ՔԱՇԱԹԱՂՑԻ ԺՈՐԱՆ
Քաջերի յարութիւնն է մահը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Եռաբլուրում է ամփոփված 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սարգսյանը, որը հուլիսի 9-ին կդառնար 23 տարեկան։ Նա ծնվել է 2000 թվականին, Երևանում։ Նույն տարի նրանց ընտանիքը տեղափոխվում է բնակության Քաշաթաղի շրջանի Բերձոր շրջկենտրոն, որտեղ էլ Ժորան 12 տարի սովորեց Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2019-ին, միջնակարգը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո, նա զորակոչվում է: Ծառայում է սահմանամերձ զորամասերից մեկում, անցնում ուսումնական դասընթացներ: Նրան շնորհվում է սերժանտի կոչում, իսկ 44-օրյա պատերազմից օրեր առաջ նրա ուսադիրներին արդեն ավագ սերժանտի տարբերանշաններ էին: Զորամասի հրամանատարի հրամանով Ժորան նշանակավում է հենակետի ավագ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ժորան իր ջոկով ընդգրկված էր մարտական հերթապահության մեջ և ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից մարտադաշտում էր։ Պատմում են, որ նա շատ անվախ էր և երբեք չէր ընկճվում, ինչ իրավիճակում էլ, որ հայտնվեր: Ավելին, բոլորին ոգևորում էր, կատակներ անում…
Մարտերից մեկում Ժորան դեմքի հատվածում այրվածք է ստանում, բայց մինչև վերջ մնում է մարտական դիրքում։
2020-ի հոկտեմբերի 23-ին դաժան մարտեր էին ընթանում նաև Ժորայի ջոկի պաշտպանական տարածքում։ Տղաները հերոսաբար և անձնուրաց կռվում են իրենցից թվաքանակով մի քանի անգամ առավել թշնամու դեմ։ Հենց այդ էլ եղավ 20-ամյա մերօրյա հերոսի վերջին կռիվը, որը նա տվեց իր քաջակորով ընկերների հետ:
Քաջորդու ծննդյան երկնային տարեդարձը արդեն երրորդ անգամ հարազատները, ընկերները, համադասարանցիները նշում են մայրամուտին՝ Եռաբլուրում։
Քաշաթաղի շրջանից զոհված 70-ից ավելի կամավոր ու պահեստազորային, աշխարհազորային ու ժամկետային զինվորների լուսե շարքում է նաև Ժորա Սարգսյանը՝ քաշաթաղցի Ժորան:
Քաշաթաղցի Ժորայի շատ երազանքներ անկատար մնացին, որոնցից մեկն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն էր։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ճակատագրեր