Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔՀերոս Ասլանյանը

1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմի հերոսներից էր Հովհաննես Ասլանյանը։ Ծնունդով (1802) Աշտարակի շրջանի Բյուրական գյուղից էր, ծառայում էր ռուսական բանակում։ 1927-ի ապրիլին ռուսները մտնում են Երեւանի խանության սահմանները, եւ Ամենայն Հայոց  Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, որպես հավատարիմ մարդու, Հովհաննեսին կարեւոր հանձնարարությամբ ուղարկում է իր աթոռանիստ Էջմիածին։ Ճանապարհն անցնում էր ոտքով, եւ ահա Երեւանի մերձակայքում պարսիկները բռնում են նրան, ստիպում տեղեկություններ հաղորդել ռուսական զորքի եւ իր ստացած հանձնարարության մասին։ Ոչինչ չստանալով՝ պարսիկները խոշտանգում են նրան եւ մեռած կարծելով՝ թողնում հեռանում։ Հովհաննեսն ուշքի է գալիս, սպասում մութն ընկնելուն եւ շարունակում ճանապարհը, կատարում Վեհափառի հանձնարարությունը։

Հովհաննեսի քաջարի արարքը աննկատ չի մնում՝ ռուսական կառավարությունը նրան պարգեւատրում է ոսկե մեդալով եւ ցմահ նշանակում տարեկան հարյուր ռուբլի թոշակ։ Այլ տեղեկություններ նրա մասին հայտնի չեն, հայտնի չէ նաեւ մահվան թվականը։

 

Գլուխգործոց դռներ

Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է մի դուռ, որն իրավունք ուներ դառնալու թանգարանային եզակի ցուցանմուշ՝ այն փայտարվեստի գլուխգործոց է, պատրաստված ընկուզենու փայտից։ Հեղինակն է 15-րդ դարի հայ փորագրիչ, քանդակագործ Աբրահամը (Աբրահամ Սեւանեցի)։

Մենք չգիտենք՝ ինչքան ժամանակ է ծախսել հրաշագործ վարպետն այդ քանդակազարդ, ծաղկազարդ դուռը պատրաստելու վրա, բայց թվագրված է գործի ավարտը՝ 1486։

Աշխատանքը կատարված է պատկերագրության եւ զարդարանքի գեղարվեստական նուրբ, ճաշակավոր զուգորդմամբ, քանդակման կատարյալ տեխնիկայով։ Դուռը դրված է եղել Սեւանի Առաքելոց եկեղեցու հարավային մուտքին։

Ընդհանրապես, հայերը մեծ նշանակություն են տվել եկեղեցիների, բերդերի դռների քանդակազարդմանը, ստեղծել մեծարժեք գործեր։ Այդպիսի մի դուռ ունեցել է Երեւանի Պողոս-Պետրոս եկեղեցին, որը կառուցված է եղել ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եւ համարվել է քաղաքի յոթ հայտնի հնություններից մեկը (քանդվել է 1930-ին)։ Դուռը հիացմունքով նկարագրել է անվանի հայագետ Երվանդ Շահազիզն իր «Հին Երեւան» գրքում (1931)։ Այն եղել է Բայազետի Դարոյնք բերդի դուռը։ 1835-ին տեր Վարդան քահանան այն գնել է Մուխսի Սաքո անունով մի մարդուց եւ նվիրել Պողոս-Պետրոս եկեղեցուն։ Դուռը որպես արվեստի գործ ցուցադրվում է Երեւանի պատմության թանգարանում։

 

Ադամով-Ադամյանը

20-րդ դարի ֆրանսիական թատերագրության նշանավոր դեմքերից էր Արթյուր Ադամովը, ծննդյան վկայականով՝ Հարություն Ադամյանը։ Հայրը՝ շուշեցի Սուրեն Ադամյանը, 1914-ին տեղափոխվեց Եվրոպա, եւ 1908-ին Կիսլովոդսկում ծնված Հարությունը հայտնվեց նախ Շվեյցարիայում, ապա՝ Գերմանիայում, եւ 1924-ին մշտապես հաստատվեց Փարիզում։ Հայրը լավ կրթության տվեց որդուն, եւ արդեն 1930-ական թվականներին Հարությունը, որ դարձել էր Արթյուր, անուն հանեց գրական շրջանակներում։ Բանաստեղծ էր, թատերագիր հետո էր դառնալու։

