ՎԱՂՎԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
«44 օրյա պատերազմի հերոսական դրվագներն ապացուցին, որ սերունդն հայրենասեր է, իսկ ապագա զինվորի համար ռազմական գիտելիքներն ու մարտական դաստիարակությունը պարտադիր պետք է լինեն»: Մերօրյա հերոս Մերուժան Ստեփանյանի հոր՝ Արթուր Ստեփանյանի խոսքը մտաբերեցի, երբ օրերս այցելեցի «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոց, որը հիմնադրել է պահեստազորի փոխգնդապետ Սամսոն Մուրադյանը:
Դպրոցում, որի գխավոր նպատակը մեր երկրի պաշտպանության համար ապագա զինվորներ պատրաստելն է, սովորում են հրաձգություն, մարտարվեստ, առաջին բուժօգնություն, մորզեի այբուբենը, ռազմական պար։ Օրերս ներկա եղա «Ապագա զինվոր»-ի մարզումներին, որ անցկացնում էին ռազմական փորձառու հրահանգիչները։ Այդ օրը դպրոցի սաները հիմնականում մարտարվեստ ու հրաձգություն էին պարապում, սովորում՝ ինչպես օգտագործել ինքնաձիգը, ինչպես պատսպարվել ու մարտն ընդունել։
8-ամյա Դրաստամատ Կանայանը նույնպես այս դպրոցի սան է և սիրով է հաճախում մարզումներին, իսկ 7-ամյա Նարեկ Հովհաննիսյանը նոր է ընդունվել, բայց արդեն որոշել է, որ զինվորական է դառնալու։ 8-ամյա Արեգ Օհանյանը, որը ցանկանում է հրշեջ-փրկարար դառնալ, Հայկ Քաչարյանը, որը ցանկանում է ոստիկան դառնալ, նույնպես սիրով են հաճախում մարզումներին։
«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոց հաճախում է 53 երեխա, որից 10-ը՝ աղջիկ։ Այս օրերին նոր երեխաներ են դիմում՝ ամառային դպրոցի և հուլիսի 23-30-ին Սևանում կազմակերպվող ճամբարին մասնակցելու համար։
Դպրոցի ավագ սաներից 17-ամյա Ռազմիկ Նազարյանն Արտաշատից է։ Արդեն փորձառուի համբավ ունեցող Ռազմիկը մարզումներին մասնակցում է մշտապես։ Նրա տարեկից Էմանուել Ստեփանյանը, որը բարձր առաջադիմությամբ սովորում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 12-րդ դասարանում, որոշել է ռազմական օդաչու դառնալ։ Աղջիկներից 20-ամյա Ինգան թեև դպրոցի հիմնական սաներից չէ, սակայն որոշել է զորակոչվել բանակ, և այդ պատճառով գալիս է մարզումների։ Երևանի թիվ 104 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Ռիտա Կարապետյանը դպրոցում բարձր առաջադիմությամբ է սովորում և այստեղ էլ ձգտում է լավ տիրապետել ռազմական գործին։ Ռիտան ցանկանում է դառնալ հետախույզ։ 9-րդ դասարանցի Եվա Չրաղյանը ցանկանում է դիպուկահար դառնալ։ Դպրոց սիրով է հաճախում նաև Արկադի Տեր-Թադևոսյանի Կոմանդոսի թոռը՝ Հովհաննեսը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Բանակ և հասարակություն