Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ



ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻՎարպետ Ռուբենը երկար տարիներ տաքսի էր վարում: Ինչպես ինքն է ասում՝ ինչ ինձ հիշում եմ, մեքենայի ղեկին եմ: Նա մեծ սիրով ու ջանասիրաբար էր իր գործն անում: Նրա մեքենան միշտ մաքուր էր, ներսը՝ կոկիկ: Ծանոթ-անծանոթ զանգահարում և ցանկություն էին հայտնում, որ հենց վարպետ Ռուբենն իրենց սպասարկի: Նա ամեն առավոտ դանդաղ, մանրակրկիտ սափրվում էր, փոքր սանրով, որը միշտ գրպանում էր պահում, սանրում էր արդեն նոսրացած մազերը, գրպանում խնամքով տեղավորում կնոջ արդուկած թաշկինակը, փայլեցնում էր կոշիկներն ու գնում աշխատանքի: Վարպետ Ռուբենը երեք դուստր ուներ, ինչի համար հաճախ էր հանդիմանում կնոջը, և յոթ թոռ՝ բոլորն աղջիկ:

-Էէէէ, տիկին Ջուլիա, մի տղա էլ չպարգևեցիր ինձ,- հաճախ էր հանդիմանում կնոջը, շատ լավ հասկանալով, որ նա այս հարցում ընդհանրապես մեղավոր չէ:

Էսպես տարիներն անցնում էին, տարիների հետ էլ ավելանում էին վարպետ Ռուբենի հաճախորդները:

Մի առավոտ նա սովորականի պես աշխատանքի էր դուրս եկել: Ուղևոր չուներ: Մեքենայով անցնում էր կրկեսի մոտով, երբ կանգառում մի կնոջ նկատեց, որը մանկահասակ երեխային կրծքին սեղմած, օգնություն էր աղերսում: Վարպետ Ռուբենն անմիջապես արգելակեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը, որի գրկի երեխան, որ հազիվ մեկ տարեկան լիներ, գրեթե անգիտակից էր:

Վարպետ Ռուբենն առանց մտածելու տեղավորեց նրանց մեքենայում և գործի դրեց շարժիչը: Լռության մեջ միայն մոր զուսպ հեկեկոցն էր լսվում ու մեկ էլ՝ «Աստված ջան, էրեխուս փրկի»-ն: Հասան մանկական հիվանդանոց: Նրանց դիմավորած բժիշկների խոսակցությունից հասկացվեց, որ երեխայի վիճակը ծանր է… Փոքրիկը շատ խորը այրվածքներ էր ստացել:

Համապատասխան միջամտություններից հետո պետք է սպասեին մինչև առավոտ, որից հետո պարզ կլիներ՝ փոքրիկը կապրի, թե…

Ժամերն անցնում էին: Հիվանդասենյակում մայրն էր ու վարպետ Ռուբենը: Թե ինչպես էր աթոռին թիկնած աչքերը կպել՝ չէր հասկացել… Բժշկի ձայնից վեր թռավ ու փութաց միջանցք:

-Վտանգն անցել է, ամեն ինչ լավ կլինի,- ասաց բժիշկը: Ռուբենը գրկեց բժշկին, և բառերը մնացին կոկորդում… Թափվող արցունքներն իր փոխարեն ամեն ինչ ասացին:

-Պապիկն եք հա՞ երևի,- հետաքրքրվեց բժիշկը:

-Պապիկն եմ, պապիկը,- արցունքները սրբելով մի կերպ արտաբերեց վարպետ Ռուբենը:

Այդ դեպքից հետո Ռուբենի ընտանիքը երկար ժամանակ մտերմություն էր անում Անահիտի հետ: Փոքրիկ Տիգրանը հրաշալի բալիկ էր մեծանում: Ամեն շաբաթ վարպետ Ռուբենը Տիգրանի ձեռքը բռնած շրջում էր քաղաքով, պատմում մեր քաղաքի գեղեցիկ պատմությունը: Տիգրանը կլանված լսում էր Ռուբենին և ամեն պատմության վերջում ասում.

