ՊՆ ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները:
Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից:
Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման քննությունների և հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել զինծառայողների տրամադրվածությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև N զորամասում ծառայությունն անցկացնող «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների հետ, որոնք շաբաթներ առաջ ատեստավորվել և անցել են պայմանագրային ծառայության: Նախարար Պապիկյանը պայմանագրային այն զինծառայողներին, որոնք քննություններում ստացել են բավարար և լավ գնահատականներ, հորդորել է չբավարարվել ունեցած արդյունքներով և առաջիկա ամիսներին ձգտել գերազանց գնահատականի:
ՊՆ մեկ այլ զորամասում ատեստավորման քննությունների ընթացքին հետևել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: