ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԸ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կուրսանտների նոր հերթափոխ է ընդունել։ Չորս տարի ապագա սպաները կուսանեն անհրաժեշտ տարաբնույթ առարկաներ, կհմտանան զինվորական գործում։ Մինչ ուսման հիմնական փուլը, կուրսանտները «Երիտասարդ մարտիկի» դասընթացն են անցնում, ինչպես նորակոչիկ ժամկետային զինծառայողները, սակայն ավելի բարդ ու հագեցած օրակարգով։ Պարապմունքները դաշտային պայմաններում են՝ զորամասերից մեկի տարածքում բացազատված վրանային ավանում տեսական մասն է անցկացվում, լեռնային հատուկ պայմաններում և զորավարժարանում էլ գործնական վարժանքներն են։ Մարտավարություն, տարատեսակ արգելքների հաղթահարում, ֆիզիկական պատրաստություն, ռազմական տեղագրություն և այլն, բոլոր մարզումները ֆիզիկապես ու հոգեպես կոփում են կուրսանտներին, օգնում հաղթահարելու սկզբնական դժվարությունները զինվորական դառնալու չափազանց բարդ ու պատասխանատու ուղու մեկնարկին։
Մեկ օր հետևեցինք մարզումների ընթացքին։ Կուրսանտները չեն թաքցնում՝ մարզումներն իսկապես դժվար են։ Կամք, ուժ, կենտրոնացում, անասելի ջանքեր են պահանջվում փորձությունները հաղթահարելու համար: Բայց նաև վստահեցնում են՝ զինվորականին վայել կանցնեն ուսումնառության ամբողջ շրջանը, հայոց բանակին արժանի հրամանատարներ կդառնան։ Շատերի համար այս փորձություններն այնքան էլ բարդ չեն։ Նրանցից մի քանիսը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն են ավարտել, ոմանք էլ ռազմականացված ճամբարների են մասնակցել։ Ի դեպ, կուրսանտների թվում քիչ չեն աղջիկները։ Պատասխանատու սպաների խոսքով՝ տղաներից ոչ պակաս համառությամբ և աշխատասիրությամբ են մոտենում խնդիրների կատարմանը, հաճախ նաև կրկնապատկված պատասխանատվությամբ։
Ուսումնական տեղամասերից մեկում անձնակազմի հետ լեռնային պատրաստության պարապմունքներ են անցկացնում Հայաստանի լեռնագնացության ֆեդերացիայի մասնագետները։ Տեսական մասից հետո կուրսանտները հատուկ միջոցների օգնությամբ ժայռամագլցման վարժանքներ են կատարում։ Ընդ որում, մինչ այդ անպայման ցուցադրում են ճիշտ ամրակապվելու, բոլոր միջոցներին տիրապետելու կարողությունները։
Հրաձգարանում անձնակազմի գործողությունները ղեկավարում, անհրաժեշտ ցուցումներ է տալիս Ռազմական ակադեմիայի կուրսանտական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ա. Խաչատրյանը։
-Դիմորդների հետ անցկացվում է մարտական հրաձգություն՝ նախապատրաստական վարժություններից մեկի պահանջներին համապատասխան։ Նրանց առաջին հրաձգությունն է, հատուկ ուշադրություն ենք դարձնում անվտանգության կանոնների պահպանմանը։ Հուսով եմ՝ օրեր անց գերազանց արդյունքներ կունենանք։ Երիտասարդ մարտիկի ծրագրով պարապմունքները ծանրաբեռնված են, ուժերի գերլարում են պահանջում։ Բայց, դե, սպա լինելը ինչքան էլ պատվաբեր, այնքան էլ պատասխանատու գործ է, ինչը նաև դժվարություններ է ենթադրում։ Կարևոր է կուրսանտների հետ ճիշտ աշխատելը, որ չհանձնվեն ու համոզվեն իրենց մասնագիտական կողմնորոշման մեջ։
Ծրագրի ավարտից հետո կուրսանտների երդման արարողությունը կլինի, և սեպտեմբերի 1-ից նրանք ուսումնական ծրագրին համապատասխան կանցնեն իրենց պարապմունքներին։
Գոռ Սարգսյանը Սոթք գյուղից է, ընտանիքը 1990-ականներին բռնագաղթել է Արցախի Շահումյանի շրջանից։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, զորացրվելուց հետո մեկ տարի սովորել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա դիմել Ռազմական ակադեմիա։ Ուսուցիչների ընտանիքում մեծացած Գոռի որոշումը անակնկալ է եղել հարազատների համար, հատկապես մայրն ու քույրը սկզբում ընդդիմացել են։ Սակայն տեսնելով նրա մեծ ցանկությունը՝ խորապես աջակցել են, հոգու խորքում իրենք էլ հպարտացել։
-Ռազմական գործը շատ եմ սիրել։ Քեռիս, հորեղբայրս զինվորականներ են։ Մեր տանն էլ հորս հետ անընդհատ զրուցել ենք հայրենիքին պիտանի լինելու, բանակի մասին, հասկացել եմ՝ հայրենասիրությունը խոսքով չէ, այլ հստակ արարքով։ Կարող էի շարունակել ուսումս, հետո անցնել սպայական ծառայության առկա ծրագրերից մեկով, բայց աստիճանաբար եկավ այն գիտակցումը, որ Ռազմական ակադեմիայում 4 տարին մասնագիտական ավելի շատ գիտելիք կտա ինձ։ Գնալով համոզվում եմ՝ որոշումս ճիշտ էր։ Սպասելիքներս շատ մեծ են։ Ուրախալի է հատկապես անձնակազմի տրամադրվածությունը լավ սովորելու, լավ սպա ու հրամանատար դառնալու։ Մյուսների նման մտածելակերպը, մրցակցությունը նպաստում է անձնապես ինքնակատարելագործվելուն։ Ուսումնական գործընթացն, իհարկե, դժվար է, հատկապես նրանց համար, ովքեր երբևէ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեն ունեցել։ Ես այդ խնդիրը չունեմ. մշտապես ֆիզիկական պատրաստությամբ եմ զբաղվել, տարբեր սպորտային խմբակների հաճախել։ Ապագա սպաներս շատ ավելի պետք է տանջվենք, քան պարտադիր ժամկետային զինծառայողները։ Ցանկանում ենք սպա դառնալ, գրագետ և ճիշտ ղեկավարել ենթակա անձնակազմը, ուրեմն մեր պատրաստության մակարդակը շատ ավելի բարձր պետք է լինի։ Ժամկետային ծառայությունս գերազանց եմ անցկացրել, արժանացել եմ հրամանատարության խրախուսանքին։ Հիմա առավել գիտակցված ու պատասխանատու եմ մոտենում ծառայությանս, արդեն ես եմ անձնակազմ ղեկավարելու, իմացածը վերհիշելն ու ամրապնդելն էլ հաստատ վնաս չէ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ մասնակցել եմ մարտական գործողություններին, վիրավորվել եմ, ապաքինվելուց հետո շարունակել ծառայությունս։ Ես ունեմ այդ ներուժը՝ իմ հայրենիքին արժանի զինվորական, լավ հրամանատար դառնալու, և ես իրագործում եմ իմ երազանքը։
Ռաֆիկ և Ռոման Գասպարյանները հարազատ եղբայրներ են։ Եղեգնաձորի Վերնաշեն գյուղում նրանց ընտանիքը հայտնի ու հարգված է իր զինվորական ավանդույթներով։ Տղաների պապը երկար տարիներ ծառայել է խորհրդային բանակում, այժմ էլ գյուղի դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչն է։ Հայրն էլ հայոց բանակի սպա է, այժմ խաղաղապահ բրիգադում է ծառայում: Նրանց ամբողջ կյանքը նպաստել է եղբայրների մասնագիտության ընտրությանը, նրանց օրինակով են հասկացել՝ մեծ պատիվ է զինվորական լինելը։
-Մեր պապիկի երազանքն էր, որ մեզանից մեկը դառնա սպա, բայց մենք ավելին արեցինք, երկուսս միասին ընդունվեցինք Ռազմական ակադեմիա։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ ուրախություն էր մեր տանը։ Մեր զինվորական գերդաստանի ավանդույթներն ենք շարունակում,- հպարտությամբ ասում են եղբայրները։ -Սկզբնական շրջանում դժվարություններ եղել են, չէ՞ որ մենք՝ որպես ապագա սպաներ, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությանն ենք սովորում, հարմարվում ենք նոր ռեժիմին։ Այդ ամենը հաղթահարելի է, քանի որ ամեն օր մարզվում ենք։ Բացի այդ, երկուսս էլ հունահռոմեական ըմբշամարտով ենք զբաղվել, ֆիզիկապես լավ մարզավիճակում ենք։ Ամենակարևորը, մեզ հոգեբանորեն են նախապատրաստում ապագա ծառայությանը, կոփում զորքի հետ աշխատելու համար։ Դժվարություններից խուսափել հարկավոր չէ, եթե եկել ենք այստեղ, ուրեմն պետք է հասնենք մեր նպատակին։ Օր օրի զգում ենք առաջընթացը: Քաղաքացիական կյանքում ոչ բոլորն են հասկանում զինվորական գործի լրջությունը, պատասխանատվությունը։ Փոքր տարիքից հաճախ գնացել ենք զորամաս, ծանոթացել զինվորական կյանքին։ 11-րդ դասարանում այցելել ենք Ռազմական ակադեմիա, ծանոթացել ուսումնական գործընթացին։ Վերջերս էլ մասնակցել ենք ռազմականացված ճամբարում դասընթացի, որից հետո էլ մեր կյանքը բանակին կապելու վերջնական որոշում ենք կայացրել։ 2020 թվականի պատերազմն էլ որոշակի ամրապնդեց սպա դառնալու մեր ցանկությունը։ Կադրային սպաների կարիք մեր զինված ուժերում միշտ կա, ու մենք ձգտելու ենք դառնալ լավ, կրթված, խելացի սպաներ։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում