ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
44-օրյա պատերազմում որդի կորցրած շատ ծնողներ, հաղթահարելով բազում դժվարություններ, նորից իրենց մեջ ուժ են գտնում նոր կյանք պարգևելու՝ դառնալով անկոտրում կամքի, հույսի ու պայքարի վառ օրինակ:
Օրերս հյուրընկալվեցինք մերօրյա հերոսներից մեկի՝ Նարեկ Ասատուրյանի օջախում: Այցի առիթը Նարեկի եղբոր՝ Լեոյի ծնունդն էր:
Չընկրկելով որևէ դժվարության առաջ տիկին Մարինան 9 ամիս պայքարեց ու անցավ այն ճանապարհը, որը պետք է հասցներ երկար սպասված նպատակին։
– Ամեն գնով պետք է ծնվեր Լեոս: Նրա ծնունդը սպասված էր: Իհարկե չէի ուզենա, որ Նարեկ լինի, քանզի Նարեկը Նարեկ է և նրան փոխարինող երբեք չի լինի: Հայաստանը մեր տունն է, և ես շատ եմ ցանկանում, որ Լեոս էլ իր հերոս եղբոր՝ Նարեկի նման հայրենասեր մեծանա,- երեխային բարուրելով ասում է Մարինան:
Լուսանկարում Լեոն է, ընդամենը 6 օրական, բայց իր գոյությամբ արդեն հասցրել է մեծ սեր ու ջերմություն բերել ծնողներին, հիմնովին, շրջադարձորեն փոխելով ընտանիքի մթնոլորտը։
– Մի տարվա մեջ անձնական երկու վիշտ ունեցա: Կորցրի որդուս, հետո ծնողիս: Կյանքը մեր ընտանիքի համար կարծես կանգ էր առել: Լեոյիս ծնվելուց հետո ամեն ինչ փոխվեց: Հիմա, որ տուն եմ գալիս, ոնց որ ուրախության օջախ մտնեմ, ոնց որ Աստծո տուն մտնեմ։ Լեոյին որ գիրկս եմ առնում, կյանքն ինձ համար նոր իմաստ է ստանում,- կնոջ խոսքն է շարունակում ամուսինը՝ Վլադիմիր Ասատուրյանը:
Փոքրիկի ծնունդով Ասատուրյանների կյանքում նորից ապրելու և պայքարելու հույս է ծնվել։ Ծնողները ևս մեկ որդի ունեն՝ 19-ամյա Կարենը։ Ասում են՝ Լեոն էլ պետք է մեծանա հայրենիքը սիրելով ու ինչպես Կարենին ու Նարեկին են դաստիարակել, այնպես էլ կրտսերի մեջ պետք է սերմանեն ամենակարևոր մարդկային որակներն ու արժեքները։ ՝
Կյանքը հանուն հայրենիքի չխնայած Նարեկ Ասատուրյանի բազմաթիվ երազանքներ անկատար մնացին, որոնց կրողն ու ի կատար ածողը այսուհետև Լեոն է լինելու։ Կյանքի շարունակության ու վերածննդի գաղափարը Ասատուրյանների ընտանիքում հենց նա է մարմնավորում և ինչպես նորածնի ծնողներն են փաստում՝ այսօրինակ պատմությունները պետք է դառնան ապրելու և պայքարելու բանաձև յուրաքանչյուր որդեկորույս հայ ընտանիքի համար։
– Պետք է լինել ուժեղ ու շարունակել ապրել՝ ապրեցնելով իրենց քաջ տղաներին,- ասում են ամուսինները՝ հուզմունքով ու հպարտությամբ պատմելով ավագ որդու՝ Նարեկի նվիրումի և ծառայության հիշարժան դրվագների մասին։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Նարեկն արդեն առաջնագծում էր ու ստորաբաժանման մյուս զինծառայողների հետ ինքն էլ աննահանջ կռվել է ամենաթեժ հատվածներում՝ խիզախորեն կատարելով բոլոր մարտական առաջադրանքները։ Հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 12-ին։
-Որդուս երազանքներն անկատար մնացին հանուն հայրենիքի, ասում է Վլադիմիրը շեշտելով մեկ կարևոր ցանկության մասին. սահման պահող զինվորներին ուժ ու զորություն, իսկ մեր հայրենիքին հարատև խաղաղություն, որ բոլոր փոքրիկները մեծանան, ապրեն ու արարեն խաղաղ ու հզոր հայրենիքում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ճակատագրեր