ՄԱՄ, ԵՍ ՎԵՐԵՎՈՒՄ ԵՄ, ԻՄ ՍԱՐԵՐՈՒՄ…
Փոքրիկ տան մի անկյունում լուսանկարի առաջ միշտ թարմ վարդեր են. տան ամենանվիրական անկյունն է՝ Գևորգ Բաղդիշյանի հուշանկյունը: Մայրը՝ Հռիփսիմեն, խնամքով հավաքել, դասավորել է որդու փաստաթղթերը, պատվոգրերը, մրցանակները…
Մոր արցունքոտ աչքերը ժպտում են, երբ պատմում է որդու մանկությունից, պատանեկությունից.
-Էնքան արագաշարժ էր Գևորգը, նստել բառը չգիտեր, գերակտիվ էր, անընդհատ շարժման մեջ, դասերը կանգնած էր սովորում, ուսուցիչներն ասում էին՝ գոնե մի քսան րոպե խելոք նստի, դասարանից դասարան կթռչի, այնքան արագ է յուրացնում առաջադրվածը…
Հետո մայրը մեկիկ-մեկիկ թվարկում է որդու նախասիրությունները՝ պարում էր, պարի դասն ավարտվելուն պես շտապում էր ֆուտբոլի, ֆուտբոլից հետո՝ բռնցքամարտի… Մասնակցում էր տարբեր մրցումների՝ մշտապես գրավելով պատվավոր հորիզոնականներ…
Սիրում էր առաջատար լինել, լիդեր էր խառնվածքով, էությամբ…
-Երբ բանակ պիտի գնար, սիրտս ալեկոծ էր,- մոր աչքերի մեջ տխրությունն է խտանում,- Գևս ինձ հուսադրում էր, ոգեւորում. «Ազատամարտիկի որդին, մուսալեռցու թոռը ո՞նց կարող է չգնալ ծառայության, մեր երկիրն է, մամ ջան, բա մենք պիտի պաշտպանենք, օտարը հո չի պաշտպանելու: Կծառայեմ, կգամ, եղբորս խորհրդով իրավաբանական կընդունվեմ»:
♦♦♦
Ծառայում էր սահմանամերձ զորամասերից մեկում, հետախույզ էր, սարերը ոնց էր սիրում: Զանգելիս միշտ ասում էր՝ մամ, ես վերեւում եմ, իմ սարերում…
Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ սկսվեց պատերազմը: Դիրքերից նոր էր իջել, ինքնակամ դիմում գրեց, որ մեկնի Արցախ… Տնեցիք չգիտեին էլ, որ մարտադաշտում է, զանգելիս միշտ նույնն էր կրկնում ՝ ես իմ ծառայավայրում եմ, իմ սարերում: ՈՒ թե զանգերը երբեմն ուշանում էին, արդարանում էր՝ մամ ջան, դե սարերում կապը լավ չի գործում:
-Թե ոնց էր հարմարեցնում չմարող կրակի տարափի տակ լուռ պահ որսալ ու զանգել, որ մի կաթ կասկած չէր մտնում սրտներս,- պատմում է Հռիփսիմեն:- Հարազատ-բարեկամներ ունեինք, որոնց զավակները կռվի դաշտում էին, երբ իրենք զանգում էին, հարցնում էին՝ որդիդ ո՞նց է, ասում էի՝ դե, Գևորգը հանգիստ, ապահով տեղ է, իր սարերում…
♦♦♦
Պատերազմի դաշտից լուրերը գնալով ավելի տագնապեցնող էին դառնում, թշնամին լայնածավալ հարձակման էր անցել:
Բաղդիշյանների ավագ որդին՝ Մովսեսն էլ կամավոր մեկնեց ճակատ, Ջրական: Եղբայրների ճանապարհները մարտադաշտում այդպես էլ չխաչվեցին, չհանդիպեցին մեկմեկու…
Հետո Մովսեսը վերադարձավ, ուղարկել էին տուն, որ մի քանի օր հանգստանա, կրկին մեկնի առաջնագիծ:
Գևորգից լուր չկար, հինգ օր շարունակ ոչ մի զանգ … Հետո եկավ բոթը…
Մարտական հերթական գործողությունների ընթացքում վնասազերծել էր թշնամու ԱԹՍ-ն և զոհվել….
