ՍԻՄՊՈՒ ԵՎ ՈՉ ԹԵ ԿԱՄԻԿԱՁԵ
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և կեսերին կամիկաձեների կարիքը չկար` Ճապոնիան հզոր ռազմածովային նավատորմ ուներ, որի շնորհիվ զավթել էր Ֆիլիպինյան կղզիները և բազում այլ տարածքներ (ամերիկյան ռազմածովային նավատորմի թուլությունը պայմանավորված էր 1941 թվականի Փյորլ Հարբորի աղետալի պարտությամբ):
Իրավիճակը կտրուկ փոխվեց 1944 թվականի ամռանը, երբ Խաղաղ օվկիանոսում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ԱՄՆ ավիակրային հզոր նավատորմն սկսեց ճապոնական տորմիղին մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտությունների մատնել:
Ճապոնական բանակի, օդուժի կամ նավատորմի միավորումներին անհնար էր մեղադրել որևէ բանում. ճապոնացիներն ուժերի գերագույն լարմամբ մարտնչում էին ամեն մի կղզու, քաղաքի կամ նավահանգստի համար: Սակայն ուժերն անհավասար էին: Կրակային և քանակային մեծ առավելություն ունեցող ամերիկյան ռազմանավերը, օգտվելով օդուժի աջակցությունից, գրեթե անպատիժ գնդակոծում և խորտակում էին ճապոնական ռազմածովային նավատորմի երբեմնի պարծանքն ու հպարտությունը հանդիսացող հածանավերը: Բայց առավել վատ էր հետևյալը. մինչ ամերիկացիները նորանոր միավորներ էին ներգրավում մարտերում, ճապոնացիների պահուստներն արդեն սպառվել էին: Եվ հենց այդ ժամանակ հիշեցին «աստվածային քամու» մասին, որի շնորհիվ արդեն երկու անգամ Ճապոնիան փրկվել էր անխուսափելի պարտությունից: Եվ չնայած նոր մարտավարությունը շատերին ցնցեց և բարձրագույն զինվորական հրամանատարության լուրջ քննադատությանն արժանացավ, այնուամենայնիվ Ճապոնիան արդեն ուրիշ միջոց չուներ` իր թշնամիների օրավուր ավելի ու ավելի հզոր ու ծավալուն դարձող հարձակումներին դիմակայելու համար:
Խոյահարող ինքնասպան հարձակումներ իրականացնող միավորումն ստեղծելու գործում էական դեր խաղաց փոխծովակալ Օնիսի Տակիձիրոն: Նա խստապահանջ, կամային հատկություններով օժտված հրամանատար էր, մարտական հարուստ փորձառությամբ և տաղանդավոր: Նախադեպը չունեցող ստորաբաժանումը կազմավորելու եռանդուն ջանքերի համար ծովակալ Օնիսին հետագայում կստանա «կամիկաձեների հայր» մականունը, իսկ առայժմ նորաստեղծ միավորը կամավորների կարիք էր զգում:
Հատուկ հարձակումների գումարտակում ներգրավվել ցանկացող ոչ մի թեկնածու իր դիմումի մեջ չէր գրում, թե կամենում է փառավորել իր անձը: Ընդհակառակը, նա վստահեցնում էր հրամանատարությանը, որ այդպես է վարվում հայրենասիրությունից դրդված և խնդրում է իրեն արժանացնել կյանքը հանուն կայսեր զոհաբերելու մեծ պատվին: Չնայած ազգային հպարտության հանգամանքն էլ կար: Սամուրայների հին ավանդույթի համաձայն` հանուն զինակիցների և առավել ևս ի պատիվ հարազատ տոհմի գործված հերոսությունն անխտիր կգումարվի ընտանեկան փառքին, էլ չասած` ի բարօրություն ճապոն ժողովրդի գործած սխրանքների:
Հանուն Ճապոնիայի և հավուր պատշաճի անձնասպան օդաչուի կատարած գործողությունը, անկախ արդյունքից, նրան և ողջ ընտանիքին արժանացնում էր «հոմարե նո իվ- գերհարգվածներ» կոչմանը: Այս տրամաբանությունն ընկալելը դյուրին չէ. ուստի օտարները, բոլորովին չիմանալով և չճանաչելով ճապոնական մշակույթը, կամիկաձեներին խելագար են համարում:
Սկզբնական շրջանում հատուկ գրոհային միավորումը կազմված էր ընդամենը 26 կործանիչներից, որոնց մեծ մասը նախատեսված էր նավերը խոյահարելու, իսկ մնացյալը` գրոհի նետվող կամիկաձեներին օդային հարձակումից պաշտպանելու համար: Ծովակալ Օնիսին այն եզրակացությանն էր հանգել, որ գրոհային խումբը պետք է կազմված լինի հինգ ինքնաթիռից: Նա հաշվարկել էր, որ հսկայական ավիակիրը կործանելու համար անհրաժեշտ է նվազագույնը երեք խոյահարում: Միաժամանակ հաշվի էր առել այն հանգամանքը, որ խումբը չպետք է գերազանցի հինգ միավորը, որպեսզի կարողանա հնարավորինս աննկատ ներխուժել թշնամու տարածք: Ուստի ծովակալի վճիռը պարզ էր ու հասկանալի. երեքը պետք է լինեն խոյահարող անձնասպաններ, իսկ երկուսը` ուղեկցող կործանիչներ` ջոկի անվտանգությունն ապահովելու համար:
