Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է



ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԿրակային պատրաստության քննության մեկնարկը տրված է. մենահատ հրաձգությամբ ու կրակահերթով զինծառայողները մեկը մյուսի հետևից խոցում են մոտ և հեռու թիրախները։

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ զինված ուժերում կամավոր հիմունքներով անցկացվում է ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացին ներգրավված սպաներից է նաև հենց այդ նույն ատեստավորման գործընթացը համակարգող բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մալխասյանը։ Կրակային քննությունը գերազանց հանձնած սպան անկեղծանում է՝ իր համար պատվի ու արժանապատվության հարց էր դա։

-Ինքս եմ համակարգում այդ բաժնի աշխատանքները  և, իհարկե, լավ օրինակ պետք է ծառայեմ։ Վստահ եմ, որ ատեստավորմամբ մենք կբարձրացնենք թե՛ զինված ուժերի մարտունակությունը, թե՛ մասնակիցների գիտելիքների ու հմտությունների մակարդակը և թե՛ սպայական ու  ենթասպայական կազմերի ֆինանսական ապահովվածությունը։

Իր ուժերին վստահ է նաև փոխգնդապետ Լև Խառատյանը։ Ասում է՝ մեծ սպասելիքներ ունի, քանի որ արդեն իսկ ակներև է, թե ինչ դրական ազդեցություն է այն ունենում զինծառայողների  պատրաստության մակարդակի վրա։

-Ատեստավորման շնորհիվ զինծառայողների շրջանում նկատվում է ֆիզիկական պատրաստության ցուցանիշները բարելավելու համընդհանուր հակվածություն,- ասում է փոխգնդապետ Խառատյանը,- անշուշտ, ատեստավորման արդյունքում դրամական բավարարման զգալի բարձրացումը ևս նպաստում է, որ նրանք իրենց ծառայողական պարտականություններն ավելի բարեխղճորեն կատարեն։

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՔննությունների շրջանակում ստուգվում է նաև սպաների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Ատեստավորվող անձնակազմը քննություն է հանձնում ձգումներ պտտաձողի վրա և վազք վարժաձևերից։

Քննական այս պահանջները սպաները նույնպես հաղթահարում են առանց մեծ դժվարությունների։

Ատեստավորման մասին դրական է արտահայտվում նաև փոխգնդապետ Սամվել Բաբայանը:

-Շատ լավ եմ տրամադրված: Իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել՝ սկսել եմ ավելի շատ զբաղվել  ֆիզիկական վիճակիս բարելավմամբ, ավելի ուշադիր եմ  հետևում սննդակարգիս՝ ձգտելով ավելի պատշաճ շարային տեսք ունենալ։

Ատեստավորման պարտադիր մաս է նաև զինծառայողների տեսական գիտելիքների ստուգումը։ Թեստային առաջադրանքների միջոցով ստուգվում են նրանց մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

Զինված ուժերում մեկնարկած և պաշտպանության նախարարի անմիջական ուշադրության  ներքո գտնվող  ատեստավորման գործընթացը փաստացի նոր խթան է, որպեսզի զինծառայողներն առավել լուրջ մոտեցում և լրացուցիչ ժամանակ հատկացնեն ինքնակատարելագործմանը, կրակային և ֆիզիկական պատրաստությանը։

ՆԵՐՍԵՍ  ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/08/2023