ԿԱՐԴԻՆԱԼԸ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԴԱՌՆԱԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ
1895 թ. սեպտեմբերի 18-ին Ախալցխայում, Հարություն և Իսկուհի Աղաջանյանների ընտանիքում, լույս աշխարհ է գալիս Ղազարոս Աղաջանյանը, որն աշխարհին ավելի հայտնի է կարդինալ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյան անունով։
Ծնողները, որ անսահման հավատով մարդիկ էին, իրենց զավակին ուսանելու են ուղարկում Թիֆլիսի Աստվածաբանական ճեմարան։ 1906 թ. դեռևս ճեմարանը չավարտած՝ պատանի Ղազարոսին ուղարկում են Հռոմ՝ ընդունվելու Հռոմի Պապական համալսարանը։ Տեր Սարգիս Աբրահամյանը (Հռոմի Լևոնյան վարժարանի տեսուչը) մի փոքրիկ գրություն է ուղարկում Հռոմի Պապական համալսարանի տեսուչին, որտեղ գովեստի շռայլ խոսքեր է գրում Ղազարոս Աղաջանյանի հասցեին՝ վստահեցնելով, որ չնայած վերջինս ընդամենը 11 տարեկան է, կարճ ժամանակում գերազանց առաջընթաց կապահովի, որովհետև չափազանց ընդունակ է և խելացի։ Տիրապետում է իտալերենին, ինչպես նաև գիտի լատիներենի քերականությունը։
1917 թ. Աղաջանյանը Հռոմում ձեռնադրվում և օծվում է կուսակրոն հայ կաթոլիկ հոգևորական և իր համար որպես նոր անուն ընտրում է Ֆրանցիսկոս Ղազարոս անունը։
1919 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից քիչ անց Ֆրանցիսկոս Ղազարոս Աղաջանյանը գալիս է Թիֆլիս, ուր այդ ժամանակ շատ էին ցեղասպանությունից ու պատերազմական իրադարձություններից տեղահանված մազապուրծ նրա հայրենակիցները։ Նա գալիս էր ծառայելու և զորավիգ լինելու այդքան տառապանք տեսած իր ժողովրդի զավակներին։
1921 թ. Հռոմից նրան ետ են կանչում, և նա ստանձնում է Լևոնյան վարժարանի փոխտեսուչի, ապա նաև՝ տեսուչի պաշտոնը։ Շատ կարճ ժամանակում տարբեր նշանակումներ ու պաշտոններ հաջորդում են մեկը մյուսին։
1937 թ. նոյեմբերին ընտրվում է Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք։ Դառնալով կաթողիկոս-պատրիարք՝ նա իր համար ընտրում է Գրիգոր- Պետրոս Աղաջանյան անունը, երբ ընդամենը 42 տարեկան էր։ «Բարի կամքն ինձ չի պակասել՝ օգտակար լինելու իմ սիրելի ու բազմաչարչար ժողովրդին, բարի կամքն ինձ չի պակասելու նաև ապագայում, քանի դեռ Տերը կկամենա ինձ կյանք տալ»։
Իր պատրիարքության ընթացքում նա կառուցում է 12 եկեղեցի աշխարհի տարբեր ծագերում, որտեղ հայ համայնք կա, 15 դպրոց, 2 որբանոց և 2 հոգևոր ճեմարան, հիմնադրում է հոգևոր շաբաթաթերթ։ Բեյրութի պատրիարքական նստավայրի բակում Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը կանգնեցնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը՝ «Որպես մի հուժկու ազդակ ամբողջ աշխարհով մեկ սփռված իր բոլոր զավակներին»։
1939 թ. թուրքական հատուկ նշանակության մի զորաբանակ, ֆրանսիական իշխանությունների լուռ համաձայնությամբ, ներխուժում է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղը և փորձում իր ազդեցությունը տարածել ու թրքացնել հայաշատ այդ տարածաշրջանը։ Սակայն Աղաջանյան պատրիարքի և Փարիզի հայ համայնքի ջանքերի շնորհիվ Քեսաբի հողերի մեծ մասն ազատագրվում է թուրքական գրավումից։
Խոր ցավ ապրող պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը նամակ է ուղարկում կարդինալ Էուժեն Տիսսերանին, որն այդ ժամանակ Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահն էր։ Պատրիարքը նկարագրում է իրավիճակը և այն խոր մտահոգությունը, որ ապրում էր այդ հայաբնակ շրջանում բնակվող հայերի համար. «1922 թ. Մեծ պատերազմի ավարտից ընդամենը երեք տարի անց, պատերազմ, որի ժամանակ չլսված տեղահանություններ ու անասելի ջարդեր գործադրեցին թուրք հրոսակները ընդդեմ հայերի, ամբողջովին դատարկվեց Կիլիկիան և անցավ Թուրքիային։ Սկսվեց մի երկրորդ անգամ, ֆիզիկական ու բարոյական տառապանքներով լի մի գաղթ, մոտ 120.000 հայերի, որոնք հազիվ էին այնտեղ վերադարձել տարբեր վայրերից։ Գաղթ, որը հայերի այդ կորիզը ցիրուցան արեց Սիրիայով, Լիբանանով, Հունաստանով, Բուլղարիայով և Եվրոպայի տարբեր երկրներով մեկ։ Տեղահանվածներից շատերը բնակվում են խղճուկ խրճիթներում, ամենասարսափելի թշվառության մեջ։ Եվ ահա լուր ենք ստանում, թե շուտով մի նոր տեղահանություն կլինի ի նպաստ Թուրքիայի… 35.000 մարդու։ Հետևաբար, մի նոր անխուսափելի ավարտ, նոր բախումներ և նոր ամբոխներ՝ իրենց օջախներից արմատախիլ արված։ Տագնապահար սրտով՝ ի տես այն դաժան տառապանքների, որ պատրաստվում են այդ խեղճ հոգիների համար, աղերսում եմ Ձերդ գերազանցությանը, Սրբազան Հոր համաձայնությամբ, որ կամենաք խրախուսել միջամտությունը բոլոր նրանց, ովքեր որևիցե կերպ կարող են կանգնեցնել այդ տխուր որոշումը և որևիցե դարման գտնել»։
