Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՍՏԻԿ ԶԻՆՎՈՐԸ



ՊՍՏԻԿ ԶԻՆՎՈՐԸՓոքրիկ Մոնթեն արդեն երեք ամսական է ու իր ծնունդով տունը լցրել է անհուն ջերմությամբ ու երջանկությունով:

Հայերիս համար արու զավակի ծնունդը մի ուրիշ խորհուրդ ունի՝ տոհմի շարունակությունն է, օջախի հույսն ու հայրենիքի սյունը:

Փոքրիկն աչքը բացած-չբացած՝ զինվորական համազգեստ է տեսել շուրջբոլորը։

Մոնթեի հայրիկը՝ ավագ լեյտենանտ Ռաֆայել Սարգսյանը, հայոց բանակի սպա է, 44-օրյա պատերազմի մասնակից։ Պատերազմի օրերին վաշտի հրամանատար էր եւ իր անձնակազմի հետ հերոսաբար մարտնչել է ամենաթեժ հատվածներից մեկում՝ Ջրականում:

Ռաֆայելը մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ: Ապաքինվելուց հետո երիտասարդ սպան վերադարձել է շարք և այսօր էլ շարունակում է ծառայությունը, զորամասերից մեկում գումարտակի հրամանատարի տեղակալ է:

Մոնթեի մայրիկն էլ՝ Կատյան, պահեստազորի սպա է լեյտենանտի կոչումով։ Կատյան նախնական զինվորական պատրաստության ուսուցչուհի է աշխատել Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում:

Ազատամարտիկի աղջիկ է Կատյան։ Հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է, կռվել է Մարտակերտի շրջանում ու հերոսաբար զոհվել Թալիշի մատույցներում:

Փոքրիկ Մոնթեի հորեղբայրները՝ երկվորյակ եղբայրներ Մհերն ու Դավիթը հրետանավորներ են, ժամկետայիններ, 2022 թ. սեպտեմբերին հակառակորդի ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողությունների մասնակից:

♦♦♦

Միջավայրը, որտեղ մեծանում է փոքրիկ Մոնթեն, տոգորված է հայրենի եզերքի հանդեպ անսահման սիրով: Հայրենասիրությունն այս օջախում սիրուն, վեհաշուք խոսք չէ, այլ՝ գործ, ինչը կաթիլ-կաթիլ ներարկվում է  փոքրիկին, ու մի օր հաստատ Մոնթեն էլ կորոշի զինվորական համազգեստ կրել, հայրենիքի զինվորը լինել…

Տա Աստված՝ խաղաղ օրերի զինվոր ու պաշտպան…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Բանակ և հասարակություն


24/07/2023