Մուսալեռցու խիզախ զավակ
Քո պապերին արժանի,
Թշնամու դեմ կռիվ տվիր,
Հարված տվիր արժանի…
Կգրի Գևորգի հայրը՝ սրտի մորմոքը դարձնելով տող, բանաստեղծություններ՝ ձոնված սիրասուն որդուն: Հոր սիրտը անասելի ցավին չդիմացավ…
♦♦♦
Մարտական ընկերները հաճախ են այցելում Գևորգենց տուն, դեպքեր, դրվագներ վերհիշում: Ամեն մի պատում, ամեն հիշողություն մի նոր երանգ է հաղորդում հերոս քաջորդու վեհ ու լուսավոր կերպարին:
Ջոկի հրամանատար էր Գևորգը ու իր զինվորների համար պատրաստ էր կյանքն էլ չխնայել, զինվորներն էլ նրան էին հարգում ու սիրում:
-Գևն ուրիշ էր,- ասում են զինակից ընկերները,- բարի, նվիրվող, հասնող, անշահախնդիր, պարզ ու անմիջական… Փոքրամարմին էր, բայց մեծ ոգով, պատերազմի օրերին նրա համարձակությունը սահմաններ չուներ, ամենադժվար առաջադրանքը կատարում էր անթերի…
-Գևորգի հետ ծանոթացել եմ մարտական հենակետ գնալու ճանապարհին,- պատմում է հեռուստամեկնաբան Սիրակ Օհանյանը,- առաջին իսկ պահից ինձ գրավեց նրա անսահման հայրենասիրությունը, հասուն մտածողությունը, հետո մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Երկուսիս հայրերն էլ Արցախյան ազատամարտի մասնակից էին, իմ հայրը զոհվել է պատերազմի ժամանակ: Հաճախ էինք զրուցում այդ թեմայի շուրջ, Գևորգն ասում էր՝ փաստորեն, պատերազմները չեն ավարտվում, սերնդեսերունդ փոխանցվում են. քո հայրն էլ է կռվել, իմ հայրն էլ, հիմա էլ մենք ենք կռվում, գոնե մենք կարողանանք մեզնով վերջակետ դնել այս ձգձգվող պատերազմին:
Հետո ոգևորված խոսում էր ապագա նպատակներից, պատկերավոր նկարագրում էր, թե ոնց է հարսանիք անելու, ապագա հարսնացուին էր նկարագրում, վերջում էլ պարտադիր շեշտում էր՝ հիշիր, հարսանիքիս կնստես ուղիղ իմ դիմաց, դու հեռուստատեսության մարդ ես, սիրուն-սիրուն բառեր կասես, հարսանիքս կճոխացնես:
Մինչ պատերազմը Սիրակը Գեւորգին լուսանկարել էր աստղազարդ երկնքի տակ, այն Գևորգի վերջին ու ամենասիրելի լուսանկարը դարձավ:
– Երբ իմացավ, որ ուսապարկումս ֆոտոխցիկ կա, զարմացած հարցրեց.
-Ախպեր, չեմ հասկանում՝ հիմա քո զենքը ո՞րն է՝ AK 74-ը, թե՞ Canon-ը։
Ասացի, որ մտադրվել եմ իրեն աստղերի ֆոնին սիրուն ֆոտո անել:
-Էն մեծ, բարձր քարի վրա եմ ուզում նկարես, որտեղից ամբողջ հորիզոնը երեւում է:
Նկարեցի իր սրտով, նկարը նայեց, անկեղծացավ՝ սա իմ ծառայության ամենատպավորիչ լուսանկարն է:
♦♦♦
Գեւորգը սարեր էր սիրում, բարձունքներ, հիմա ամենաբարձրում է.. Աստղեր էր սիրում, հիմա երկնքում ցոլացող աստղ է:
Քաջորդիները չեն մահանում. նրանք անմահանում են։
Նրանց թողած լուսավոր հետագիծը մնում է որպես պատգամ հայրենասիրության, քաջության, հայրենիքին անմնացորդ նվիրման։
Գևորգի եղբայրը՝ Մովսեսը, որոշել է, երբ ընտանիք կազմի, արու զավակ ունենա, որդուն անվանակոչելու է Գևորգ…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ճակատագրեր