Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՂԱՎԱՐԴ



ԹԱՂԱՎԱՐԴԱրցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի անունը շատերն իմացան 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղի մի հատվածը՝ Վերին (Բուն) Թաղավարդը, հայտնվեց Ադրբեջանի զինված  ուժերի վերահսկողության ներքո, իսկ Ներքին Թաղավարդը (Կալեր)՝ հայկական ուժերի։ Հինավուրց հայկական գյուղը մյուս հայկական բնակավայրերին միանում է միակ ճանապարհով՝ Կարմիր Շուկայի հայտնի մայրուղիով, որը կապում է Թաղավարդը մայրաքաղաք Ստեփանակերտին Սարուշեն, Խաչմաչ, Շող և Մխիթարաշեն գյուղերով։

Սակայն ամենաողբերգականն այն է, որ Վերին (Բուն) Թաղավարդում են մնացել եկեղեցին ու գերեզմանատունը, գյուղի հայկականությունը փաստող մյուս հինավուրց հուշարձանները։

1920 թ. ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգեզուրից Վարանդա ուղարկում է Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Կազմավորվում է Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատում է Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920 թ. ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։

Գյուղի անունն առաջացել է գեղատեսիլ ու ծաղկառատ բնությունից. վարդերի թաղ կապակցությունը ձևափոխվել է և դարձել Թաղավարդ։ Որոշ աղբյուրներ փաստում են, որ Թաղավարդի նախնական անվանումը եղել է Այգեհովիտ, այնուհետև Բրդահունջ։ Վերին Թաղավարդը անվանում են նաև Զարդարաշեն։

«Հիմնուած է Վարանդա գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, գիւղի դիրքն՝ արեւելահայեաց լանջ. բնակիչք բնիկ, հողն բեկական, անջրդի, բարեբեր, տեղական բարքերն նոյն (կայ այգի եւ թթենի), օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք՝ 100, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ»։ ՄԱԿԱՐ եպիսկոպոս ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆՑ, «ԱՐՑԱԽ», 1895 թ.։

Թաղավարդը հնում մտնում էր Ղարաբաղի Վարանդայի մելիքության, հետո՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Ինչպես Արցախի շատ ու շատ գյուղեր, Թաղավարդն էլ դաժան ճակատագիր է ունեցել, բազմիցս ավերվել է և նորից ու նորից վերաշինվել։ XIX դարի սկզբներին հին բնակավայրի ավերակների վրա կառուցվում է նոր բնակավայրը՝ Ներքին Թաղավարդը։

«Թաղավարդի հարաւային կողմը բարձրացած է ձուաձեւ բլրակ մը, որուն վրայ հին ժամանակներէ անտաշ քարերով շինուած վանք մը կայ, ասոր Ջոխտ Պռըւածառ անունը կու տան։ Շինութիւնը որ կիսաւեր է, կը բաղկանայ եկեղեցիէ եւ գաւթէ։ Ունի մի քանի արձանագրութիւններ։ Բարեպաշտ գիւղացի մը աւերակիս փլատակները մաքրած է։ Վանքս այժմ ուխտատեղի է։ Վերին եւ Ներքին Թաղավարդներու միջեւ կը գտնուի Գեօգ անուամբ ուխտական մատուռ մը, որուն շուրջը հանգստարան է։ Ուխտի օրն է Համբարձման տօնին»։ ՄԱԿԱՐ եպիսկոպոս ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆՑ, «Արցախ», 1895 թ.։

ԹԱՂԱՎԱՐԴԵ՛վ Վերին Թաղավարդը, և՛ Ներքին Թաղավարդը հարուստ են պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով, որոնցից նշանավոր են Բերդահոնջի ամրոցը և եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ճոխտ Պըռվածառ սրբատեղին և վանական համալիրը, Չուրվիշ սրբատեղին և եկեղեցին, Շինատեղին արտ գերեզմանոցը, Գյոգ գերեզմանոցը, Հին Թաղավարդ եկեղեցին։

Թաղավարդը նշանավոր է նաև իր բազմաթիվ աղբյուրներով՝ Երե, Ներքե, Պլպլան, Խուռհատ, Կաթնաղբյուր, Շորեն, Բաղունց, Ցորտցորտ, Դերին, Բլբահանդ, Ղազունց, Սլակնեն և այլն։

Նշանավոր Բերդահոնջի ամրոցը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, չորս կողմից առանձնացված մի ձվաձև լեռան վրա։ Տարածքում պահպանված գտածոները փաստում են, որ ամրոցը կառուցվել է VIII-XIII դարերում։ Պահպանվել են ոչ միայն ամրոցապատերն ու պարիսպներից մնացորդներ, այլ նաև միջնաբերդից ու հարակից այլ շինություններից, ջրամբարից ու ամրոցը սնուցող աղբյուրներից հետքեր։ Բերդահոնջի ամրոցը Արցախի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող պաշտպանական կառույցներից մեկն էր, որի մասին ավելի հանգամանալի նկարագրում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։ Բերդահոնջ ամրոցից մոտ 600 մ արևելք, անտառապատ տեղանքի բարձրադիր վայրում, Շեխեր տանող հին ճանապարհի եզրին գտնվում է Բերդահոնջի եկեղեցին՝ կառուցված XVII դարում։

Վերին Թաղավարդ գյուղում նշանավոր է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1840 թ. Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի ջանքերով։

1884 թ. Վերին Թաղավարդ գյուղից 1,7 կմ հարավ-արևելք, բարձրադիր անտառապատ լեռնագագաթին գտնվող խաչքարի մոտ, որը յուրօրինակ ուխտատեղի էր դարձել, գյուղացիները որոշում են մատուռ կառուցել։ Սակայն հիմքերը փորելիս հայտնաբերում են հողով ծածկված եկեղեցին, որն անվանում են  Ճոխտ Պըռվածառ (Զույգ Պառավածառ)։ Վանական համալիրն ընդգրկում է մի քանի պաշտամունքային շինություններ, կից կառույցներ։ Արձանագրությունները փաստում են, որ յուրաքանչյուր կառույց տարբեր ժամանակաշրջանում է կառուցվել, այդ իսկ պատճառով վանական համալիրի կառուցման ստույգ թվական չի նշվում, թվագրվում է IX-ից XVII դարերով։ Վանական համալիրը հայտնի է նաև մեկ այլ անվանումով՝ Բարևածառի վանք։ Եկեղեցու տարածքում, մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը, պահպանվել էին X-XIII դարերի մեկ տասնյակից ավելի խաչքարեր, որոնք առանձնապես կարևոր էին իրենց արձանագրություններով։

ԹԱՂԱՎԱՐԴ«Սուրբ Պետրոս, կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգու իմոյ և ծնողաց իմոյ։ Արդ, որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յիշեցէք եւ Աստուած զձեզ յիշեսցէ թվ. ՆԽԶ (997 թվ. )»։ Ա. Բաբախանյան, Ուխտավորի հիշատակարան, Շուշի, 1885 թ.։

Ղևոնդ Ալիշանն իր «Արցախ» աշխատության մեջ պատմական ու աշխարհագրական, բնագիտական ճշգրտությամբ է ներկայացնում Մեծ Հայքի 15 նահանգներից տասներորդը՝ Արևելից կողմանք Արցախը։ Վարանդայի գավառի գյուղերին անդրադառնալիս մեծանուն գիտնականն անդրադառնում է նաև Թաղավարդին. «Վարանդայի երկայնաձիգ լեռնապարը արևմուտքից անջրպետում է այն սահմանում, որի հյուսիսային ստորոտում նշվում են Սալման, իսկ արևմտյան կողմում Թագավարդ գյուղերը»։

Թաղավարդ գյուղը հայտնի է նաև որպես նշանավոր գրչության կենտրոն, որտեղ գրվում, ծաղկազարդվում, ընդօրինակվում ու մինչև մեր օրերն էին հասնում պատմական, մեկնողական, ծիսական ու փիլիսոփայական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 1650 թ. այստեղ՝ «Ի յերկիրս Վարանդա, ի գեաղս Թաղաւարդ» Սարգիս քահանայի խնդրանքով թաղավարդցի Կատարինա կույսն ընդօրինակում է, իսկ Գայանե կույսը նկարազարդում է մի «Ավետարան», որն այժմ պահվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում։ 1717 թ. Թաղավարդ գյուղում է ընդօրինակվել նաև միջնադարյան բանաստեղծ, իմաստասեր, երաժիշտ ու աստվածաբան Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։ Ձեռագիրը ներկայումս պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Հիշյալ ձեռագրերի հիշատակարաններում բազմաթիվ պատմական նյութեր և ուշագրավ տեղեկություններ են պահպանվել Արցախ աշխարհի պատմության ու հոգևոր կյանքի վերաբերյալ։

Թաղավարդի պատմական հուշարձանների շարքում առանձնակի դեր ունեն հարավարևմտյան կողմում գտնվող քարանձավները (քարե այրեր) և հողի մեջ փորված այրերը (կհոլներ)։

ԹԱՂԱՎԱՐԴԹաղավարդցիները շատ էին սիրուն Փաթանց քար սրբատեղին, որը մի տափակ քար է՝ վրան խաչ քանդակված։ Հնում գյուղացիները անձրևոտ օրեր ցանկանալու դեպքում խաչի վրա ջուր էին ցողում, իսկ արևոտ օրերի համար, դարձյալ քարի վրա, կրակ էին անում։

Խորհրդային տարիներին Թաղավարդը հայտնի էր իր մետաքսամշակման գործարանով։ Իսկ գյուղի մոտակայքում գտնվող ոսկու և պղնձի հանքավայրերը XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին շահագործում էին անգլիացիները։

Թաղավարդի կողքով հոսող գետի ափերով ձգվող մոտ 200 դամբարանաբլուրները վկայում են, որ այս հովիտը Արաքսի հարթավայրից Արցախ շարժվող էթնիկ խմբերի համար եղել է տարանցիկ ուղի։

Պատմելով ու նկարագրելով Արցախ աշխարհի, նրա գյուղերի ու վանքերի, պատմական հուշարձանների մասին ավանդազրույցները, պատմական դեպքերն ու հերոսական դրվագները, փորձում ենք արժևորել դարեր շարունակ հինավուրց այս հողի վրա ապրող ու արարող արցախցու նկարագիրը, դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հրոսակներին դիմակայելու և ամեն գնով Արցախը հայ պահելու ժողովրդի կամքը։

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Հոգևոր-մշակութային


07/08/2023