1946 թ. փետրվարի 18-ին Սրբազան Պապ Պիոս XII-ը նոր կարդինալների ընտրության մի հիշարժան ժողով է հրավիրում, որին ներկա էին 32 ապագա կարդինալները, որոնք մեծ մասամբ օտարերկրացիներ էին և ներկայացնում էին տարբեր մայրցամաքները։ Եվ ահա այս 32 ապագա կարդինալներից ընտրելով ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս Աղաջանյանին, նշանակում է նրան Հռոմեական Սուրբ եկեղեցու կարդինալ՝ շնորհելով Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցու տիտղոսով։ Հին ավանդույթ է, երբ Հռոմի Պապը կարդինալական տիտղոս է շնորհում հոգևորականին, լինի իտալացի, թե այլազգի, կարդինալական մատանու հետ նրան շնորհում է նաև Հռոմի հնագույն եկեղեցիներից մեկի տիտղոսը։ Եկեղեցու մուտքի դռան վերևում ամրացվում է կարդինալի զինանշանը, իսկ կողքին՝ Պապական զինանշանը։ Ավագ խորանի ձախ կողմում դրվում է կարդինալի դիմանկարը, իսկ աջում՝ Պապինը։ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում է պահվում Վատիկանի կողմից երանելի ճանաչված հայ հոգևորականի՝ ցեղասպանության զոհ Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանի մասունքը։ Ներկայումս այս եկեղեցում է պահվում նաև Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանի կարդինալական աթոռը։
Նորընծա կարդինալն անձամբ այցելում է Միջին Արևելքի համայնքներ՝ լինելով Իրաքում, Լիբանանում, Հորդանանում և Եգիպտոսում։ 1950 թ. այցելում է Հունաստան և Թուրքիա, իսկ 1951-1955 թթ. լինում Պարսկաստանում, Ֆրանսիայում և Բելգիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։
Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանը Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ դեր է խաղացել Վատիկանի միջոցով նորանկախ արաբական պետությունների շահերը Արևմուտքի առաջ պաշտպանելու, նրանց միջև դիվանագիտական կապեր հաստատելու և ամրապնդելու գործում։
1946 թ. մարտի 12-ին Հռոմի Պիոս XII Պապի գահակալության 7-րդ տարեդարձի առիթով 32 կարդինալների շարքում ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանին է առաջինը վերապահվում հայկական ձևով պատարագ մատուցելու Հռոմի Սիքստինյան տաճարում։ Վատիկանի ռադիոն օրեր շարունակ հայ ժողովրդի և հայոց պատարագի գովքն էր անում՝ ներկայացնելով պատարագից հատվածներ։ Իսկ Պիոս XII Պապը պատարագի վերջում հնչող շարականի «Խաղաղություն ամենեցուն» մաղթանքը արտասանում է հայերեն։ Պատարագից հետո որոշ կարդինալներ խոստովանում են, որ ամբողջ ընթացքում հուզվել են՝ ազդվելով հայոց պատարագի խորիմաստ աղոթքներից ու շարականներից։
1963 թ. Վատիկանի Սիքստինյան տաճարում տեղի ունեցող Պապական ընտրություններին ընդառաջ երկու անուն էր շրջանառվում՝ Աղաջանյանինն ու իտալացի կարդինալ Անջելո Ռանկալիինը (որն ի վերջո դառնում է նոր Պապը՝ Հովհաննես XIII անունով)։ Պապ ընտրվելուց երեք ամիս անց Անջելո Ռանկալին խոստովանում է, որ իր և Աղաջանյանի անունները գաղտնի ժողովին հնչում էին՝ «Ինչպես եռացող ջրում հերթով վեր բարձրացող սիսեռի երկու հատիկ»։
Երկու անգամ՝ 1958 և 1963 թթ. Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի անունը դրվում է պապաբիլների ցուցակում (պապաբիլ-Պապ ընտրվելու թեկնածու), սակայն նրա Պապ դառնալը խոչընդոտում են վատիկանյան պահպանողականներն ու իտալական հատուկ ծառայությունները։ Խորհրդային տարածքում ծնվածներին Արևմուտքում ռուս էին ասում և չէին բացառում նրանց կապը խորհրդային հատուկ ծառայությունների հետ։
1952 թ. Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանը պարգևատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» Մեծ խաչ շքանշանով՝ որպես կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ մեծ ավանդ ունեցող հոգևորական։
Տեր Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանը (1895-1971) Վատիկանի ազդեցիկ եկեղեցական ու քաղաքական դեմքերից էր, պերճախոս լեզվագետ, որ մայրենիից բացի տիրապետում էր նաև իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն, արաբերեն, լատիներեն և հին հունարեն լեզուներին։
2020 թ. Վատիկանում սկսում են Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանին կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգին դասելու՝ սրբադասման գործընթացը։ Իսկ նրա կենսագրության քննարկումն սկսում են 2022 թ. հոկտեմբերին։
2023 թ. գարնանը Բեյրութում լույս է տեսնում լիբանանահայ անվանի գրող և լրագրող, «Արարատ» և «Մասիս» թերթերի գլխավոր խմբագիր Սարգիս Նաջարյանի «Երանացման ճանապարհին» գիրքը՝ նվիրված երջանկահիշատակ կարդինալ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյանին։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Պատմության էջերից