ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Մեկնարկել է «Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարը, որն առաջին անգամ իրականացվում է պաշտպանության նախարարության եւ «Արշակունի» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրով: Ճամբարն իր շուրջն է համախմբել սահմանամերձ համայնքների պատանիներին, որոնք մեկ շաբաթ պետք է ապրեն զինվորական կյանքով եւ բանակային կարգուկանոնով: Ճամբարի նպատակն է դաստիարակել հայրենասեր պատանիներ, որոնք կլինեն հոգեբանորեն պատրաստված եւ ֆիզիկապես կոփված, կունենան գիտելիքների որոշակի պաշար հայրենիքի պաշտպանության գործում ապագայում իրենց ներդրումն ունենալու համար: Ընդ որում, ռազմամարզական ճամբարին մեծ ոգեւորությամբ ներգրավվել են ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները:
Ճամբար, հավսա՛ր, զգա՛ստ, ողջույն ձեզ:
Ճիշտ զինվորական կարգով ու բանակային նիստուկացով է սկսվում «Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարի օրը: Բնության գրկում վաղ առավոտից ճամբարի մասնակիցները ֆիզիկական պատրաստություն են անցնում և կոփում ու բարձրացնում են իրենց մարզավիճակը:
-Հետաքրքրություն առաջացավ, իմացա, որ այսպիսի ճամբար կա որոշեցի հաճախել, երեք օր է՝ այստեղ եմ, ձեռք եմ բերել շատ ընկերներ։ Փորձում եմ հարմարվել զինվորական կյանքին,- պատմում է Սերյոժա Պողոսյանը:
-44-օրյա պատերազմից հետո հասկացա ռազմական ճամբարի նշանակությունն ու կարեւորությունը բոլորիս համար, դրա համար էլ եկել եմ, որ մի բան ավելի սովորեմ,- շարունակում է Էրիկ Սարգսյանը:
«Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարը կյանքի է կոչվել պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ: Ճամբարին մասնակցելու ու ռազմական գիտելիքներով զինվելու հնարավորություն են ստացել սահմանամերձ համայնքների 14-16 տարեկան պատանիները, յոթ օր նրանք այստեղ ապրելու են ճիշտ այնպես, ինչպես հարիր է հայկական բանակի զինվորին:
Ճամբարը լինելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլում ներգրավված են լինելու 25 պատանի սահմանամերձ մարզերից։ Մենք ճամբարի ծրագիրը այնպես ենք կազմել, որ լինի զինվորական գրաֆիկ: Նրանք այստեղ ապրում են այն օրվա կարգացուցակով, ինչով որ ապրում են մեր զինծառայողները զորամասերում,- ասում է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արտավազդ Վարդանյանը:
Ճամբարի մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ռազմական գործի նկատմամբ, ընդ որում, ոչ միայն տղաները։ Աղջիկները ևս ոգևորությամբ ներգրավվել են զինվորական առօրյայում և ջանում են առավելագույնը քաղել ընձեռված հնարավորությունից։
Ամենաշատը հասցրել եմ երեխաներին սիրել, իրանք իմ ընկերներն են դարձել: Այստեղ ամեն բան լավ է ու ինձ շատ է դուր գալիս,- պատմում է Իզաբելա Պողոսյանը։
-Շատ բան եմ սովորել՝ կարգապահություն, նոր ընկերներ եմ ձեռք բերել: Հետաքրքիր են թե՛ դասերը, թե՛ գործնական պարապմունքները,- հավելում է Էմմա Գրիգորյանը:
Ճամբարի գլխավոր նպատակն է հայրենանվեր ու հայրենատեր քաղաքացիներ դաստիարակելը։ Զինված ուժերի պատրաստված ու փորձառու մարտիկները մեծ ջանք են գործադրում այդ նպատակին հասնելու ու պատանիներին կրթելու համար:
-Հայրենիքի պաշտպանության, ռազմական գործը սիրելու հիմքը դրվում է այստեղ: Երեխաները պետք է սիրեն իրենց երկիրը եւ պաշտպանեն այն,- ասում է Արտավազդ Վարդանյանը:
Երեք օրվա ընթացքում ճամբարականները զինվորական շատ գիտելիքներ են ստացել՝ տեղագրությունից, քարտեզագրությունից մինչև զենքերի կառուցվածք, համազգեստի կրման կարգ։
-Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է իմանանք մեր զենքերի կառուցվածքը, որպեսզի կարողանանք պահպանել մեր երկիրը,- ասում է Սերյոժա Պողոսյանը:
-Մենք էլ ենք փորձում լինել հայ ազգի մի մասնիկը, ֆիզիկապես կոփվում ենք ու առողջ ապրելակերպ ենք մեզ համար ստեղծում,- ավելացնում է Իզաբելա Պողոսյանը:
Ճամբարի ամենակարևոր բաղադրիչներից է նաև կրակային պատրաստությունը։ Ուսումնական խնդիրն է՝ յոթ օրում մասնակիցներին սովորեցնել արագ ու ճիշտ խոցել թիրախները, պահպանել զենքի կիրառման ընթացքում անվտանգության կանոնները, ինչը հատկապես կարևոր է նախազորակոչային տարիքի տղաների համար.
-Կրակում եմ նորմալ, օրերս անցնում են շատ լավ, շատ հագեցած: Ծառայությունը ցանկացած հայ տղամարդու պարտքն է,- ասում է Տիգրան Զեյնալյանը:
-Հայրենիքը մեր տունն է, որտեղ մենք ծնվում ենք ու ապրում: Հայրենիքը ամենակարեւորն է բոլորի համար: Առանց հայրենիք մարդը լիարժեք չէ,- շարունակում է Էրիկ Սարգսյանը:
Ըստ օրվա կարգացուցակի՝ մասնակիցների համար անցկացվում է նաև բաց դաս ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս անգամ ճամբարականների հետ հանդիպման են եկել պատերազմով անցած հայկական բանակի սպան և հոգևորականը, որոնց երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը:
-Տղաները եւ աղջիկները պատրաստակամ փորձում են մասնակցել բոլոր պարապմունքներին: Ճամբարը ամրապնդում է նաեւ բանակ-հասարակություն կապը: Միանշանակ մեր երեխաների մոտ ձեւավորվում է կոլեկտիվ դաստիարակություն, ինչպես նաեւ դիմակայել դժվարություններին: Համոզված եմ, որ զինված ուժեր զորակոչվելիս կունենանք ավելի լավ պատրաստված երիտասարդներ,- ասում է գնդապետ Հովիկ Սարգսյանը։
Եվ հենց այդ նպատակին էլ ծառայում է ճամբարի ողջ անձնակազմը՝ առավելագույն ջանքերով կրթել ու կոփել սեփական երկիրը պաշտպանող քաղաքացիների։ «Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարի առաջին խումբն իր ուսումնառությունը կավարտի մի քանի օրից՝ հերթափոխը հանձնելով հաջորդին։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Բանակ և հասարակություն