ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ
Հայրենական մեծ պատերազմի փայլուն դրվագներից է Դոնբասի համար մղված ճակատամարտը։ Այս գործողության նպատակն էր խորհրդային զորքերի առաջխաղացումը մինչև 300 կմ, որի արդյունքում պետք է ազատագրվեր Դոնբասը (ներառյալ Դոնեցկ, Տագանրոգ, Մարիուպոլ քաղաքները) և ճանապարհ ազատվեր դեպի Դնեպր։ Ֆաշիստական Գերմանիայի հրամանատարությունը բացառիկ կարևոր նշանակություն էր տալիս Դոնբասին, քանի որ այն Խորհրդային Միության հարավի ածխամետալուրգիական բազան էր և կարևոր դեր ուներ Երրորդ ռեյխի ռազմական տնտեսության համար։
Դոնբասի գործողությունը Ուկրաինայի հարավում խորհրդային զորքերի ընդհանուր հարձակման կարևոր բաղադրիչներից էր։ Հարավային և Հարավարևմտյան ռազմաճակատների զորքերը 1943 թվականի ամռանը և աշնանը ջախջախեցին «Միուս ճակատը»՝ ֆաշիստական ռազմավարական նշանակություն ունեցող պաշտպանական ամուր բնագիծը։
1943 թվականի հուլիսին խորհրդային զորքերը իրականացրին Իզյում-Բարվենկովսկայա և Միուսի հարձակողական գործողությունները՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հետագա առաջխաղացման համար: Դոնբասի ազատագրման օպերացիային ներգրավվեցին մեծաթիվ ուժեր, երկու ճակատներում միասին կար մոտ 1 մլն կենդանի ուժ, 21 հազար հրանոթ և ականանետ, ավելի քան 1000 տանկ և ինքնաթիռ։
Օպերացիան սկսվեց 1943 թ. օգոստոսի 13-ին՝ Հարավարևմտյան ռազմաճակատի աջ թևի հարձակումով։ Կարմիր բանակի մարտիկները հատեցին Սևերսկի Դոնեցը և առաջանալով գետի աջ ափով մասնակցեցին Խարկովի ազատագրմանը։ Օգոստոսի 16-ին ռազմաճակատի կենտրոնում սկսված գրոհը, սակայն, զարգացում չունեցավ։ Խորհրդային զորքերը կանգնեցվեցին Միուս գետի վրա, որտեղ գերմանացիները ստեղծել էին երկարատև պաշտպանության ամրաշինական համակարգ՝ տեղանքին գերիշխող դիրքերի հենակետային կառուցվածքով։ Սակայն Ստալինգրադի ճակատամարտով անցած, պատերազմի հարուստ փորձ կուտակած մարտիկների և հրամանատարների համար անհաղթահարելի պատնեշներ չկային։ Բացի այդ, այս հարձակումը ստիպեց գերմանացիներին օգտագործել իրենց պահուստների զգալի մասը, առանց դրանք ժամանակին լրացնելու։ Օգոստոսի 18-ին, օգտվելով ստեղծված իրավիճակից, հարավային ճակատի զորքերը անցան հարձակման և առաջին իսկ օրը թշնամու պաշտպանությունը ճեղքեցին և խորացան մինչև 8-9 կիլոմետր: Օգոստոսի 20-ին արդեն ճեղքման խորությունը կազմեց մինչև 24 կմ՝ 16 կիլոմետր լայնությամբ: Օգոստոսի 24-ի գիշերը խորհրդային զորքերը կտրեցին Տագանրոգ տանող ճանապարհը՝ թշնամուն զրկելով մանևրելու հնարավորությունից։ Օգոստոսի 28-ին սկսվեց Սաուր-Մոգիլի համար ճակատամարտը, որը տևեց երեք օր։ Օգոստոսի 30-ին ծովային դեսանտի օգնությամբ ազատագրվեց Տագանրոգ քաղաքը, 29-րդ գերմանական կորպուսը շրջապատվեց և ոչնչացվեց։ Միայն դրանից հետո Հիտլերը թույլ տվեց գերմանական ստորաբաժանումներին նահանջել Դնեպրից այն կողմ: Սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը սկսեցին նահանջել Դոնբասի ողջ ճակատով։ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին խորհրդային զորքերը ազատագրեցին Գորլովկայի արվարձան Կալինովկան, երկու օր անց՝ քաղաքն ամբողջությամբ: Հարավային ճակատի հարվածային ստորաբաժանումները ազատագրեցին Արտեմովսկը, սեպտեմբերի 8-ին՝ Դոնբասի մայրաքաղաք Ստալինոն (այժմ՝ Դոնեցկ), սեպտեմբերի 10-ին՝ Մարիուպոլը։ Հետապնդելով թշնամուն՝ Հարավարևմտյան ռազմաճակատի զորքերը սեպտեմբերի 22-ին նրան հետ շպրտեցին Դնեպրոպետրովսկ-Զապորոժիե հատվածում։ Հարավային ճակատի զորքերը նույն օրը հասան Մոլոչնայա գետ։ Դրանով ավարտվեց Դոնբասի գործողությունը։
Դոնբասի օպերացիային մասնակցած տասնյակ հազարավոր մարտիկների շարքերում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել 478 հայ քաջորդիներ՝ շարքայինից մինչև գեներալ։
Հարավային ուղղության հրամանատարներից էր հայազգի գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Ասքանազ Գևորգի Կարապետյանը։ Նա 315-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալն էր, հետագայում՝ դիվիզիայի հրամանատարը։ Դիվիզիան 5-րդ բանակի կազմում մասնակցել է Սաուր-Մոգիլի, Ստեպանովկա և Դմիտրիևկա գյուղերում ընթացող մարտերին։ Հետագայում Դոնբասի ազատագրման ժամանակ Ա. Կարապետյանը հմուտ կազմակերպել է մարտական գործողությունները, վիրավորվելուց հետո էլ շարունակել մարտը։
Դոնբասի ազատագրմանը մասնակցել են նաև 34-րդ գվարդիական, հրաձգային դիվիզիայի մարտիկները՝ հրամանատար, գեներալ-մայոր Ֆ. Բրայլյանի գլխավորությամբ։ Դիվիզիան անցել է մարտական փառահեղ ճանապարհ՝ Աստրախանից մինչև Վիեննա։ Դիվիզիայի 11 հայ մարտիկները զոհվել են Դոնբասի ազատագրման համար։
Մարտերում աչքի է ընկել նաև 295-րդ դիվիզիայի գումարտակի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, կապիտան Գևորգ Թամրիզի Հակոբյանցը։ Դնեպրի գետանցման և Խերսոնի ազատագրման մարտերում ցուցաբերած հմտության և քաջության համար 1944 թ. Հակոբյանցին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Իրենց կյանքը չխնայեցին նաև 216-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկ Լևոն Խանբեկյանը և իր երկու որդիները՝ Կառլենն ու Սպարտակը։ Նրանք մի խումբ մարտիկների հետ Զայցեւո ավանում հայտնվելով շրջափակման մեջ՝ կռվեցին մինչև վերջին փամփուշտը և ընկան քաջի մահով։ Մակեևկա քաղաքի ազատագրման ժամանակ աչքի է ընկել հատկապես 1054-րդ գնդի 1-ին հրաձգային գումարտակի սերժանտ, Խորհրդային Միության հերոս Հրանտ Արսենի Ավագյանը, որ նռնակով պայթեցրել է թշնամու 2 տանկ։
ՄԱՐԻՆԱ ՇԱԽԻԿՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ գիտաշխատող
Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Պատմության էջերից