Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի գնահատմամբ, միակ երկիրը, որը կարող է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, Չինաստանն է։ Միայն նա ունի անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական հզորություն։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը զենք չի մատակարարի Ուկրաինային: «Մենք Ռուսաստանի հետ սերտ ռազմական սահման ունենք։ Մեր օդաչուները Սիրիայի երկնքում թռչում են ռուս օդաչուների կողքին»,- ասել է Նեթանյահուն։

ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները քննարկելուն, սակայն սեփական անվտանգության երաշխիքների պահպանման պայմանով։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Տոցկի զորավարժարան: 1954 թվականին Տոցկի զորավարժարանում անցկացվել են աշխարհում առաջին զորավարժությունները միջուկային զենքի կիրառմամբ, անմիջապես հարձակողական գործողության ընթացքում։

ՆԱՏՕ-ի երկրները Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի արդյունքներով սառը պատերազմից հետո առաջին անգամ ընդունել են Ռուսաստանի հետ ռազմական առճակատման դեպքում նախատեսված պաշտպանական ծրագիր: Դաշինքի նոր ռազմավարության շրջանակում կստեղծվեն բարձր մարտական պատրաստականության ուժեր՝ մինչև 300 հազար զինծառայողներով, որից 100 հազարը մշտական հիմունքներով կտեղակայվի Ռուսաստանի հետ սահմանին։

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիրը և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը:

Հերթական պատահարն է տեղի ունեցել Ղրիմի կամրջի վրա, պայթյունների հետևանքով կան զոհեր։ Կամրջի ամբողջական թողունակությունը կվերականգնվի 1-1,5 ամիս անց։ Այժմ Ռուսաստանը ստուգում է Արևմտյան հատուկ ծառայությունների ներգրավվածությունը Ղրիմի կամրջի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: ԱՄՆ-ից հերքել են իրենց մասնակցությունը հարձակման կազմակերպմանը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ դրա բոլոր մանրամասները կբացահայտի «Ռուսաստանի նկատմամբ հաղթանակից հետո»։ Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային ուղիներից մեկն է։

ՌԴ ԱԳՆ-ն թուրքական և ուկրաինական կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է, որ դեմ է հացահատիկի մատակարարման շուրջ կնքված Ստամբուլյան համաձայնագրի երկարաձգմանը և դադարեցնում է դրա գործողությունը։  Ռուսաստանը հետ է կանչում նախկինում տրված նավագնացության անվտանգության երաշխիքները, փակում է ծովային մարդասիրական միջանցքը Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում, նաև վերականգնում է տվյալ տարածքում ժամանակավորապես վտանգավոր շրջանի ռեժիմը։

Միևնույն ժամանակ, գործարքը կվերականգնվի ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների կատարումից հետո։

ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կնքված «հացահատիկի գործարքի» շրջանակներում աղքատ երկրներին բաժին է հասել ուկրաինական պարենամթերքի 3%-ից ոչ ավելին, իսկ 70%-ից ավելին ուղարկվել է բարձր և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ, այդ թվում՝ ԵՄ։ Իսկ ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի արտահանման շուրջ պարտավորությունները չեն կատարվել։

Գործարքի չեղարկման որոշումից հետո Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենը թանկացել է 4%-ով։ Հինգ առևտրային օրվա ընթացքում դրա արժեքն աճել է 12%-ով։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ Տոկիոյի  համագործակցության նոր ծրագիր է համաձայնեցվել։ Այսուհետ գործընկերությունը կտարածվի նաև կիբերանվտանգության, տեխնոլոգիաների մշակման և ապատեղեկատվության դեմ պայքարի բնագավառներում: Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ 2022 թվականին վարչապետ Կիսիդան դարձավ Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:  Դրանից հետո Ճապոնիայի ԱԳՆ-ն որոշեց ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը դարձնել անկախ՝ այն առանձնացնելով Բրյուսելում իր դեսպանությունից և դրանով իսկ բարձրացնելով ներկայացուցչության կարգավիճակը։

