ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ
* Ս.Բլանկ. «Առաջին հարձակումից հետո Ադրբեջանը կպարտվի»:
* Երկիրն անցյալ տարի հայտնվել էր սովի եզրին:
* Արտասահմանում սովորող ադրբեջանցիները չեն ուզում վերադառնալ:
ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ Է
Ադրբեջանի զինված ուժերում շարունակվում են արտակարգ պատահարները: Անցյալ շաբաթ տարբեր զորամասերում ինքնասպան են եղել զինծառայողներ Նուրլան եւ Թելման Սաֆարովները: Առաջինը զորակոչվել էր երկուսուկես ամիս առաջ: Միջադեպերից ոչ մեկի պատճառը լրատվամիջոցներին հայտնի չէ («apa.az», 10.01.2010): Դրանք, անշուշտ, վկայում են ադրբեջանական բանակում առկա կարգապահական լուրջ խնդիրները:
Թերեւս նաեւ այս հանգամանքն է հաշվի առնում ռազմական փորձագետների մեծ մասը, որի կարծիքով Բաքվի ռազմական ներուժը համեմատելի չէ Հայաստանի հնարավորությունների հետ: Այս տեսակետն է վկայակոչում ամերիկացի հետազոտող Ստեֆան Բլանկը:
«Ադրբեջանն առաջին հարձակումից հետո, ամենայն հավանականությամբ, կպարտվի»,- գրում է նա «National Review» ամսագրում: Ըստ փորձագետի` Ադրբեջանը կարող է հաջողության հասնել, եթե հարձակվի ռազմաճակատի մի փոքր հատվածի վրա, բայց Հայաստանը կարող է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները սահմանափակվեն դրանով: Բլանկը միանգամայն հնարավոր է համարում, որ հակամարտությանը կմիջամտեն Ռուսաստանն ու Թուրքիան («regnum.ru», 13.01.2011):
Այդ կարծիքին է նաեւ ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն: «Եթե ռազմական գործողությունները տեւական լինեն, կարող են շարունակվել հարեւան պետությունների տարածքում: Դա օրախնդիր կդարձնի Նախիջեւանի անվտանգության հարցը»,- ասում է նա: Շահինօղլուի կարծիքով, ռազմադաշտում Ադրբեջանի թեկուզ կարճատեւ առավելությունը նրան հնարավորություն կտա բանակցությունների սեղանի շուրջ զիջում կորզել հայերից, ուստի պատերազմի տարբերակը պետք է մշտապես Ադրբեջանի ղեկավարության քննարկման առարկան լինի:
«Բայց Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հրաման արձակելն Ալիեւի համար անչափ դժվար է, նույնիսկ եթե Ադրբեջանի ռազմական բյուջեն 10 անգամ մեծ լինի Հայաստանի պետական բյուջեից,- կարծում է քաղաքագետը:- Պատերազմում հաջողության հասնելու համար պետք է բացառված լինի Հայաստանին արտաքին ուժերի կողմից օգնություն ցույց տալը» («novosti.az», 27.12.2010):
«Stratfor» վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, վերջինը ոչ միայն բացառված չէ, այլեւ հավանական է: «Ադրբեջանը հասկանում է, որ անհնար է միայնակ հակամարտության մեջ մտնել Հայաստանի հետ, որի թիկունքում Ռուսաստանն է,- նշվում է վերլուծության մեջ:- Դա է, որ Ադրբեջանին դրդեց կրկին նետվելու Թուրքիայի գիրկը» («panorama.am», 22.12.2010):
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՃՈՂ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեծ է Ադրբեջանի ղեկավարության հիասթափությունը. Հայաստանը տեղի չտվեց պատերազմը վերսկսելու նրա սպառնալիքներին: Եվ այսօր Ադրբեջանը ստիպված պետք է շարունակի ֆինանսական վիթխարի միջոցներ ծախսել` Հայաստանին եւ Արցախին ցույց տալու համար, որ երկրում տնտեսական աճը շարունակվում է, սոցիալական հիմնախնդիրները լուծվում են, ռազմական բյուջեն ավելանում է, եւ հեռանկարում Ադրբեջանը առավելություն է ունենալու հայկական պետությունների նկատմամբ:
Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանի տնտեսական աճի արագությունը կտրուկ նվազել է (մոտ 10 անգամ), բյուջեի պակասուրդը լրացնելու համար ղեկավարությունը ստիպված ծախսում է «սեւ օրվա պաշարը»` նավթային հիմնադրամը, համատարած թանկացումը խժռում են բնակչության եկամուտը, երկրում սրվել են սոցիալական հիմնախնդիրները, ընտանիքների 78%-ը չի կարողանում մուծել բնակվարձը, տնտեսության 58%-ը «ստվերում» է, իսկ երիտասարդները փախչում են հայրենիքից:
