում պաշտպանության նախարարության և զինված ուժերի համապատասխան վարչությունները, ծառայություններն աշխատելու են ուժերի լարումով, որպեսզի գործընթացն իրականացվի թափանցիկության ու արդարության սկզբունքների պահպանմամբ։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/07/2023