Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ



ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸՎաղ առավոտյան այցելեցինք ուսումնական զորամասերից մեկը: Վերկաց, նախավարժանք, նախաճաշ, որից հետո շարահրապարակ: Ահա այսպես է սկսվում նորակոչիկների զինվորական առօրյան, ինչին մենք ականատես եղանք մի ամբողջ օր։

Նրանք շարվել են ընդարձակ շարահրապարակում, որպեսզի փորձառու սպաների ղեկավարությամբ, սովորեն  զինվորական կյանքի այբուբենը՝ շարային քայլք, զինվորական ողջույն, պատվի առնելու կարգը և այլն:

Կարճատև դադարներից մեկի ժամանակ զրուցեցինք նորակոչիկներից մի քանիսի հետ:

– Ես Ցոլակ Խաչատրյանն եմ,  ուրախ տրամադրությամբ զորակոչվել եմ ու հիմա էլ նույն տրամադրությամբ սովորում եմ ծառայության այբուբենը՝ պատրաստվելով զինվորական երդմանը։

-Բանակում ունեմ եղբայր, որը սահմանում է ծառայում: Կփորձեմ նրա նման զինվոր լինել, լավ ծառայել, որպեսզի ծնողներս ինձնով էլ հպարտանան այնպես, ինչպես եղբորովս,- ասում է Արտյոմ Մանուկյանը:

–   Փաստորեն, երկու եղբայր միաժամանակ բանակում եք: Շատ գովելի է և պատվաբեր,- ասացի ես։

–   Բանակի համար լավ է, բայց մեր ծնողների համար մի քիչ դժվար կլինի,- ժպտալով պատասխանեց Արտյոմը:

Նորակոչիկների առօրյան խիստ հագեցած է: Շարային պարապմունքներից հետո նրանց սպասում է մարզավանը, որտեղ կկոփեն իրենց մարմինը, կզարգացնեն ֆիզիկական հմտությունները:

Այստեղ էլ հետևեցինք նրանց մարզումներին:

– Սկզբում մտածում էի դժվար կլինի, բայց աստիճանաբար ընտելացա և շատ սիրով եմ մարզվում: Անկեղծ ասաց մարզավանն ինձ շատ է ձգում և այս մի քանի օրերի ընթացքում կարգին առաջընթաց ունեմ,- ասաց Մնացական Անեսյանը:

– Ֆիզիկական պատրաստությանս վիճակը լավ էր մինչև զորակոչվելը: Պտտաձողի վրա տասը հատ ձգվում էի: Այս երկու շաբաթվա ընթացքում, բանիմաց մասնագետների շնորհիվ, ձգումներիս թիվը հասցրել եմ տասնհինգ-տասնվեցի,- ընկերոջ խոսքը շարունակեց Հովհաննես Մկոյանը:

Անկախ բանակային կյանքի դժվարություններից ու հավանական փորձություններից, նորակոչիկների մարտական ոգին բարձր է, և բոլորն էլ  պատրաստ են լավ սովորել, զինվել գիտելիքով, ծանոթանալ մասնագիտական զենքին ու անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին:

– Ծառայում ենք մեր ընտանքիների, մեր սիրած աղջիկների  համար։ Հայրենիքը մեր մեծ տունն  է, մեր ընտանիքը: Այս օրերի ընթացքում ձեռք եմ բերել հրաշալի, ազնիվ ընկերներ,- անկեղծացավ Հովհաննեսը:

Մինչ զինվորական երդման հանդիսավոր արարողությունը, տղաները՝ երիտասարդ մարտիկի ծրագրով ձեռք կբերեն նաև գիտելիքների անհրաժեշտ  պաշար՝ տարբեր զինատեսակների, զինվորական իրավունքների ու պարտականությունների մասին։

-Գիտակցում եմ, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրեմ լավ հրետանավոր դառնալու համար: Արդեն 15 օր է՝ ծառայության մեջ եմ, ծառայությունս լավ է ացնում: Եթե ճիշտ օգտագործենք մեր ժամանակը, կդառնանք զինված ուժերի համար պիտանի մասնագետներ:  Բանակը տալիս է կամքի ուժ, կոփվածություն և շատ ու շատ լավ որակներ, որոնք պետք կգան  նաև հետագայում,- ասաց է Խաչիկ Վարդանյանը:

– Ապրելով սահմանամերձ գյուղում, ես լավ գիտեմ բանակի արժեքը, հայրենիքի պաշտպանի արժեքը, մեր ստանձնած գործի կարևորությունը,- ընկերների խոսք ու զրույցին միացավ Նորիկ Ղազարյանը:

-Մեծ պատիվ է երկրի զինվոր լինելը,- հաստատեց Հենրիկ Գաբոյանը:

Իրոք, կարճ  ժամանակում այստեղ ձևավորվել է զինվորական  իսկական ընտանիք, տղաներն ընկերացել են ու  մեկը մյուսին գոտեպնդելով, թև ու թիկունք լինելով հաղթահարում են դժվարությունները: Թադևոսյան եղբայրներ Էրիկն ու Նարեկը այդ զինվորական ընտանիքի մի մասնիկն են, որոնք արդեն հասցրել են որոշակի պատկերացում կազմել ծառայության մասին:

Հաշված օրեր հետո նորակոչիկներն արդեն պատրաստ կլինեն հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում տալ, որից հետո կմեկնեն հիմնական ծառայության վայր:

Իսկ լավ մասնագետ դառնալու ձգտումը բոլորն ունեն, ու հենց այդ ձգտումն է, որ կօգնի նրանց պաշտպանելու մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/07/2023