Այսպես, անցյալ տարվա մայիս-հունիս ամիսների ջրհեղեղների հետեւանքով Ադրբեջանում ոչնչացան վիթխարի ցանքատարածություններ, հատիկավորների բերքի մեկ երրորդը փչացավ, կտրուկ նվազեց հողագործության արդյունավետությունը, վերջին ամիսներին երկրում կրկնակի թանկացան կաթը, ինչպես նաեւ հացը եւ միսը` բնակչության հիմնական սննդամթերքը: Ադրբեջանը հայտնվեց սովի եզրին, եւ Ռուսաստանը, որ ամռանը երկրում բռնկված հրդեհների պատճառով արգելել էր հացահատիկի արտահանումը, Ադրբեջանի համար բացառություն արեց եւ հացահատիկ վաճառեց նրան: Բացի դրանից, Ադրբեջանը ստիպված էր Ղազախստանից մոտ 1 մլն տոննա հացահատիկ գնել նախկինից 50%-ով ավելի բարձր գնով. Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չէր համաձայնի այդ պայմանին, եթե ծանր վիճակում չլիներ:
Համատարած թանկացման պատճառով շարքային ադրբեջանցիները սկսել են իրենց եկամտի 60-65%-ը ծախսել սննդամթերքի վրա: Եթե նախորդ տարիներին աշխատավարձերն ու կենսաթոշակները նկատելիորեն ավելացվում էին, ապա 2009-2010թթ. դրանց ավելացումը չնչին էր, ուստի նվազել է բնակչության գնողունակությունը: Պաշտոնական վիճակագրությունը շեշտում է եկամուտների ավելացումը` առանց հաշվի առնելու սղաճն ու թանկացումը («novosti.az», 28.12.2010): Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում մարդու կենսական կարիքները բավարարելու համար պետք է առնվազն 95 մանաթ` մոտ 120 դոլար: Մինչդեռ տնտեսական հետազոտությունների կենտրոնի անկախ փորձագետների հաշվարկների համաձայն` այդ ցուցանիշը կազմում է 162 մանաթ կամ 195 դոլար, այսինքն` պաշտոնական ցուցանիշից 62%-ով ավելի («regnum.ru», 06.01.2010): Նշանակում է` իշխանությունը հենց այդքանով էլ ավելի գունեղ է ներկայացնում իրականությունը:
ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ՕԳՏԻՆ Է
Ադրբեջանը զանգվածաբար արտասահման սովորելու է ուղարկում իր առավել ընդունակ երիտասարդներին, որպեսզի ապագայում մասնագետներ ունենա բիոտեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների, բժկության, ճարտարագիտության եւ այլ բնագավառներում: Ներկայումս պետության հաշվին արտասահմանում սովորող ադրբեջանցիների թիվը հասնում է 10 հազարի (!) («apa.az», 17.12.2010): Իլհամ Ալիեւը մեծ հույսեր է կապում նրանց հետ:
Բայց ի՞նչ է կատարվում իրականում. այդ երիտասարդները չեն ուզում վերադառնալ Ադրբեջան: Կրթության նախարար Միսիր Մարդանովը խոստովանել է, որ իրենք ուղղակի չգիտեն, թե ինչ անեն, ինչպես նրանց վերադարձնեն («panorama.am», 21.12.2010):
Փաստորեն, արտասահմանում կրթություն ստացած ադրբեջանցի երիտասարդներն իրենց երկրում ապագա չեն տեսնում, թեպետ նրանց համար ստեղծված են ըստ մասնագիտության աշխատելու արտոնյալ պայմաններ: Պատճառներից մեկը, եթե ոչ գլխավորը, Ադրբեջանի բռնապետական ռեժիմն է, որի եղկելի բնույթը ավելի ակնառու է դառնում Արեւմուտքի զարգացած ժողովրդավարությունների հետ համեմատելիս: Եվ վստահաբար կարելի է ասել, որ նույնիսկ այն քչերը, որոնք կվերադառնան Ադրբեջան` աշխատելու, իրենց աշխարհայացքով ընդդիմադիր կլինեն Ալիեւի կլանային վարչակարգին, որն ինքնապահպանման բնազդով մերժելու եւ հալածելու է այդպիսիներին:
Ահա` արցախահայությանն ու հայ ժողովրդին մարտահրավեր նետող պետության իրական վիճակը: Ադրբեջանը չունի երկարատեւ մրցակցության դիմանալու ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ, ամենակարեւորը, հոգեբանական ու բարոյական ներուժ: Վախենալ այսպիսի երկրից` նշանակում է նմանվել Թումանյանի «Չարի վերջը» բալլադի կկվին:
«ԼՂՀ հիմնախնդիրը վերջնականապես կլուծվի միայն ժամանակի ընթացքում: Իսկ ժամանակը, ես համոզված եմ, աշխատում է մեր օգտին»,- անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը («regnum.ru», 24.12.2010):
Արցախցին հավատում է հաղթանակին, եւ սա է նրա տոկունության գաղտնիքը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