Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԵՄ



ԵՍ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԵՄ«Ես ապագա զինվոր եմ» ռազմամարզական ճամբարի հերթական խումբն ավարտեց ուսումնառությունը: Պաշտպանության նախարարության ծրագրով իրականացվող ճամբարում սահմանամերձ համայնքների 14-16 տարեկան պատանիներն ու աղջիկները մեկ շաբաթ ապրեցին զինվորական կյանքով եւ բանակային կարգուկանոնով: Այժմ նրանք հոգեբանորեն պատրաստված եւ ֆիզիկապես կոփված են, ունեն գիտելիքների որոշակի պաշար ապագայում հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունենալու համար: Մինչ այդ, ճամբարի բացազատման վայրում հետևեցինք պարապմունքների ընթացքին:

Ռազմամարզական ճամբարում պայմանական մարտական դրություն է: Գործնական պարապմունքները հաջորդում են մեկը մյուսին: Բացազատված ուսումնական կետերից մեկում մասնակիցները ինժեներական պատրաստություն են անցնում, ձեռք բերում որոշակի գիտելիքներ ականների տեսակների, դրանց առանձնահատկությունների և ականազերծման քայլերի ճիշտ հաջորդականության մասին: Մեկ այլ տեղամասում ճամբարականները պետք է հաղթահարեն արգելագոտիները, կատարեն հրամանատարության առաջադրած խնդիրները` գործելով արագ, անվտանգ ու ներդաշնակ:

Փոքրիկ զորախաղի միջոցով ցուցադրվում են դարանի ժամանակ մեքենայից դուրս գալու, արգելքները շրջանցելու ճիշտ ձևերը, կրակային պատրաստության, նռնակի նետման հմտությունները:

Վարժանքը հաջողությամբ ավարտելուց հետո ճամբարի մասնակիցները շարժվում են դեպի մյուս ուսումնական կետ, պատրաստվում օրվա կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին: Այստեղ ներկայացվում են առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, անհրաժեշտ պարագաները: Պատանիները սովորում են այն կարևորագույն և անհապաղ գործողությունները, որոնք կարող են փրկել վիրավորի կյանքը և կանխել հետագա բարդությունները:

-Յոթ օրվա ընթացքում հնարավոր է տարբեր գիտելիքներ փոխանցել ճամբարի մասնակիցներին, բայց ամենակարևորը նրանց մոտ հետաքրքրություն առաջացնելն է ռազմական գործի նկատմամբ,- ասում է պատանիների հետ աշխատող անձնակազմի անդամներից մեկը:

Ճամբարում օրն անցնում է հետաքրքիր ու հագեցած, ինչի մասին մեծ ոգևորությամբ փաստում են բոլոր մասնակիցները: Կրակային ու մարտավարական պատրաստություն, ռազմամարզական խաղեր, տարբեր ձևաչափով պարապմունքների առանցքում մեկ կարևոր նպատակ է` հնարավորություն ընձեռել սահմանամերձ համայնքների պատանիներին ու աղջիկներին մեկ շաբաթով ինտեգրվել բանակային առօրյային, կարգ ու կանոնին, նաև կրթել հայրենասեր քաղաքացիներ:

-Պարապմունքները շատ հետաքրքիր են, հագեցած, մեծ հաճույքով կրկին կմասնակցեմ: Ես սահմանամերձ համայնքից եմ, համարում եմ, որ ռազմական գիտելիքներ ունենալը չափազանց կարեւոր է յուրաքանչյուր հայի համար: Ամեն մեկը պետք է իմանա՝ ինչպես պաշտպանել իր տունը եւ հայրենիքը,- պատմում է ճամբարի մասնակիցներից մեկը:

Աղջիկներից մեկն էլ հավելում է.

-Իմ կարծիքով՝ աղջիկ, թե տղա, տարբերություն չկա, բոլորն էլ պետք է զինվորական պատրաստություն անցնեն: Բոլոր առարկաներն էլ հետաքրքիր են, սակայն ինձ համար ամենահետաքրքիրը մարտավարությունն է:

-Ճամբարը ինձ տալիս է նոր գիտելիքներ նախնական զինվորական պատրաստություն առարկայից, մեծ սիրով մասնակցում եմ բոլոր պարապմունքներին, մարտավարական խաղերին: Ինքս ապագայում զինվոր եմ դառնալու եւ դա գիտակցելով՝ փորձում եմ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել,- պատմում է մյուս մասնակիցը:

ԵՍ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԵՄՄասնակիցների արդեն երկրորդ խումբն է ավարտում ուսումնառությունը, ճամբարից հեռանում է՝ իր հետ տանելով հիշարժան օրեր, տպավորություններ և, իհարկե, զինվորական որոշակի գիտելիքներ ու հմտություններ:

Կազմակերպիչները վստահ են՝ ռազմամարզական ճամբարը ծառայում է իր նպատակին: Ճամբարականները ստացան առաջին անգամ կազմակերպված նմանօրինակ միջոցառմանը մասնակցելը վկայող հավաստագրեր։ Ամենաակտիվներին ու լավագույն արդյունքներ ցուցաբերածներին տրվեցին նաև խորհրդանշական կրծքանշաններ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ բանակ-հասարակություն կապն ամրապնդող այսօրինակ միջոցառումները շարունակական են լինելու, մշտապես գտնվելու են պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում:

-Ռազմամարզական ճամբարին մասնակցել են 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի 14-ից 16 տարեկան ընդհանուր առմամբ 75 նախազորակոչային տարիքի պատանիներ: Հագեցած առօրյա են ունեցել, պարապմունքներից և դասընթացներից բացի, նաև հանդիպել են արվեստի, մշակույթի, գիտության ներկայացուցիչների, զինված ուժերի բարձրաստիճան սպաների հետ: Տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները մասնակիցներին ներկայացրել են զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների փաթեթը, որոնք առաջիկայում կարող են հետաքրքրել նրանց: Միջոցառումն արդյունավետ էր, և հետագայում մենք նախատեսում ենք ընդլայնել մասնակիցների քանակը և աշխարհագրությունը, այսինքն՝ ընդգրկել նաև այլ մարզերի նախազորակոչային տարիքի պատանիներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Բանակ և հասարակություն


28/08/2023