-Պապի՛կ, արի քեզ գրկեմ:

Ռուբենը կրծքին էր սեղմում մանկիկին, և նրա սիրտը մի ուրիշ ջերմությամբ էր լցվում:

Տարիներ էին անցել: Անահիտը որդու հետ տեղափոխվել էր արտերկիր՝ ծնողների մոտ, և կապը վարպետ Ռուբենենց հետ կտրվել էր: Ռուբենը միշտ կարոտով էր հիշում փոքրիկ Տիգրանին, սակայն նրան գտնել չէր հաջողվում:

…2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր… Պատերազմ… Վարպետ Ռուբենն էլ տաքսի չէր քշում: Նա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով առաջնագծից վիրավորներին էր տեղափոխում: Արդեն յոթանասունը բոլորած մարդը ասես գերբնական ուժ էր ստացել: Օրական մոտ մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ էր անցնում մեքենայով: Բերում էր վիրավորներին, տեղավորում հիվանդանոցներում ու նորից հետ վերադառնում:

Հերթական անգամ վարպետ Ռուբենը մեքենայով սլանում էր Արցախ: Հասավ նախորոշված վայր: Վիրավոր զինվորներով պատգարակները շարված էին կողք կողքի: …Ամեն անգամ այս տեսարանից վարպետ Ռուբենի սիրտը ճմլվում էր, չնայած որ նույնիսկ վիրավոր վիճակում մեր հայ զինվորի մարտական ոգին անկոտրում էր՝ «Հեսա էս բեկորները հանեն, էլի հետ եմ գնալու, մենք սրանց հող չունենք տալու», ասում էին նրանք: Ու վարպետ Ռուբենի սիրտը հուզմունքից ու հպարտությունից թրթռում էր։ Նա հերթով բոլորին համբուրում էր, գրկում, օգնում, որ տեղավորվեն մեքենայում:

-Ճանապարհ տվեք, ծանր վիրավորի ենք բերում, շտապ պիտի հասցնել հոսպիտալ,- լսվեց քիչ անց: Վարպետ Ռուբենը խառնվեց իրար, արագ մոտեցավ պատգարակին, որտեղ ծանր վիրավորում ստացած զինվորն էր՝ անգիտակից…Հազիվ 19 տարեկան կլիներ…Ռուբենին դիմագծերը ծանոթ թվացին, նա լարեց հիշողությունը, բայց չկարողացավ հիշել…

-Արագ տեղավորեք պատգարակը,- սպան էր, որի զինվորն էր երևի երիտասարդը: Մինչ վիրավորին տեղափոխում էին մեքենա, հանկարծ վարպետ Ռուբենը մոտեցավ զինվորին, բացեց կուրծքն ու քարացավ… Կրծքի վրա այրվածքների սպիներն էին, ճիշտ այնպես, ինչպես Տիգրանի մոտ: Հաստատ Տիգրանն է, անցավ Ռուբենի մտքով։

Թե ինչպես էին հասել Երևան՝ Ռուբենը չէր հիշում: Թե ինչ արագությամբ էր վարել մեքենան՝ նույնպես չէր հիշում: Գլխում փոքրիկ Տիգրանի հետ անցկացրած լավագույն օրերն էին ու նրա տնքոցը, որ մերթընդմերթ հասնում էր ականջին ու սեղմում կոկորդը:

-Օգնե՛ք, բժի՛շկ ջան, թոռս է, վիրավոր է, խնդրում եմ, փրկե՛ք էրեխուս,- միջանցքով գոռալով վազում էր վարպետ Ռուբենը,- էս մի տղա թոռն ունեմ, փրկե՛ք, ձեր ցավը տանեմ…

Տիգրանին տարան վիրահատարան, Ռուբենը մնաց դռներից այն կողմ… Գլուխն առել էր ափերի մեջ ու անձայն հեկեկում էր՝ միայն ուսերն էին ցնցվում…

Թե որքան ժամանակ էր այդպես հայացքը մի կետի հառած նստել, չէր հիշում: Հանկարծ մի կին մոտեցավ.

-Վարպետ Ռուբեն, ես եմ, Անահիտը, Տիգրանի մայրը, հիշեցի՞ք ինձ,- կնոջ ձայնը դողում էր հուզմունքից:

Ռուբենը վեր թռավ տեղից, գրկեց Անահիտին: Մի բուռ դարձած այդ կինը լուռ արտասվում էր: Ամեն մեկն իր սրտում Աստծուց էլի հրաշք էր խնդրում:

Ժամեր էին անցել: Ռուբենն ու Անահիտը կողք կողքի նստած լուռ սպասում էին:Նրանց հայացքներում ամեն բան մարել էր՝ միայն սպասումն էր մնացել…

…Վիրահատարանի դուռը բացվեց: Բժշկին տեսնելուն պես վարպետ Ռուբենը տեղից թռավ: Անահիտը չկարողացավ մոտենալ… Նա ոչինչ չէր լսում, միայն տեսնում էր, թե ինչպես է Ռուբենը բժշկի հետ խոսում…

-Բժի՛շկ ջան, ձեր ցավը տանեմ, ես ձեր հոգուն մատաղ,- հեկեկում էր վարպետ Ռուբենը,- Անահիտ, Անահիտ ջան, փրկել են Տիգրանին, փրկել են, լսում ես՞… Ես ասում էի, չէ, որ ամեն ինչ լավ կլինի…

 

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ

Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Հոգևոր-մշակութային


07/08/2023