ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ամառային տապին բակի եռուզեռն ու աշխուժությունն անսովոր էր, որին քիչ անց գումարվեցին նաեւ բակ մտնող մեքենաների զիլ ազդանշաններն ու հայկական պարեղանակը…
Զինվորը վերադարձել է տուն…
Հարեւան-բարեկամ հավաքվել են աչքալուսանքի, փրփրուն գինով բարի գալուստ են մաղթում հայրենիքի պաշտպանին:
Ճաղարյանների կրտսեր որդին՝ Էրիկն է զորացրվել, անցյալ ամռանն էլ՝ օգոստոսին, նույն խնդությամբ, նույն ցնծությամբ Ճաղարյանները դիմավորեցին իրենց ավագ որդուն՝ Կիմին, որը 44- օրյա պատերազմի թոհուբոհով էր անցել:
♦♦♦
Էրիկը բանակ զորակոչվեց 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց, իր դիմումի համաձայն՝ ծառայության մեկնեց եղբոր մոտ:
Երկու եղբայր իրար չէին էլ հանդիպում, մեկը դիրքեր էր բարձրանում, մյուսը՝ իջնում…
Եղբայրներն իրենց արածի մասին չեն սիրում խոսել, փոխարենը հպարտությամբ պատմում են մարտական ընկերների խիզախության մասին:
Նվիրված ծառայության համար Կիմն էլ, Էրիկն էլ հրամկազմի կողմից բազմիցս խրախուսվել են:
Երբ որդիները մարտական գործողությունների կիզակետում էին, անպատմելի էին ծնողների ապրումները, հոգեմաշ տագնապներն ու անհանգստությունը, ամբողջ օրն անհանգիստ հետեւում էին պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերին, ամեն օր եկեղեցի էին գնում, աղոթում որդիների համար, բոլորի որդիների համար..
Տղաների հայրը՝ Գրիգոր Ճաղարյանն ինքն էլ արմատներով սահմանամերձ-սահմանապահ Վահան գյուղից է, 90- ականներին էլ, դեռ 17-ամյա պատանի, մասնակցել էր գյուղի ինքնապաշտպանական մարտերին.
-Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ անընդհատ խաթարվում է խաղաղությունը, մեր պատմության որ էջն էլ թերթեք՝ անընդհատ պատերազմ է, կռիվ, արյուն… Երբ ավագ սերունդը կռվում էր, միշտ ասում էր, այնպես անենք, որ մեր զավակները պատերազմ չտեսնեն, մենք էլ կռվելիս նույն բառերն էինք կրկնում՝ այնպես անենք, որ մեր երեխեքը պատերազմ չտեսնեն, խաղաղ հող ժառանգենք նրանց, բայց մեր որդիներն էլ պատերազմ տեսան… Ու մեր զինվոր որդիներն էլ, թոռներն էլ իրենց խիզախությամբ, իրենց անսահման քաջությամբ իրենց պապերի ու հայրերի օրինակով լրացրին մեր պատմության հերոսական էջերը:
Զինվորի մոր՝ Արմինեի հուզմունքն ու ուրախությունն անչափելի են.
-Շնորհակալ եմ, Տեր, թող ամեն զինվորի ծնող ճաշակի այս զգացողությունը: Երբ երկու որդիներս բանակում էին, կարոտս կրկնապատկվել էր, զարմանում էի՝ սիրտս ո՞նց է դիմանում, ո՞նց տեղից չի թռչում, իսկ երբ մարտական գործողությունների մասնակից դարձան, բառերն անզոր են նկարագրելու ապրումներս՝ անասելի դժվար է ապրել հույսի ու անհուսության արանքում…
Ինչերի միջով անցան մեր զավակները, ինչեր տեսան…Բայց երբ զանգում էին, այնպիսի հանգիստ տոնով էին խոսում, այնպես վարպետորեն համոզում, որ իրենց մոտ հանգիստ ու խաղաղ է, քիչ էր մնում հավատայինք…
Երբ ավագ որդիս՝ Կիմը, զորացրվեց, երջանկությանս չափ ու սահման չկար, միայն մի բան էի կրկնում աղոթքի պես՝ երբ Էրիկս էլ վերադառնա, երջանկությունս կկրկնապատկվի…
Ճաղարյանների ընտանիքում երջանկությունը կրկնապատկվել է…
Կիմն այժմ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Էրիկն էլ է մտադրվել բարձրագույն կրթություն ստանալ: Երկուսն էլ հազար նպատակ ունեն իրագործելու, հազար իղձ ու երազանք, բայց երկուսն էլ նույնն են կրկնում.
-Թե վտանգվի հայրենիքի խաղաղությունը, եղբայրներով նորից կկանգնենք սահմանին…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