Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԱԿ ՇՂԹԱ-2023» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԸ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԱԿ ՇՂԹԱ-2023» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔԸՕգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։

Վարժանքի անմիջական գործող մասնակիցները պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։

Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։

ԶԼՄ ներկայացուցիչներն ստացել են հուշաթերթիկ, սաղավարտ, զրահաբաճկոն և մեկնել առաջադրանքի կատարման վայր՝ մարտական հենակետեր և սահմանամերձ համայնքներ, իսկ նրանց աշխատանքի ընթացքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են ՊՆ և ԶՈՒ համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։

Օրվա ավարտին խաղարկային իրավիճակների վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ և հոդվածներ։

Տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման և գաղտնիության ռեժիմի նկատառումներով պայմանավորված` բացազատված տեղեկատվական կենտրոնում կատարվել է պատրաստված նյութերի նախնական ստուգում:

Վարժանքի նպատակն էր ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը։

Վարժանքի ավարտին ՊՆ վարչական համալիրում կատարվել է արդյունքների ամփոփում:

Խորագիր՝ #33 (1498) 23.08.2023 - 29.08.2023, Ազգային բանակ


28/08/2023