Հնդկաստանի վարչապետի՝ Ֆրանսիա երկօրյա այցին ընդառաջ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախնական հավանություն է տվել իր նավատորմի համար 26 միավոր Rafale կործանիչ և երեք Scorpene դասի սուզանավեր գնելուն: Գնումների ընդհանուր արժեքը կկազմի մոտ 800 մլրդ ռուփի (9.75 մլրդ դոլար):

Հնդկաստանը հաջողությամբ մեկնարկել է «Չանդրայաան-3» առաքելությունը՝ դառնալով չորրորդ երկիրը, որը լուսնի վրա տիեզերանավ է իջեցնում։

Ճապոնական ծովում մեկնարկել են Ռուսաստանի եւ Չինաստանի «Հյուսիս. Փոխգործակցություն-2023» զորավարժությունները։ Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային համագործակցության ամրապնդումն է, կայունության եւ խաղաղության աջակցումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 2,5 միլիարդ ֆունտ (3,27 միլիարդ դոլար) կհատկացնի զինապահեստների պաշարների վերականգնման համար: Սպառազինությունը կարդիականացվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների դասերը։ Առաջնահերթություն կտրվի արդիական պաշտպանական տեխնոլոգիաներին։

Միջուկային զենքի արձակման միջոցներից բացի, կթարմացվեն նաև միջուկային մարտագլխիկները, դրանց թիվը 225-ից կհասցվի 260-ի:

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը Ուկրաինայի պատերազմից դժգոհ ռուսներին կոչ է արել համագործակցել իր հետախուզական ծառայության հետ եւ վերջ տալ արյունահեղությանը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին աֆրիկյան երկրներ շրջագայությունից հետո մայրցամաքն անվանել է հնարավորությունների տարածաշրջան։ Այցի արդյունքում ապահովվել է Իրանի գիտատար արտադրանքի արտահանման շուկաների ստեղծումը, քննարկվել են նավթաքիմիական արտադրանքի դիմաց Իրանին առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու մեխանիզմները։ Կողմերը ստորագրել են համագործակցության 21 փաստաթուղթ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անհասկանալի է համարում Ուկրաինայի իշխանությունների մեծ ուշադրությունը Վրաստանի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ: Նրա կարծիքով, ուկրաինացիների նպատակը Ռուսաստանի հետ հավելյալ ճակատի բացումն է վրացիների միջոցով, նաև վրացական այնպիսի իշխանություն, որը կիրականացնի իրենց շահերը:

Այս տարվա հունվարից մինչև հունիս Վրաստան այցելած Ռուսաստանի քաղաքացիների թիվը գերազանցել է 577 հազարը, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Վրաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 75%-ով։ Այժմ Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Զգալիորեն աճել են արտահանման և ներմուծման ցուցանիշները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե Ուկրաինայի իշխանությունները շահագրգռված էին 2022 թվականին Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հայտը մերժելու հարցում։

Նախատեսվում է Իրանի մասնակցությամբ միջազգային կոնսորցիում ստեղծել առևտրային ինքնաթիռների արտադրության համար: Իրանական մասնաբաժինը կկազմի առնվազն 20 տոկոս: Մայիսի վերջին իրանական արտադրության «Սիմորգ» կոչվող տրանսպորտային ինքնաթիռը հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը: Ինքնաթիռը նախագծել և արտադրել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ից 19-ը այցելել է Պարսից ծոցի երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ուղևորության հիմնական նպատակն է ընդլայնել այս երկրների հետ տնտեսական համագործակցությունը և ավելացնել Թուրքիային անհրաժեշտ ներդրումների ծավալը։

Այցի շրջանակում Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են 50,7 միլիարդ դոլարի 13 համաձայնագիր էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, էլեկտրոնային առևտրի, ֆինանսների, առողջապահության, զբոսաշրջության, պաշտպանության, առաջադեմ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր երկրին օգնություն տրամադրելու որոշման համար։ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ մեծ գումարներ է ուղղել Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն։ Օրեր առաջ էլ հատկացվել է 7,6 մլն դոլար։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Տարածաշրջան


24/07/2023