Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանով են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ բանակը ոչ միայն մեր նորանկախ պետության հիմնասյուների կարևոր անկյունաքարերից է, այլև մեր բոլոր հաջողությունների գրավականն է: Բանակի առավել իրատեսական, ճկուն ու մարտունակ «մոդելի» վերաբերյալ քննարկումներ եղել են ու դեռ էլի կլինեն: Համարյա բոլորը գալիս են մի ընդհանուր եզրույթի՝ բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ: Շատերը պնդում են, որ պրոֆեսիոնալ բանակի վերաբերյալ հայեցակարգ կազմելու համար պետք են քննարկումներ զանազան հարթակներում: Այո՛, այդպիսի բանակը միանգամից չի ստեղծվում. այն փուլային անցումներով է վերջնարդյունքի հասնում, սակայն, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ձգձգումը (քննարկումներ, հայեցակարգի մշակումներ) հավասարազոր է պարտության առանց պատերազմելու: Ըստ իս (սա իմ սուբյեկտիվ կարծիքն է), մարտունակ ու պրոֆեսիոնալ բանակի հիմքերը նորովի տրվել են արդեն 2022 թ.-ի դեկտեմբերից, երբ զինված ուժերում ներդրվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

Ի՞նչ առավելություններ ունի, կամ ինչո՞վ է արդիական այս ծրագիրը: Առաջին հերթին՝ ժամկետային ծառայության մեջ գտնվող շարքայինը կամ սպան վեց ամիս ժամանակ ունի մտածելու՝ արդյո՞ք ինքը պատրաստ է հինգ տարի զինվորական ծառայության: Սա շատ էական է, որովհետև, եթե զինծառայողը բանակից հետո այլ ծրագրեր չունի, ապա նա փաստացի հինգ տարի իրեն ապահովում է աշխատանքով, ընդ որում՝ մրցունակ աշխատավարձով: Հաջորդը՝ վեց ամիս ծառայողին ժամկետային ծառայությունն ավարտելու համար մնում է 1.5 տարի, որը փոխարինվում է հինգ տարով, այսինքն՝ նա զինծառայության մեջ մնում է հավելյալ 3.5 տարի, որի ընթացքում, բացի մեր երկրի համար բավականին լավ աշխատավարձը, նա օգտվում է սոցփաթեթից, դրան գումարած՝ նաև այն հավելավճարը, որը նա կստանա օրենքով սահմանված կարգով զինծառայողների ատեստավորման ժամանակ դրական արդյունք գրանցելու դեպքում: Հինգ տարուց հետո (պայմանագիրը լրանալուց) զինծառայողը ստանում է պատվովճար (5 մլն դրամ)՝ այն կարող է տնօրինել ըստ ցանկության: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նույնիսկ առողջական վիճակի պատճառով ժամկետից շուտ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում զինծառայողը ստանալու է պատվովճար: Մի խոսքով՝ բանակային ծառայության գրավչությունը բարձրացնելու համար ծրագիրը լավն է, բայց վերջնարդյունքը ավելի շոշափելի զգալու համար ժամանակ է պետք:

 

ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ

Արարատի համայնքապետարանի

գլխավոր մասնագետ

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին կես տարի առաջ եմ լսել, երբ քեռորդիս որոշեց ծառայել այդ ծրագրով:

Կարծում եմ՝ այն բավականին դրական կողմեր ունի՝ ե՛ւ հայրենիքդ ես պաշտպանում, ե՛ւ միաժամանակ աշխատավարձ ես ստանում, կարող ես բնակավայրիդ մոտ ծառայել:

Ավելին՝ եթե ատեստավորումն էլ բարեհաջող անցնում ես, աշխատավարձդ բարձրանում է։

Ծրագրի ավարտին էլ մասնակիցներին տրամադրվելու է 5 միլիոն պարգևավճար, որը կարող են գործածել ցանկացած նպատակի համար:

Երիտասարդներից շատերը, վստահ եմ, գումարը կծառայեցնեն կրթվելու, ուսման նպատակով:

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ուսանող

***

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵս ապրիլյան մարտական գործողությունների եւ 44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Քարվաճառում ժամկետային զինծառայող էի, երբ ապրիլյանը սկսվեց, իսկ 44-օրյա պատերազմին կամավոր եմ գնացել, կռվել եմ Ակնայում։

Պատերազմից հետո, երբ եղբորս՝ Նարեկին, պահեստազորի եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցագիր եկավ, ես էլ կամավոր միացա:

Այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ պարբերաբար խախտվում է խաղաղությունը:

Կայուն ու հաստատուն հող ունենալու համար մեզ նախեւառաջ պետք է ամուր ու արհեստավարժ բանակ, ու բնականաբար, ամեն քայլ ու ծրագիր, որ նպաստում է երկրիդ, բանակիդ առավել ամրապնդմանը, պետք է միանշանակ առանց խոչընդոտների ընդունվի ու կիրառվի։

Պայմանագրային զինծառայությունն այն հիմքն է, որի վրա կարելի է արհեստավարժ բանակ կառուցել:

Նոր ձեւաչափով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայությունը բազմաթիվ առավելություններ ունի, այն ուղղված է սպայի, զինվորի սոցիալական կարգավիճակի զգալի բարելավմանը, ծառայությունը առավել գրավիչ դարձնելուն: Վստահ եմ՝ շատերը կնախընտրեն այս տարբերակը:

ԹԵՎՈՍ ԹԵՎՈՍՅԱՆ

Երեւանի մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկ

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ազգային բանակ


31/07/2023