Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԸՆՏՐՎԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ



ԿԸՆՏՐՎԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸԶորակոչի ընթացքում հայտարարված են մրցույթներ, որոնք զորակոչիկներին հնարավորություն են տալիս ծառայելու ըստ մասնագիտական հմտությունների և ֆիզիկական կարողությունների: Խոսքն այս դեպքում երկու տարբեր, սակայն չափազանց կարևոր ստորաբաժանումների մասին է. մեկը պատվո պահակային վաշտն է, մյուսը արդի տեխնոլոգիաների մշակումների խումբը:

– ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու համար ընտրում ենք ֆիզիկապես ուժեղ, կոփված տղաների, որոնք պետք է լինեն առողջ և հասակն էլ՝ 180-190 սմ,- պարտադիր չափորոշիչները ներկայացրեց քննական հանձնաժողովի նախագահ, գնդապետ Աշոտ Հակոբյանը:

Մրցութային հանձնաժողովի նախագահն ու անդամները ծնողների ներկայությամբ մեկ առ մեկ քննում են զորակոչիկներին, ստուգում նրանց ֆիզիկական տվյալներն ու առողջական վիճակը։

– Երկու ամիս առաջ սկսեցի ուսումնասիրել պատվո պահակային ծառայությունը և այն ինձ դուր եկավ: Գիտեմ, որ շատ դժվար է լինելու այստեղ ծառայելը, բայց հաստատ կհաղթահարեմ այդ դժվարությունները: Ամեն դեպքում բանակում հեշտ ծառայություն չի լինում: Եկել եմ ուժերս փորձեմ: Եթե անցնեմ, շատ ուրախ ու հպարտ կլինեմ ծառայել իմ երկրի զինված ուժերի պատվո պահակային վաշտում: Եթե չանցնեմ էլ, հոգ չէ, որտեղ էլ ծառայեմ՝ ծառայելու եմ պատվախնդրորեն,- վստահեցրեց Էրիկ Սարուխանյանը:

– Էրիկի պես շատերն են եկել մրցույթին մասնակցելու։ Նախքան այստեղ գալը ուսումնասիրել են պատվո պահակային վաշտի կարևոր առաքելությունը և այս ստորաբաժանման կազմում ծառայելու առանձնահատկություններն ու դժվարությունները։

– Արժանապատվորեն եմ ծառայելու: Տրամադրությունս բարձր է: Կարծում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաքացի պետք է իր ներդրումը ունենա պետության կայացման ու զարգացման, բանակի հզորացման ու արդիականացման գործում,- ասաց զորակոչիկ Գևորգ Սարգսյանը:

Իսկ Գուրգեն Հակոբյանը, մրցույթային օրվա առաջին զորակոչիկն է, ում քննական հանձնաժողովը դրական գնահատական է նշանակել, ասաց.

– Ինձ համար ընդհանրապես կապ չունի, թե որտեղ կծառայեմ: Պարզապես ընկերներս խորհուրդ տվեցին ուժերս փորձել, քանի որ տվյալներս համապատասխանում էին առաջադրված պահանջներին:

– Անունն արդեն հուշում է, որ այստեղ և մեծ պատիվ է ծառայելը, և պետք է պատվով ծառայել: Տպավորություններս գերազանց են,- ասաց Արմեն Ուռումյանը:

Աներկբա է, որ մասնակիցները, քաջ գիտակցելով պատվոպահակայինների ներկայացուցչական դերն ու առաքելությունը բանակում և պաշտոնական արարողակարգերի ժամանակ, ձգտում էին հնարավորինս լավ ներկայանալ հանձնաժողովի անդամներին։ Տղաները ոգևորված շեշտում են՝ եթե նույնիսկ վիճակահանության թմբուկից չհանեն պատվո պահակային վաշտում ծառայելու համապատասխան թերթիկը, չեն հուսալքվելու և վստահաբար կատարելու են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը ցանկացած այլ ստորաբաժանման կազմում։

Գնդապետ Հակոբյանը հպարտությամբ նշեց, որ իրենք մշտապես տպավորիչ ելույթներ են ունեցել Հայաստանում ու արտերկրում, ուստի այս տարի նույնպես վաշտի գործառույթները պատվով կատարելու համար ընտրելու են լավագույններին:

♦♦♦

Զորակոչի ժամանակ հայտարարվող մրցույթներից մեկն էլ ՊՆ արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում ծառայելու առաջարկն է, որի նպատակը զինված ուժերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոստումնալից և շնորհալի մասնագետներով համալրելն է։

– Ստուգում ենք տղաների տարբեր ցանցային տեխնոլոգիաների իմացությունը, օպերացիոն համակարգերին, ենթակառուցվածքներին` թե սերվերային, թե պահոցային, տիրապետելը: Եվ տարեցտարի նկատում ենք, որ մասնակիցների ընդհանուր մակարդակը գնալով ավելի է բարձրանում,- ասաց քննական հանձնաժողովի անդամ Խորեն Մամիկոնյանը:

Հաշվի առնելով ոլորտի կարևոր առանձնահատկությունները՝ մրցութային չափորոշիչներն ու պահանջները խիստ են, ինչը միանգամայն օրինաչափ է։ Ակնհայտ է, որ մրցապայքարը թեժ է։

Մեր այն հարցին, թե ինչու են որոշել կարողությունները հենց զինված ուժերում փորձել, զորակոչիկ Նարեկ Հովհաննիսյանը պատասխանեց.

-Դիմել եմ, որ ընդունվելու դեպքում իմ գիտելիքներով ու կարողություններով կարողանամ բանակին օգտակար լինել: Հարցրին ամեն ինչ, մանրակրկիտ ստուգեցին ծրագրավորման ոլորտից:

Մրցույթի մասնակից Գևորգ Սարգսյանն էլ ասաց.

– Ծառայության այս տեսակն ինձ համար շատ լավ տարբերակ է, որովհետև հնարավորություն է ընձեռում կատարելագործելու մասնագիտական գիտելիքներս:

Նարեկն ու Գևորգը հաջողությամբ հաղթահարել են մրցույթի երկու դժվար փուլերը։ Առջևում վերջին փուլն է։ Մրցույթին մասնակցող բոլոր երիտասարդները միակարծիք էին, որ քննական առաջադրանքներն ու թեմաները իսկապես բարդ են, բայց հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարց ու պատասխանը, քննարկումներն ու բանավեճերը հետաքրքիր են անցել։

– Պետք է նշեմ, որ տղաները տեսական գիտելիքների բավականին պաշար ունեն: Օժտված են, պարապած ու կարդացած, ինչը շատ ողջունելի է: Տիրապետում են տեխնոլոգիաներին։ Իհարկե կան տեխնոլոգիաներ, որոնց գործնական փորձը թեև չունեն, սակայն այն փորձել են լրացնել, հարստացնել ավելի շատ գրականություն կարդալով,- ասաց Խորեն Մամիկոնյանը:

Մրցույթը կազմակերպվում է Պաշտպանության նախարարության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է երեք մասնագիտություններով՝ ցանցային ադմինիստրացիա, ծրագրավորում և կիբերանվտանգություն: Այն տղաները, որոնք կհամալրեն արդի տեխնոլոգիաների մշակումների խումբը, հնարավորություն կունենան առավել արդյունավետ օգտագործելու մասնագիտական հմտությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիաների լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ազգային բանակ


24/07/2023