Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



ՊԱՏԻՎ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ-Բոլոր պատերազմներն էլ նման են իրար՝ կորուստ, վիշտ, ավերվում է երկիրը, ավերակվում հոգիդ, խեղվում  են մարդկային ճակատագրեր…

Զրուցակիցս 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Միլոյանն է:

-Տուն չկա, որ պատերազմին մասնակից հարազատ, բարեկամ չունենա, ցավի միջով անցած չլինի: Պատերազմին մասնակցել են հորեղբայրս, քեռիս, քեռորդիս…

Անդրանիկը Կոտայքի մարզի Զովք գյուղից է:

-Կռվի օրերին մեր գյուղի  տղաներն էլ  կանգնեցին  հայրենիքի պաշտպանների կողքին: Գյուղը վեց զավակ է կորցրել՝ ժամկետային զինծառայող Գևորգ Մարտիրոսյան, կամավորներ՝ Մովսես Մովսիսյան, Հովսեփ Մովսիսյան, Հայկ Գևորգյան, Սարգիս Կարապետյան, Դավիթ Եղոյան.. Դավիթը, Սարգիսը, Հայկը դասընկերներս էին…

Դպրոցական տարիներին Դավթի հետ  մի օր միասին որոշեցինք կիսատ թողնել դպրոցն ու գնալ աշխատելու՝ տնեցիներին օգնելու, ձեռքի գումար ունենալու…

Երբ պատերազմի ժամանակ Դավթին կանչեցին զինկոմիսարիատ,  Անդրանիկն  էլ որոշեց կամավոր միանալ:

-Դասարանի տղաներով, գյուղի տղերքով  միացանք ու նույն օրն էլ գնացինք, ներկայացանք մեր տարածքի զինկոմիսարիատ՝ կազմ-պատրաստ  ճակատ մեկնելու:

***

-Մինչև տեղ հասնելը ճանապարհին բազմաթիվ շտապօգնության մեքենաներ էինք տեսնում,- պատմում է Անդրանիկը,- դա արդեն փաստում էր, որ դրությունը առաջնագծում բավականին լուրջ է:

Շտապում էինք շուտ տեղ հասնել, որ մենք էլ թեւ-թիկունք կանգնեինք կռվող տղերքին։

Ստեփանակերտից ուղեւորվեցին Հադրութ, հետո՝ Ջրական՝ «Նարինջ 1» դիրք…

-Պատերազմի մասին պատկերացում ունեինք միայն ֆիլմերից, գրքերից, ազատամարտիկների պատմածներից, բայց այն, ինչ տեսանք կռվի դաշտում, աննկարագրելիորեն տարբերվում էր մեր պատկերացրածից… Պատերազմում տեսածն ու վերապրածը անհնար է մոռանալ…:

***

Անդրանիկը անթաքույց հիացմունքով պատմում է ժամկետայինների անձնուրաց նվիրումի մասին:

-Ապշած եմ  ժամկետային տղաների կամքի ուժով,  վճռականությամբ: Ժամանակին, երբ ինքս ժամկետային ծառայող էի, երբ 18 տարեկան տղերքը գալիս էին համալրելու բանակի շարքերը, կծու հեգնանքով ասում էինք՝ մանկապարտեզը եկավ…

Բայց պատերազմի 18 տարեկանները ուրիշ էին, ի՜նչ փորձառու էին, ի՜նչ արագ ու ճկուն էին գործում, կռվում էին մարտերում թրծվածի խիզախությամբ, մեր հրետանու անձնակազմի հնարամտությունը պիտի տեսնեիք, ճշգրիտ հաշվարկներն ու դիպուկ հարվածները….

Մենք իրենցից մեծ էինք տարիքով, բայց իրենք էին մեզ ոգևորում, մեզ «դուխ տալիս»…:

***

-Պատերազմը տարբերվում էր մասշտաբներով, կիրառվող զինատեսակներով: Մենք կռվում էինք մի քանի երկրներից լուրջ աջակցություն ստացած հակառակորդի դեմ,- շեշտում է Անդրանիկը,-  ուժերը անհավասարաչափ էին: Թշնամու զորքերն անընդհատ համալրվում էին, ու եղավ մի պահ, որ մենք շրջափակման մեջ ընկանք. ծուղակ էին սարքել, հայկական բանակի համազգեստով էին, հայերեն վարժ խոսում էին, բավականին մոտեցան ու սկսեցին կրակ մաղել…Այդ խառը պահին էլ կորցրի ընկերներիս, աչքս անընդհատ տղերքին էր փնտրում…

Անդրանիկը կռվի դաշտում վիրավորվել է:

-Ոտքից վիրավոր էի,  ժամկետային մի զինվոր, ձայնը մինչ օրս ականջումս է, ուսս թափ էր տալիս ու կրկնում՝ ախպե՛ր, վե՛ր կաց, առաջ անցի:  Զինվորն էլ ձեռքից էր վիրավոր, իրար օգնելով առաջ շարժվեցինք…Մեզ մի նախկին զինվորական էր առաջնորդում, պահեստազորի փոխգնդապետ էր, մոբ-ի կազմում եկել էր, որ ժամկետային որդու կողքին լիներ, որդուն չէր գտել, մեզ էր ուղղորդում…

Հետո ընդառաջ եկող շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխեցին Տողի հոսպիտալ, հետո՝ Ստեփանակերտի հոսպիտալ…

 

-Հոսպիտալում պառկած էի,  երբ աղջիկս՝ Լիլիթը,  վազելով ներս մտավ, փաթաթվեց ինձ, ոնց էի հուզվել…Պատերազմի ավարտից երկու ամիս անց էլ ծնվեց երկրորդ աղջիկս՝ Լյուսին…:

Անդրանիկի դեմքին լուսավոր ժպիտ է ուրվագծվում:

-Ավագ աղջիկս՝ Լիլիթը,   վեց տարեկան է, ուզում է զինվորական դառնալ: Ես ավտոմեխանիկ եմ, արհեստանոցս տանս կպած է, երբ մոտս զինվորականներ են գալիս, պետք է տեսնեք  աղջկաս հայացքը, թե ոնց է հիացած նայում համազգեստավոր մարդկանց: Նրանցից մեկը աղջկաս զինվորական շապիկ է նվիրել,  հագից չի ուզում հանել։ Իր տարիքի աղջնակները տիկնիկ, փայլփլուն զարդեր են երազում, ինքը զինվորական համազգեստ  է ուզում, զենք, վերջերս էլ  ծնունդին զինվորական համազգեստ գնեցի, աշխարհն ասես իրեն էին տվել…

***

Ընդամենը օրեր առաջ ծնվել է Անդրանիկի երրորդ երեխան:

-Շատ եմ սպասել այս օրվան, հորս անունն եմ դրել՝ Վահան:

-Եթե մի օր տղադ ասի, որ ուզում է հայրենիքի վահանը դառնալ ու զինվորականի մասնագիտությունն ընտրի՞-  հարցնում են Անդրանիկին:

-Ես պատրաստ եմ, որ աղջիկս էլ զինվորական դառնա…հայրենիքի պաշտպան լինելը պատիվ է ու հպարտություն…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Բանակ և հասարակություն


31/07/2023