ԿԱՏԱՐԻ՛Ր ԻՆՉՊԵՍ ԵՍ
Փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանն իր զինվորական կենսագրության առաջին քայլերը կատարել է քսանչորս տարի առաջ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններից մեկում: Տարբեր ծառայավայրերում տարբեր պաշտոններ զբաղեցրած սպան այժմ արդեն զորամասերից մեկի շտաբի պետն է։ Փորձի, սպային անհրաժեշտ կարողությունների պակաս չունի, սակայն այսօր էլ չի զլանում անընդմեջ ինքնակրթվել, կատարելագործել մասնագիտական հմտությունները։
-Պարզ է, որ ծառայողական առօրյան խիստ հագեցած է, բայց եթե սպան, զինվորականը ցանկանում է ինքնակրթությամբ զբաղվել, ժամանակ կգտնի: Ես կարողանում եմ ժամանակ հատկացնել թե՛ մասնագիտական, թե՛ ֆիզիկական պատրաստության համար,- ասում է փորձառու սպան: -Ենթակա անձնակազմին խնդիր առաջադրող հրամանատարը պետք է նախ ինքն ունակ լինի կատարելու այդ հանձնարարությունը, բարեվարքության, մարտական և ֆիզիկական պատրաստության առումով օրինակ ծառայի։ Դաստիարակության մեթոդներից մեկն է՝ «Կատարի՛ր ինչպես ես»։ Մեր զորամասի հրամկազմը անձնակազմին այս սկզբունքով է ուսուցանում։ Սկզբում ցույց ենք տալիս, որ ինքներս կարող ենք դա անել, այնուհետև նույնը պահանջում ենք ենթականերից։
Զինծառայության և շարունակական ինքնակատարելագործման հանդեպ սկզբունքային վերաբերմունք ունեցող փոխգնդապետ Ժամհարյանը ծառայողական առօրյայից ազատ ժամանակ էլ զբաղվում է ֆիզիկական պատրաստությամբ, մասնակցում է սիրողական ֆուտբոլի առաջնություններին, 2019 թվականից ունի «Պատվավոր մարզիկ»-ի կարգ։ Որպես այդ ամենի տրամաբանական արդյունք՝ լավագույնս է հանդես եկել նաև օրերս անցկացված սպաների ատեստավորման քննություններին՝ արժանանալով «գերազանց» գնահատականի։
Ատեստավորման քննությունների ժամանակ «գերազանց» գնահատական է ստացել նաև զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ, մայոր Հովհաննես Այվազյանը: Նա նույնպես «Պատվավոր մարզիկ»-ի կարգ ունի:
-Ծառայության ընթացքում սեփական օրինակով ենթակա զինանձնակազմին պատրաստելու և դաստիարակելու մեթոդն եմ կիրառել: Փորձել եմ յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, ոգևորել: Բոլորին այնպես եմ մարզել, որ ատեստավորման ընթացքում ձգտեն «գերազանց» գնահատականներ ստանալ: Ամենակարևորը՝ նրանց մոտ ձևավորված համոզմունքն է. բանակի սպան պետք է առավելագույն ջանքերը գործադրի գերազանց արդյունք ապահովելու համար,- ասում է մայոր Այվազյանը:
-Մեր զորամասի անձնակազմը մեծ ոգևորությամբ էր պատրաստվում ատեստավորմանը։ Գրեթե ամեն օր՝ սահմանված ժամերին, մարզվել, կատարելագործել ենք ֆիզիկական և շարային պատրաստության մեր հմտությունները, մասնագիտական գիտելիքները։ Քննություններին գերազանց հանդես գալն ինձ համար չափազանց կարևոր էր, և ես անցա այդ փորձությունը:
Սպաներն իրենց օրինակով փաստում են՝ ծառայողական տարբեր խնդիրներով ծանրաբեռնված լինելը չի կարող խանգարել ինքնակատարելագործմանը: Յուրաքանչյուրը կարող է բարձր ցուցանիշներ արձանագրել ատեստավորման ընթացքում:
Փոխգնդապետ Ժամհարյանը հավելում է.
-Ատեստավորումը մեր զինված ուժերի զինծառայողների պատրաստության մակարդակի ցուցիչն է: Իհարկե, արդյունքները կվերլուծվեն համապատասխան օղակներում, ինչի հիման վրա, վստահ եմ, որոշում կկայացվի թե՛ ատեստավորման գործընթացի արդյունավետությունը, թե՛ զինված ուժերի պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում