ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔՍԱՆԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Հայոց ազգային բանակի կազմավորման քսաներորդ տարեդարձի առիթով զինված ուժերի հոգևոր սպասավորների անունից Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բանակի քաջարի զորահրամանատարներին ու զինվորներին:
Գոհաբանական Մեր աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ մեր ժողովուրդը, Հայաստանի անկախության առաջին տարիներին խաղաղ ու պայծառ գալիքի հավատն իր մեջ ունենալով, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով ամուր հիմքերը դրեց Ազգային բանակի:
Կրկնակի ուրախ ենք մենք այսօր, քանզի Հայոց բանակի կազմավորման երկրորդ տասնամյակն ենք տոնախմբում Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի խորհրդի ներքո:
Մեր հողում ազատ ապրելու կամքով լեցուն` ազգովի արժանացանք Աստծո շնորհին, որ պարգևեց հայ ազգին դեպի փրկություն առաջնորդող ճանապարհ ու առաքելություն, որպեսզի ճշմարտությունը խոսի մեր սրտերում և հավատով, սիրով ու հավատարմությամբ ամուր լինի մեր երկրի ազատությունը, ու օրհնյալ լինի մեր հայրենի հողը:
Հիրավի, չուշացան աստվածային օրհնության պտուղները, որ տրվեցին մեզ մեր Տիրոջ կողմից: Արցախի ազատագրության ու Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերում ծնունդ առավ Հայոց բանակը: Անմնացորդ նվիրյալների՝ ազատամարտիկների բոցավառ սրտերի վեհ սիրով ու աննկուն կամքով օրեցօր զորացավ, ուժ առավ, աննահանջ ու հաղթական դարձավ հայ քաջերի սրբանվեր կյանքով, ովքեր հայրենիքի համար հերթական պատերազմում համալրեցին անմահների զորագունդը:
Այս տոնական օրը աղոթում ենք բոլոր այն հայորդիների հոգիների համար, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այս խաղաղ առավոտի: Երիցս փառք նրանց անմահ հիշատակին և աստվածային օրհնություն նրանց լույս հոգիներին:
Թող Բարձրյալի Ամենակարող Աջը այսօր և միշտ զորացնի ու պահպանի հայրենիքի պաշտպան հերոս զավակներին և ամուր ու անխռով պահի Հայոց բանակը:
Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Հոգևոր-մշակութային