Ադամովի գրական կյանքն սկսվեց բարդ ժամանակներում։ Գերմանիայում մոլեգնում էր ֆաշիզմը, որն իր շոշափուկները տարածեց նաեւ Ֆրանսիայում։ Սկսվեց  ֆաշիստական խմբավորումների դեմ ընդհատակյա պայքար, որին ակտիվորեն ներգրավվեց նաեւ Արթյուրը։ Նա Վիշիի տխրահռչակ կառավարության դեմ ժողովրդական ելույթների մասնակիցներից էր, որի համար նետվեց Արժելեի համակենտրոնացման ճամբար (1941)։

Այնուհանդերձ, Արթյուր Ադամովի տարերքը գրականությունն էր։ 1946-ին լույս տեսավ նրա «Խոստովանություն» ինքնակենսագրական վիպակը, որտեղ խոսվում է նաեւ գրողի հայկական ծագման մասին։ «Պարոդիա», «Մեծ եւ փոքր զորախաղ» եւ այլ պիեսների բեմադրություններով նա դարձավ թատերական նոր շարժման՝ «աբսուրդի թատրոնի» ռահվիրաներից մեկը՝ նոր էջ գրելով համաշխարհային թատերարվեստի պատմության մեջ։

Արթյուր Ադամովը մահացել է 1970-ին Փարիզում։ Նա Ֆրանսիայի գրողների ազգային կոմիտեի անդամ էր։

 

Երկու Ասլան հայեր

Երկուսն էլ Ասլանյան են, բայց հայտնի Ասլան մականունով։

Ռաուլ Ասլանը ավստրիական թատրոնի նշանավոր դեմքերից էր՝ դերասան եւ ռեժիսոր, Վիեննայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954)։

Ռաուլը նախնական կրթությունն ստացել է հայերեն (մայրը իռլանդուհի էր), ապա սովորել Վիեննայի համալսարանում եւ դերասանական վարպետության դասեր առել թատրոնի նշանավոր դեմքերից։

Առաջին անգամ բեմ բարձրացավ 1906-ին, Համբուրգի դրամատիկական թատրոնում, այնուհետեւ խաղաց Գրացի, Շտուտգարդի եւ այլ քաղաքների թատրոններում։ Անցնելով Ավստրիա՝ ղեկավարել է Վիեննայի աշխարհահռչակ «Բուրգթեատր» թատրոնը։ Նրա խաղացած դերերը՝ Համլետ, Կորիոլան, Անտոնիոս, Օթելլո, համարվել են ավստրիական թատրոնի շեքսպիրյան խաղացանկի նվաճումներ։ Մահացել է 1958-ին Վիեննայում։

Մյուս Ասլանը՝ Գրեգուարը (Գրիգոր), ֆրանսիական կինոյի, թատրոնի եւ էստրադայի երեւելի դեմքերից էր։ Ծնված լինելով Կ. Պոլսում՝ դերասանական գործունեությունն սկսեց Փարիզում, մեծ անուն հանեց որպես էստրադային երգիչ։ Կինոյում առաջին անգամ նկարահանվեց 1938-ին, այնուհետեւ մասնակցեց շուրջ 70 ֆիլմերի ստեղծմանը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Անգլիայում, ԱՄՆ-ում (Հոլիվուդ)։ Խաղացել է ավելի քան 40 բեմադրություններում։

Երկու Ասլանն էլ, ստեղծագործելով արվեստի նույն ճյուղերում, համարվել են համաշխարհային ճանաչման արժանացած անուններ։

 

Վանի պաշտպան վանեցին

1896-ին Վանն աղետի մեջ էր՝ մոլեգնում էին հայկական կոտորածները։ Սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը, որը դարձավ հայ ազգային-ազատագրական շարժման նշանակալից էջերից մեկը։

Քաղաքի ինքնապաշտպանության ղեկավարներից էր Մկրտիչ Ավետիսյանը, որը ծնունդով վանեցի էր։ Ուշագրավ է նրա կյանքի պատմությունը։ Սովորեց տեղի վարժարաններում ու հենց այդ տարիներին մտավ հայրենասիրական գաղտնի խմբի մեջ։ Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, արմենականների առաջնորդ Մկրտիչ Փորթուգալյանի հետեւորդներից էր։ Խումբը բացահայտվեց, եւ թուրքական կառավարությունը նրան վտարեց երկրից։ Երկու տարի ապաստան գտավ Պարսկաստանում, բայց ուշքն ու միտքը  Վանի կողմն էր։ Սահմանն անցնելը լի էր վտանգներով, եւ Մկրտիչը Կ. Պոլիս անցավ Ռուսաստանի վրայով, ծպտյալ։ 1889-ին նրան նորից ձերբակալեցին եւ այս անգամ աքսորեցին Տրիպոլի (Հյուսիսային Աֆրիկա)։ Սակայն նա հեշտ  հնազանդվողներից չէր, կյանքը վտանգի ենթարկելով՝ կարողացավ փախչել Ֆրանսիա։ Մարսելում հանդիպեց Մկրտիչ Փորթուգալյանին, դարձավ նրա «Արմենիա» հանդեսի աշխատակիցներից մեկը։ «Արմենիան» մեծ դեր խաղաց ազգային զարթոնքի գործում, եւ դրանում անգնահատելի էր Մկրտիչ Ավետիսյանի ավանդը՝ նա էր կազմակերպում հանդեսի տարածումը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։

Ձգտելով որքան հնարավոր է մոտ լինել հայրենիքին՝ Մկրտիչը վերադարձավ Պարսկաստան, որտեղ աշխատեց որպես Սալմաստի, Ուրմիայի, Խոյի եւ Թավրիզի հայկական դպրոցների տեսուչ, ապա երկու տարի անց՝ 1895-ին, կրկին հայտնվեց Վանում։ Նա տեղի արմենականների ղեկավարն էր, ազատագրական գաղափարներով մինչեւ վերջ տոգորված մարդ։ Հասկանալի է, երբ 1896-ին սկսվեցին Վանի հայերի կոտորածները, նա էր, որ պետք է կազմակերպեր քաղաքի ինքնապաշտպանությունը։ Դա հերոսական մի գործողություն էր, եւ Մկրտիչը հերոսաբար զոհվեց հունիսի 11-ին՝ զենքը ձեռքից ցած չդնելով։

 

«Նախարարական» մարդը

1941-ին ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողկոմ (նախարար) նշանակվեց Ստեփան Ակոպովը (Հակոբյան)։ Թե ինչ պաշտոն էր դա պատերազմի ժամանակ, եւ ինչ պատասխանատվություն էր կրում այն վարող մարդը՝ դժվար չէ հասկանալ։ Ակոպովը, որը վայելում էր անձամբ Ստալինի վստահությունը, այդ պաշտոնին մնաց պատերազմի ողջ ընթացքում եւ մեծ ծառայություններ մատուցեց երկրին։ Պատերազմից հետո՝ 1946-ին, նշանակվեց ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության, 1947-ին՝ ավտոմոբիլային եւ տրակտորային արդյունաբերության նախարար, 1953-ին՝ ԽՍՀՄ մեքենաշինության նախարար։ 1955-ից նա ԽՍՀՄ ավտոմոբիլային, տրակտորային եւ գյուղատնտեսական մեքենաշինության նախարարն էր։

Ստեփան Ակոպով՝ ահա մի մարդ, որն ապրեց 59 տարի (մահացել է 1958-ին) եւ կյանքի շուրջ 20 տարին աշխատեց որպես նախարար։ Դա վիթխարի կենսափորձի, կազմակերպչական մեծ ընդունակության վկայությունն էր։ Մինչեւ նախարարական պաշտոններ զբաղեցնելն աշխատել էր որպես Պոդոլսկի մեքենաշինական եւ «Ուրալմաշ» գործարանների տնօրեն, իսկ դրանք ԽՍՀՄ-ի արդյունաբերական հսկաներից էին, եւ միայն հատուկ ընտրված մարդկանց էր վստահվում դրանց ղեկավարումը։ Ակոպովն այդ ձեռնարկություններում կառավարման մեծ դպրոց էր անցել։ Տիրապետել է նաեւ տեսական խոր գիտելիքների, խմբագրել բազմաթիվ մասնագիտական տեղեկատուներ եւ գրքեր։

Կառավարությունը բարձր է գնահատել Ստեփան Ակոպովի ծառայությունները՝ նա պարգեւատրվել էր բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Ծնունդով Շուլավերից էր (1899), ներկայումս՝ Վրաստանի Մառնեուլի շրջանից։

 

Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Հոգևոր-մշակութային


04/09/2023