Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ



ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸՇարքային Սարգիս Քարամյանը զինված ուժերի օրինակելի զինծառայողներից է, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բացարձակ գերազանցիկ է։

Մինչեւ բանակ գալը մի տարի բնակվել է Ռուսաստանում: Զորակոչվելու համար էլ վերադարձել է հայրենիք: Ավելի ուշ տեղեկացել է պաշտպանության նախարարության առաջարկած ծրագրի մասին ու առանց վարանելու դիմել, պայմանագիր է կնքել։

-Ծրագիրը հնարավորություն է տալիս շարունակելու ծառայությունս ավելի լավ պայմաններով, դրա համար էլ ընտրել եմ այն: Ծառայելը պատիվ է և սուրբ առաքելություն: Ընտրության հարց է, թե ինչ ձևաչափով կանցնեն զինվորական տարիները, բայց հայի համար պարտադիր է համազգեստ կրել ու շարք կանգնել։ Ցանկացած հայ տղա իր պարտքը պիտի տա հայրենիքին:

Այս գիտակցումն էլ օգնեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսված պատրաստությունը լիարժեք անցնել, հաղթահարել մարզումների գերհագեցած ամիսները և առավելագույն արդյունքներին հասնել։

-Ամեն շաբաթ փորձնական քննություններ էինք տալիս: Ամեն շաբաթ ես զգում էի, թե որքան եմ ավելացրել, բարելավել իմ հնարավորությունները:

Աստիճանաբար ավելացնելով ֆիզիկական կարողությունները, զինվորական գիտելիքը՝ Սարգիսը մոտեցել է գերազանց գնահատականի շեմին: Կամքն ու ցանկությունը ապահովել են ակնկալվող ցուցանիշները։

-Գերազանց գնահատականը իմ վեց ամիսների աշխատասիրության արդյունքն է, անընդհատ փորձել եմ կատարելագործել, եղածով չեմ սահմանափակվել:

Իր առավելագույն կարողությունները չկարողացավ ցուցադրել քննական հանձնաժողովին, սակայն գերազանցը ապահովեց։ Ավելին կարող էր ու կարող է, պարզապես հուզմունքը խանգարեց։

-Երեսուն հատ ձգում եմ կատարում պտտաձողի վրա, բայց քննության օրը երեւի լարվածությունից 24 հատ արեցի: 12 րոպեում 3 կիլոմետր վազեցի: Թեստավորման ժամանակ 50 հարցից 50-ին ճիշտ եմ պատասխանել:

Գերազանց արդյունքը վկայող փաստաթղթերով ներկայացավ արդեն մշտական տեղակայման վայր, այն զորամաս, որն ինքն էր ընտրել ու զբաղեցրեց սահմանված զինվորական հաստիքը։

-Հրամանատարությանը ներկայացրել եմ իմ ատեստավորման արդյունքները: Հենց առաջին օրվանից ներգրավվել եմ առանձին ստորաբաժանումում ու հիմա որպես դասակի հրամանատարի տեղակալ անցկացնում եմ իմ ծառայությունը:

Զորամասը հիմնական գործառույթներին զուգահեռ առանձին ուղղվածություն էլ ունի, մասնագիտական առաջադրանքներ է կատարում: Այստեղ էլ սովորելու շատ բան կա:

Ես տղաներին իմ գիտելիքներն եմ փոխանցում, իրենք էլ իրենց իմացածն են ինձ տալիս: Օրը հետաքրքիր  է անցնում: Անձնակազմի մեջ տղաներ կան, որ ցանկանում են դառնալ պայմանագրային զինծառայող «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Ես նրանց խորհուրդներ եմ տալիս՝ ոնց պատրաստվեն եւ լավ հանձնեն քննությունները:

Ծառայությունը հետաքրքիր է, օրակարգը՝ հագեցած ու մարզումներով լի։ Մարզումներն օգնում են անձնակազմին ավելի լավ տիրապետել մասնագիտությանը, բարձրացնել մարտունակությունը։ Տեսական դասերն ու գործնական վարժանքներն անցկացվում են զորամասում և դաշտային պայմաններում:

Նույնիսկ այս ծանրաբեռնվածության պայմաններում Սարգիսը որոշել է նաև քաղաքացիական մասնագիտություն ստանալ, սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում: Կրթությունն ու ծառայությունը համատեղելը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական առավելություններից է։

Շարքային Քարամյանի մասին գովեստով են խոսում հրամանատարները: Զինծառայողը ստանձնել է պարտականությունները ամբողջ ծավալով և կատարում է դրանք բարեխղճորեն։ Դա էլ հենց զինծառայողի լավագույն նկարագիրն է։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/08/2023