Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ



ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ-Ամուսինս շատ էր առաջարկել, ես դժվարությամբ ընդունեցի։ Այս երկու տարվա մեջ եղան տարբեր դժվարություններ, բազում փորձությունների միջով անցանք, հետո ստացվեց… Ստացվեց, ու այս հրաշքը եկավ մեր տուն:

Մանուշ Սահակյան

 

Այդ երկար սպասված հրաշքը Շահրամանյանների կյանքի նոր լուսավոր կետն է՝ Արիանան, որն իր ծնունդով արդեն 20 օր է՝ ընտանիքի ամբողջ մթնոլորտն է փոխել՝ սեր, ժպիտ ու ջերմություն բերել։

-Երեխայի ծնվելուց հետո բոլորովին այլ մի աշխարհ է մտել մեր տուն… Չգիտեմ, կարծես տիեզերքից ուղարկված կարոտն ընկել է մեր գիրկը։ Ինձ համար շատ դժվար էր, բայց հիմա տեսնում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Մի նոր լուսավորություն, նոր շունչ է եկել մեր տուն,- ասում է Մանուշը։

-Որոշեցինք, որ թե՛ երեխաների, թե՛ մեզ համար, իրոք, անհրաժեշտ է փոխել կյանքը, փոխել մթնոլորտը ընտանիքում… Արիանայի ծնունդը ապրելու լրացուցիչ խթան հանդիսացավ։ Մինչև այսօր մենք մեր երկու երեխաների՝ Ելենայի և Արմանի շնորհիվ էր, որ ատամներս սեղմելով դիմանում էինք ու ապրում։ Սակայն Արիանայի ծնվելուց հետո արդեն նպատակներ ունենք՝ մեծացնել, կրթել, ամուսնացնել, թոռնիկներ ունենալ,- շարունակում է հայրը։

Ապրելու նոր իմաստը վերագտած ու նոր նպատակներ իրենց առջև դրած ծնողներն անկեղծանում են. չորրորդ երեխա ունենալու մասին դեռ նախքան պատերազմն էին մտածել, որդու՝ բանակ զորակոչվելուց ամիսներ առաջ, բայց հետո ժամանակը գրեթե երեք տարի կանգ էր առել։

-Մեծ տղաս՝ Զորիկս, այդ մտքից շատ էր ուրախացել, ասում էր՝ մա՛մ, բայց ես կհասցնե՞մ տեսնել (նկատի ուներ, որ շուտով բանակ էր գնալու)։ Հարցրի՝ ուրախ չե՞ս։ Ասաց՝ շատ եմ ուրախ, ուզում եմ, որ մեր տանը երկու քույր ու երկու եղբայր լինենք,- պատմում է մայրը։

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄՈւ հենց Զորիկն էլ մոր երազում առաջինն է ավետել Արիանայի մոտալուտ գալստյան մասին։ Մայրը պատմում է փոքր-ինչ խառը երազի մասին, թե ինչպես երազում գրկին շուն էր տեսել, իսկ դիմացը որդին էր կանգնած՝ ժպիտը դեմքին։

-Զորիկս հիացած նայում էր ինձ, գրկիս մեջ։ Ես էլ մտածում եմ՝ խեղճ երեխաս չգիտի, որ մենք շուն ենք պահում։ Նորից իր հայացքով հասկացնում է, որ գիրկս նայեմ։ Նայում եմ՝ տեսնեմ գրկումս նորածին երեխա է։ Հաջորդ օրը պարզվեց, որ բալիկի ենք սպասում։ Ամբողջ հղիության ընթացքում, որքան էլ հուսահատված էի լինում, ես զգում էի տղայիս ներկայությունը. ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու։

Ցավոք, 44-օրյա պատերազմում արիաբար ընկած Զորիկ Շահրամանյանը երկրային կյանքում չհասցրեց տեսնել կրտսեր քրոջը։ Նա կռվեց իր ծննդավայր Արցախում և ամեն ինչ արեց իր մարտական խնդիրը գերազանց կատարելու համար, սակայն հոկտեմբերի տասին զոհվեց հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։

-Զորիկիս երազանքներից մեկը զինվոր դառնալն է եղել։ Շատ մեծ ոգևորությամբ գնաց բանակ… Նա զինվորական ընտանիքում է մեծացել, այդ ամենը տեսել է հորից։ Եղբորս զոհվելուց հետո մեր տանն անընդհատ խոսել ենք նրա մասին,- ասում է մայրը։

Տիկին Մանուշը իր մաշկի վրա է զգացել պատերազմի դառնությունն ու հետևանքները դեռ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ, երբ ռազմաճակատում կորցրել է հարազատ եղբորը։ 44-օրյային էլ առաջնագծում ոչ միայն որդին էր, այլև ամուսինը, որն ինքն էլ երկար տարիներ ծառայել է զինված ուժերում։ Պահեստազորի փոխգնդապետը պատերազմի հենց առաջին օրը որպես կամավոր մեկնել է ծննդավայր Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։

-Զորիկն ինձանից մոտ 3-4 կմ հեռու է եղել… Պատերազմի ժամանակ միայն մի անգամ եմ հանդիպել. հենց կրակային դիրքում գտա նրան։ Մի կերպ հանդիպեցինք, նկարվեցինք… Տրամադրությունը շատ բարձր էր, բոլորը ոգևորված էին… Ես ականատես եմ եղել տղաների սխրանքներին, հերոսություններին: Իրոք, արիաբար էին մարտնչում՝ «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով,- պատմում է հայրը։

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄՌազմաճակատում որդուն կորցրած ծնողները հուզմունքով ու հպարտությամբ ասում են՝ «շատ տղաներ ընկան հանուն հայրենիքի, այդ իրողությունը պետք է ապրելու ու պայքարելու ուժ տա բոլոր որդեկորույս ընտանիքներին, իսկ այդ ուժն ու խթանը պետք է դառնան լույս աշխարհ եկող փոքրիկները»։

-Ես խորհուրդ կտամ, անկախ տարիքից, անպայման երեխաներ ունենան։ Ասում եմ՝ հաջորդ լավ լուրը ձեզանից լսեմ։ Ես իրոք չէի սպասում, որ երեխայի ծնունդը մեր օջախում ինչ-որ բան կփոխի, որովհետև միշտ կասկածում էի՝ ոնց կարող ենք սիրել այս մեծ վշտից հետո, չէի պատկերացնում՝ ինչ կարող է լինել։ Բայց մեր ընտանիքում շատ բան է փոխվել։ Կրկին մայրանալը մի ուրիշ զգացողություն է… Տարիքային ոչ մի տարբերություն չեմ տեսնում, ինչպես առաջնեկիս եմ առաջին անգամ գրկել, լողացրել, նույն կերպ Արիանային եմ անում,- ասում է մայրը։

-Մեզ նման որդեկորույս ծնողներին խնդրում եմ՝ թող ունենան երեխաներ… Չեմ կարողանում բացատրել, թե Արիանայի ծնունդով ինչ ոգևորություն է եկել մեր ընտանիք, ինչքան է փոխվել տան մթնոլորտը։ Նրանք կրկին նպատակներ կդնեն իրենց առջև, ապրելու ցանկություն կունենան, որ ապրեցնեն այդ նորածին փոքրիկին, հասցնեն իր նպատակներին…,- հորդորում է հայրը։

Շահրամանյանների զինվորական ընտանիքում մշտապես եղել և այսօր էլ կա դաստիարակության մեկ կարևոր սկզբունք ու բանաձև՝ լինել հայրենասեր, հայրենիքին արժանի ու պիտանի մարդ։ Ու անկախ պատերազմի անդառնալի հարվածից, այդ կարևոր արժեքներով են մեծացնելու նաև Արիանային, որը տարիներ անց հպարտորեն է ասելու՝ ԵՍ ԶՈՐԻԿ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՔՈՒՅՐՆ ԵՄ։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Ճակատագրեր


07/08/2023