Նորաստեղծ հարվածային միավորները գեղագիտական անուններ ստացան: Ճապոնացիները հավատարիմ էին իրենց բնավորությանը. ոչ ոք նրանց պես ի զորու չէր նկատելու ամենաառօրեական բաների հմայքն ու գեղեցկությունը, և ջոկատն անվանվեց «Սիմպու», կամ «Սին-ֆու»` «աստված» և «քամի»: Կիրառում էին նաև «Սիմբու» («քաջերի միավորում») ձևը, իսկ «Կամիկաձե»-ն առաջ եկավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նավատորմում ծառայող ամերիկյան ծագմամբ ճապոնացի նավաստիները սխալ ընթերցեցին «Սիմպու»-ի հիերոգլիֆները:
«Սիմպու» ջոկատայինների մասին մյուս տարածված սխալն այն է, թե նրանց հարկադրաբար են ներգրավել այդ միավորման կազմում, մինչդեռ իրականում բոլորովին էլ դյուրին չէր այնտեղ ընդգրկվելը: Ամեն ցանկացող չէ, որ կարող էր հայտնվել «Սիմպու»-ի շարքերում: Առաջինն, իհարկե, հաշվի էին առնում մարտական և թռիչքային փորձը, սակայն մեծ նշանակություն էին տալիս նաև մյուս հանգամանքներին, ասենք` թեկնածուի ընտանեկան դրությանը:
Սրա ամենահուզիչ օրինակը Հաջիմե Ֆուձիի պատմությունն է… 1944-ի աշնանը, երբ ռազմական օդաչուները տեղեկացան հատուկ գրոհային միավորման կազմում կամավորներ հավաքագրելու մասին, ի թիվս այլոց իր դիմումը ներկայացրեց նաև Հաջիմե Ֆուձին: Սակայն երիտասարդ օդաչուն մերժում ստացավ, որովհետև ամուսնացած էր և երկու երեխա ուներ (մինչև 1945 թ. ամառ ամուսնացածներին չէին ընդունում): Արգելքը հաղթահարելու համար Ֆուձիի կինը նախ սպանեց իր զավակներին և վերջում հարակիրի արեց: Հրամանատարությանն ուղղված երկտողում կինը գրում էր, որ այդ քայլին դիմում է հանուն ամուսնու, որն իր պարտքը կատարելու համար չպետք է խոչընդոտներ ունենա:
Նրա ողբերգական որոշումը կարող է շատերի զայրույթն առաջացնել, որ կդատապարտեն մոր դաժան և անմարդկային քայլը: Թերևս կարելի է… Մենք անկարող ենք սա ընկալել… Սակայն պարտավոր ենք նրան հարգել իր խիզախության համար:
Ռազմական հրամանատարությունը զերծ մնաց կատարվածի մասին գնահատականներից, այլ պարզապես պարուրեց գաղտնիության քողով, և այն հայտնի դարձավ միայն պատերազմի ավարտից հետո: Զինվորականների այս քայլը լիովին հասկանալի էր. եթե Ֆուձիի տիկնոջ պատմությունը հայտնի դառնար, երկրում կգտնվեին բազմաթիվ այսպիսի մայրեր, որ իրենց սերունդների և իրենց կյանքը չէին խնայի հանուն հայրենիքի:
Ինչ վերաբերում է հատուկ գրոհային միավորման առաջին ստորաբաժանումների կազմավորմանը, ցանկացողների թիվն ահռելի էր. այդ տեղերին հավակնում էին թե՛ օդաչուական դպրոցը նոր ավարտած պատանիները, թե՛ փորձառու վարպետները, թե՛ ավագ սպայակազմը և անգամ հրահանգիչները, որ պետք է վարժեին «Սիմպու»-ի մարտիկներին: Պատճառը պարզ էր. առաջին կամիկաձեն, որ ի զորու կլինի խոցելու նպատակակետը, կդառնա ոչ թե պարզապես ազգային հերոս, այլ մի հերոս, որ Ճապոնիայի պատմության մեջ աննախադեպ մի սխրանք է գործել, որի հիշատակն անմար կլինի դարեր շարունակ: Բացի այդ. առաջինը մարտի մեջ մտնելը սամուրայի համար մեծագույն պատիվ է, և սա բազմադարյա ավանդույթ է:
Եվ վերջապես երրորդ, ճապոնացիների համար ամենագլխավոր պատճառն այն էր, որ հանուն հայրենիքի կամ կայսեր (ճապոնացիների համար նրանք նույնական են) կյանքը զոհած ամեն անձնասպանի համար, անվանական պղնձաթիթեղ կտեղադրվեր սինտոիստական Յասուկունի ամենապաշտյալ տաճարում (սրա իրական ազդեցությունը դժվարընկալելի է ոչ ճապոնացու համար: Ռուսների պարագայում, սա թերևս համազոր է Կրեմլի պատի մեջ թաղվելուն: Մեր պարագայում, հավանաբար, համադրելի է Եռաբլուրում կամ Մայր Աթոռի հարևանությամբ` Սբ. Գայանեի բակում, Խենթի կամ Բեկ-Փիրումյանի ու Մախլուտոյի (Սմբատ Բորոյանի) կողքին ննջելուն – ծանոթ. – Հ.Մ.):
Յասուկունի տաճարում անմահանալու այս ավանդույթից է բխում «Սիմպու» ջոկատայինների հրաժեշտն ընկերների հետ. «Մինչ հանդիպում Յասուկունիում»: Չի կարելի մոռանալ և այն, որ դեռևս կենդանության օրոք ապագա հերոսներն անասելի փառքի էին արժանանում. չէ՞ որ «Սիմպու» կամ «Կամիկաձե» նշանակում էր «աստվածային քամի»…
Ռուսերենից թարգմանեց
Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
Մայոր