ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՑՈՒՅՑ ՏՎԵԼ
2016 թվականի ապրիլին Հրաչը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող էր։ Ապրիլյան մարտական գործողությունները ամբողջովին փոխեց Հրաչի աշխարհընկալումը, մարդկային կյանքի մասին պատկերացումները։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմի բոթն առնելուն պես Հրաչն առաջիններից մեկը կամավորագրվեց և մինչև պատերազմի ավարտը մնաց ու կռվեց Արցախում։ Պահեստազորի անձնակազմի համար անցկացվող վարժանքների կարևորությունը Հրաչ Մովսիսյանը սեփական փորձից ելնելով է գնահատում. «Որպես պատերազմ անցած մարդ՝ քաջ գիտակցում եմ նման հավաքների կարեւորությունն ու նշանակությունը։ Շատ գոհ ենք կազմակերպվածությունից, ամեն ինչում բարձր մակարդակ է ապահովված։ Սպաները բանիմաց ու արհեստավարժ են, ամեն ինչ ճշգրիտ հրահանգավորում եւ հուշում են։ Չնայած ամառվա շոգին ու ռելիեֆով պայմանավորված բարդություններին, բոլորը պատրաստակամ են առավելագույնն անելու զինվորական հմտությունները վերհիշելու եւ ամրապնդելու համար։ Տղաները պատրաստ են հաղթահարելու ամեն դժվարություն, քանի որ հիանալի հասկանում են, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը»։
Արդեն զինվորական ծառայության հարուստ փորձ ունեցող պահեստազորայինը վստահ է՝ մարտական պատրաստությունը անհրաժեշտ է միշտ կոփել: Հրաչը մի բանում հաստատ է համոզվել՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու պատրաստակամություն ունի յուրաքանչյուր հայ մարդ։
Հրաչը պահեստազորային ստորաբաժանման հրամանատար է։ Տղաները ճանաչում են մեկը մյուսին, հասցրել են ընկերանալ, հարազատանալ, այս ամենն օգնում է մարտական խնդրի կատարման ընթացքում ներդաշնակված ու ճշգրիտ գործել, երբ կողքինիդ ճանաչում ես, գիտես նրա պարզ մարդկային թուլություններն ու ուժեղ կողմերը, գիտես, թե մարտի ժամանակ ինչի վրա կարող ես հույս դնել, գիտես՝ ինչից խուսափել, այս վարժանքների կարևորությունը նաև այս առումով է ընդգծվում, որովհետև, խնդիր լինելու դեպքում, անձնակազմը իբրև արդեն ձևավորված մարտական միավոր է գործելու։
Հայկազն ավելի երիտասարդ է, ժամկետային ծառայության տարիներն էլ դեռ հուշ դառնալ չեն հասցրել, բայց վստահեցնում է, որ շատ բան մոռանում ես, շատ բաներ փոխվում են ժամանակի հետ, բայց, որ ամենակարևորն է՝ հավաքները միջավայր են ստեղծում, որտեղ մարդիկ կարողանում են արթուն պահել գաղափարները, հույզերը, նյարդերը, հիշողությունները։ Առօրյա կյանքում հաճախ մենք մոռանում ենք կարևորի մասին, իսկ այստեղ տղաներին համախմբում է ամենակարևորը՝ համազգային երազանքը, վերջապես խաղաղ ու անհոգ ապրելու մղումը։
Հայկազ Սիմոնյան, պահեստազորային. «Մենք շատ պատրաստակամ ենք մասնակցում այս հավաքներին։ Շատ լավ գիտակցում ենք այսպիսի հավաքներով, մարզումներով ու վարժանքներով պահեստազորայինների զինվորական հմտությունների կատարելագործման նշանակությունը։ Դրան զուգահեռ, այստեղ նաեւ շատ լավ ընկերական մթնոլորտ է ձեւավորվել, վստահ եմ՝ քաղաքացիական կյանքում էլ մեր կապերն ու շփումները շարունակելու ենք»։
Գումարտակի հրամանատար Նորայր Մելքոնյանը խանդավառությամբ պատմում է տղաների արձանագրած արդյունքների մասին և վստահեցնում, որ անհրաժեշտության դեպքում անձնակազմը լիարժեք պատրաստ է մարտական խնդիր կատարելու. «Ամբողջ հավաքն ընդհանրապես եւ մարզումները մասնավորապես շատ հագեցած են, կարող եմ վստահեցնել՝ նաեւ շատ արդյունավետ։ Նախօրեին տղաները կրակային քննություն են հանձնել, կրակել են մի շարք զինատեսակներից, ապշելու գերազանց արդյունքներ է ցույց տվել անձնակազմը եւ արժանացել հրամանատարության շնորհակալությանը»։
Տարբեր խառնվածքի, հետաքրքրությունների, զբաղվածության տեր մարդիկ են մասնակցում հավաքին, և այս անձնակազմերի հետ աշխատանքը այնքան բարդ չէ, որքան խիստ պատասխանատու։ Իհարկե, այս հարցում օգնության են հասնում ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման սպաները, որոնք վերադաս կազմի ցուցումով մշտապես հավաքի մասնակիցների տեղակայման վայրում են։
ՊՆ ռազմական ոստիկանության սպա Գոռ Գևորգյանից տեղեկանում ենք, որ միջանձնային վեճեր, տարաձայնություններ չեն լինում, տղաները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց առջև դրված խնդրին. «Մենք այստեղ շուրջօրյա վերահսկում ենք իրավիճակը։ Հավաքին մասնակցում են տարբեր տարիքի ու սոցիալական կարգավիճակի պահեստազորայիններ եւ պետք է ուշադիր լինենք հատկապես միջանձնային հարաբերություններում խնդիրները կանխելու եւ բացառելու հարցում։ Մի խոսքով՝ կարգապահությունն ենք վերահսկում, որպեսզի ոչինչ չխանգարի հավաքի բնականոն ընթացքին»։
Պահեստազորի անձնակազմը կանցնի մարտական հերթապահության՝ թև ու թիկունք լինելու առաջնագծում կանգնած զինվորին, ինչու չէ՝ վերհիշելու իրենց ծառայության տարիները և արթուն պահելու այն գիտակցումը, որ մեր լինելիության միակ երաշխավորը հավերժ զինվոր լինելու մեր իսկ պատրաստակամությունն է։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում