ՌՈԼԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՈՎ (ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ)
Ռոլան Մարտիրոսով (Մարտիրոսյան) (1935-2020)
1993 թվականին Սինգապուրի ավիացուցահանդեսում ռուսական ինքնաթիռները ներկայացնելու համար, որպես շարքային ռադիոտեխնիկ, գործուղվում է Ռոլան Մարտիրոսովը։ Սակայն արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն իսկույն հասկանում են, որ Մարտիրոսովը ամենևին էլ սովորական ռադիոտեխնիկ չէ։ Նա հայազգի ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովն էր։
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը ծնվել է 1935 թ. հոկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գուրգեն Ամիրխանի Մարտիրոսյանը, ծնունդով Արցախից է՝ Չարդախլու գյուղից։ «Դպրոցական տարիքում տարված էի ծովով, նավերի մոդելներ էի հավաքում, հետո տարվեցի զենքերով, ատրճանակներ էի պատրաստում: Ութերորդ-իններորդ դասարաններում ես արդեն ինքնաթիռների մոդելներ էի ստեղծում, ոչ թե կրկնօրինակում էի: Այդ դպրոցն անցնելով՝ ստացա գիտելիքներ, որ գիրք կարդալով չես ստանում»,- մի առիթով ասել է Մարտիրոսովը:
1959 թ. Ռոլան Մարտիրոսովը ավարտում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և աշխատանքի է անցնում ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարությունում, թիվ 51 գործարանի կոնստրուկտորափորձարարական բյուրոյում, աշխատում անմիջապես Պավել Սուխոյի ղեկավարությամբ։
Եթե ՄԻԳ ռազմական օդանավերի անվանումը կապվում է նրա ստեղծողի՝ Արտեմ Միկոյանի հետ, ապա Ռոլան Մարտիրոսովի անունը կապվում է ՍՈՒ կործանիչների, հատկապես նրա ստեղծած ՍՈՒ-34 կործանիչ-ռմբակոծիչի հետ։ Մինչև 1962 թ. Մարտիրոսովն աշխատում է հեռանկարային նախագծերի բաժնում՝ որպես ինժեներ։ 1962-1963 թթ. գլխավորում է ուղղահայաց թռչող կործանիչների մշակումը։ Կոնստրուկտորական բյուրոյում Ռոլան Մարտիրոսովն զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ինժեներ, բրիգադի ղեկավար, կոնստրուկտորական բյուրոյի ղեկավարի տեղակալ, ապա՝ ղեկավար, գլխավոր կոնստրուկտոր։ Նա մեծ ներդրում է ունեցել այնպիսի հայտնի ինքնաթիռների ստեղծման, փորձարկումների, սերիական արտադրության բարդ տեխնիկական խնդիրներ լուծելու հարցում, ինչպիսիք են ՍՈՒ-7ԲԿԼ, ՍՈՒ-15, ՍՈՒ-24, ՍՈՒ-24Մ, ՍՈՒ-25։ Սակայն նրա նվաճումների բարձրակետը ՍՈՒ-34 ռմբակոծիչն է: Մարտիրոսովը Նովոսիբիրսկի ավիագործարանում իրականացնում է ինքնաթիռի նախագծման, ստեղծման, փորձարկման, վերջնական մշակման, սերիական արտադրության ներդրման տեխնիկական ղեկավարման բոլոր աշխատանքները։ Ինքնաթիռն օժտված է մարտական բարձր որակներով, կարող է օգտագործվել որպես կործանիչ, վարել օդային մարտեր, ունակ է կրելու «օդ-օդ» դասի հրթիռների մի ողջ զինանոց։ Այն նաև ինքնաթիռ-հետախույզ է՝ օժտված ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր համակարգով։
Մարտիրոսովին հաջողվել է թեթևացնել ինքնաթիռի կմախքը՝ օգտագործելով տիտան, որը շատ ամուր և թեթև մետաղ է և դիմանում է +4300 ջերմաստիճանին։ ՍՈՒ-34-ն ստեղծվել է օդում գերիշխանության համար։ Այն ունակ է և՛ ցերեկը, և՛ գիշերը, ցանկացած եղանակային պայմաններում, խոցել հակառակորդի թռչող սարքերը և ոչնչացնել ցամաքային թիրախները, ինչպես նաև կատարել օդային հետախուզություն, նպատականշումները փոխանցել այլ ինքնաթիռների։ Գերտարաշարժ կործանիչը հագեցած է ժամանակակից հեռահար հրթիռային սպառազինությամբ, ռադիոտեղորոշիչ կայանով, քարշող ուժի կառավարվող վեկտորով շարժիչներով և առջևի հորիզոնական թևերով: Եթե թևերից մեկը վնասվում է, հնարավոր է թռչել միայն մյուսով։ ՍՈՒ-34 ինքնաթիռի օդաչուների խցիկում տեղադրված են էլեկտրական մերսման աթոռ, միկրոալիքային վառարան, բիոպետքարան, ինչը չկար անգամ ութից տասը ժամ թռիչք իրականացնող ռազմավարական հրթիռակիրներում։
1992 թվականին առաջին թռիչքը կատարելուց հետո Ռոլան Մարտիրոսովի ստեղծած ՍՈՒ-34-ը 30 համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այն ժամանակի ընթացքում կարող է համալրվել նոր տեխնոլոգիաներով։
2017 թ. ՌԴ նախագահի փակ հրամանագրով Ռոլան Գուրգենի Մարտիրոսովին շնորհվել է ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում։ Արժանացել է ՌԴ «Պատվո» շքանշանին։ Պարգևատրվել է «Բարեկամության» (1999) և «Ալեքսանդր Նևսկու» (2016) շքանշաններով։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Հոգևոր-մշակութային