ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ
Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ Մոսկվայից չի ստացել Ասադի վարչակարգի հետ բանակցելու որևէ հրավեր, իսկ երբ ստանա` կմերժի, քանի որ այդ ամենը նպատակ ունի ճնշում գործադրելու ՄԱԿ անվտանգության խորհրդի վրա, որն այսօր լսելու է Արաբական պետություների լիգայի ղեկավարության դիրքորոշումը Սիրիայում տիրող իրավճակի շուրջ: Իսկ ահա Սիրիայի իշխանությունները դրականորեն են արձագանքել Մոսկվայում ընդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Կրեմլի կոչին:
ԲԱՆԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐՎԱՐՁԱՆՆԵՐԸ
Երկօրյա մարտերից հետո կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Դամասկոսի արևելյան արվարձանների նկատմամբ, որոնք հայտնվել էին ընդիմության կողմնակիցների` այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի ձեռքում: Միայն Գուտայի շրջանում մարտերին մասնակցել են մի քանի տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա, իսկ կիրակի օրն ընդհարումներին զոհ է գնացել 60 մարդ:
Սիրիական ազատ բանակի ներկայցուցիչն իր հերթին հայտարարել է, թե իրենք ընդամենը դիմել են մարտավարական նահանջի, ինչից հետո, սակայն, վարչակարգին հավատարիմ կառավարական զորքերը Դամասկոսի արվարձաններում սկսել են զանգվածային ձերբակալություններ:
ԱՍԱԴԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԵՌԱՆԱԼ ՍԻՐԻԱՅԻՑ
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքը կիրակի երեկոյան փորձել է հեռանալ երկրից, սակայն Սիրիական ազատ բանակի ջոկատները կանգնեցրել են Դամասկոսի միջազգային օդանավակայան ուղղվող կառավարական ավտոշարասյան ընթացքը: Նրանց ու նախագահի անվտանգության ծառայության ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է սկսվել: Վերջիններիս օգնության է եկել ռազմական ուղղաթիռ, որի կրակի պաշտպանության ներքո ավտոշարասյունը ետ է դարձել նախագահական նստավայր: Ենթադրվում է, որ մեքենաներում եղել են Ասադի մայրը, կինն ու նախագահի ազգականներից մեկը` երեխաների հետ:
Իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել միջադեպը:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԲԱՆԱԿԻ» ՀԻՄՆԱԴԻՐԸ
Սիրիայի անվտանգության ուժերը, ի կատար ածելով դատավճիռը, գնդակահարել են գնդապետ Հուսեյն Խարմուշին, որը ընդիմության հիմնական զինված խմբավորման` Սիրիական ազատ բանակի հիմնադիրն էր:
Նա բանակից դասալքած առաջին բարձրաստիճան սպան էր, որ 2011 թվականի ամռանը հայտարարեց դասալիքներից բանակ կազմավորելու մասին: Առժամանակ անց Սիրիայի անվտանգության ծառայությունները նրան փախցրեցին Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարից, և երկրի պետական հեռուստատեսությունը շուտով ցուցադրեց կադրեր, որում գնդապետը խոստովանում է, որ դիմել է դավաճանության:
ԼՈՆԴՈՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԿՐԵՄԼԻՆ
Բրիտանական կառավարությունը Կրեմլին նախազգուշացրել է ձեռնպահ մնալ Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից նոր պատժամիջոցներ սահմանող որոշում ընդունելուն խոչընդոտող քայլերից ու ևս մեկ անգամ հայտարարել է, որ Սիրիայի ժողովրդին աջակցելու համար ՄԱԿ-ը պետք է շուտափույթ դիմի գործնական քայլերի: Լոնդոնը հայտարարել է, որ Մոսկվան այլևս ոչ մի հիմնավորում չունի պաշտպանելու Ասադի վարչակարգը: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացոցիչ Վիտալի Չուրկինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարոկկոյի ներկայացրած այդ նախագիծն անընդունելի է Մոսկվայի համար:
Նախօրեին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կպաշտպանեն Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ անվտանգության խորհրդի պատրաստած բանաձևը: Նույնաբովանդակ նամակով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին է դիմել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն:
Սերգեյ Լավրովը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը մշակել է բանաձևի ի՜ր նախագիծը, որը բաղկացած է երեք կետից` ա) բռնության անհապաղ դադարեցում, բ) Սիրիայում ընթացող գործընթացներին օտարերկրյա ցանկացած միջամտության բացառում, գ) առանց նախապայմանների երկխոսություն իշխանության ու ընդիմության միջև:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան