Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները և եթե տեղյակ են, ապա ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին «Զինուժ» հեռուստածրագրից եմ տեղեկացել։

Ծրագրի սոցիալական բաղադրիչը մոտիվացնող է՝ հինգ տարի կայուն աշխատանք, կայուն աշխատավարձ, ծրագրի ավարտին էլ՝  հինգ միլիոն դրամ, որ կարող ես ծախսել ըստ հայեցողության, ցանկացած նպատակով։

Ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ բնակավայրիդ մոտ ծառայելու, սա եւս գրավիչ տարբերակ է, հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար՝ ընտանիքիդ մոտ ես լինում, ու ամենակարեւորն ու գլխավորը՝ հայրենի եզերքդ ես պաշտպանում։

ԱՐՏՅՈՄ ՄԱՄՅԱՆ

լուսանկարիչ

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին վերջերս եմ տեղեկացել եւ անշուշտ՝ դրական միտումները նկատելի են թե գաղափարական, թե սոցիալական բաղադրիչի տեսանկյունից:

Ըստ իս՝ ծրագիրը լուրջ հնարավորություն է ընձեռում հատկապես այն երիտասարդներին, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար ունեն ֆինանսական դժվարություններ:

Եվ հետո, ամենակարևորն՝ այս ծրագրով կունենանք արհեստավարժ բանակ:

ԱՐԹՈՒՐ ԳԻՆՈՍՅԱՆ

Վիրաբուժության կլինիկական օրդինատոր

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿարծիքս միանշանակ դրական է: Այն զինվորական ոլորտում ծառայությունը շարունակելու ավելի լավ և նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես շարքային, այնպես էլ սպայական կազմի համար: Սակայն, «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առավելապես կարևորում եմ պարտադիր զինվորական ծառայության ներգրավված շարքային կազմի երիտասարդներին վերաբերելի բաղադրիչը:

Ներգրավվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում՝ վերջիններս հնարավորություն են ունենալու պարտադիր զինվորական ծառայությունից անցում կատարելու պայմանագրային զինվորական ծառայության 5 (հինգ) տարի ժամկետով, ինչը, իմ գնահատմամբ, շարքային կազմի երիտասարդ զինծառայողների համար ստեղծելու է նոր հնարավորություններ զինվորական ծառայության ոլորտում առաջ շարժվելու, ինչու ոչ՝ համապատասխան կրթության առկայության դեպքում՝ սպայական կոչումներ ստանալու և որպես հայոց բանակի սպաներ ծառայությունը շարունակելու համար:

Իհարկե, կարծիքս դրական է նաև ծրագրի ֆինանսական կողմի առումով, ինչի արդյունքում երիտասարդ զինվորականները ոչ միայն պատվով կիրականացնեն հայրենիքի սահմանների պաշտպանությունը, այլ նաև վստահ կլինեն, որ ապահովված են լինելու կայուն ֆինանսավորմամբ, ինչը ոչ պակաս կարևոր է:

Ամփոփելով կարող եմ փաստել, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը դրական ազդեցություն է ունենալու հայկական բանակի կատարելագործման և մարտական պատրաստականության բարձրացման վրա, ինչպես նաև իր «ներդրումն է ունենալու» ՀՀ պետական սահմանի հուսալի պաշտպանության կազմակերպման հարցում:

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

փաստաբան

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/07/2023