Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՍ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ



ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔՍ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑԶրույց դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ

 

-Ուզում եմ մեր զրույցն սկսել ինձ ամենահետաքրքրող հարցից. Դուք և՛ թատրոնում, և՛ կինոյում բազմաթիվ կերպարներ եք կերտել, բայց, ըստ իս, «Աշնան արև» ֆիլմում Ձեր մարմնավորած Աղունը մնաց անգերազանցելի, և ժողովուրդը Ձեզ առաջին հերթին հիշում է հենց այդ կերպարով: Ինչո՞վ էր այն բացառիկ, և ինչո՞ւ եք Դուք այդքան վառ ու համոզիչ Աղունի կերպարում:

-Նախ՝ պետք է մեծարանքի, հիացմունքի խոսքեր ասել հայ գրականության ամենամեծերից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի հասցեին՝ իր անմահ ստեղծագործության ու նույնքան վարպետորեն կերտած Աղունի կերպարի համար: Աղունը մարմնավորում է ոչ միայն վառ ու ինքնատիպ անհատի, այլև հայ կնոջ ազգային կերպարը՝ ուժեղ, տոկուն, օջախի կրակը վառ պահող, զավակներին խնամող, նրանց կյանքի ու բարեկեցության համար կռիվ տվող, արարող, քարից հաց քամող, առաքինի, կյանքի դասերը սերտելով՝ իմաստնացած, խոր ներզգացողությամբ, շիտակ, երբեմն՝ սուր, երբեմն՝ նուրբ, անսահման նվիրված իր ընտանիքին, իր տանը, իր հող ու ջրին… Ես երկար ժամանակ Ահնիձորում՝ հեռավոր ու մոռացված դրախտում, երեխայի պես անապակ ու անկեղծ մարդկանց միջավայրում որոնում-հավաքում էի Աղունի կերպարը:

Վստահ եմ՝ ես մենակ չէի հաջողի, եթե չլիներ հրաշալի, տաղանդավոր դերասանական անսամբլը՝ Կարեն Ջանիբեկյանի գլխավորությամբ, եթե չլիներ այն արհեստավարժ թիմը, որի ամեն անդամը իր գործը բացառիկ նվիրումով ու անթերի էր կատարում:

-Ասում են՝ Աղունի նախատիպը Հրանտ Մաթևոսյանի մայրն է:

-Այո՛, և ես տեսել եմ նրան: Նա կրում էր հայ կնոջ գենետիկ իմաստնությունը, կամքը, տոկոնությունը, իր ժառանգներին դաստիարակելու ու պաշտպանելու բնատուր ունակությունը:

-Ես միշտ կարծել եմ, որ Աղունի կերպարը շատ մոտ է Ձեր մարդկային կերպարին, և Դուք ինքներդ Ձեզ եք խաղում:

-Ձեր ասածը ոչ մի աղերս չունի իրականության հետ. ես բոլորովին նման չեմ Աղունին: Շատ ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ Աղունի կերպարը կերտելիս ընդամենը 29 տարեկան էի, իսկ Աղունը կյանքի բովում եփված, հասուն կին էր: Ես պարզապես մաշկով, բջիջներով, սրտիս ամբողջ տարողությամբ հասկացա-զգացի այդ հպարտ, արարող, պայքարող կնոջը: Ժամանակը ամենամեծ դատավորն է, իսկ Աղունի կերպարը ապրում է ու դեռ երկար կապրի, քանի որ չկա կեղծիք, չկան անհարկի գունազարդումներ, տպավորիչ լինելու ճիգ…

-Աղունը Ձեր աստեղային կերպարն է, իսկ ո՞րն է եղել առաջին դերը:

-Հինգերորդ դասարանում Տարեմուտի հանդեսին Ձյունանուշ խաղացի: Բեմն ինձ այնքան դուր եկավ, որ անմիջապես ծնվեց դերասանուհի դառնալու երազանքս: Ես գնում էի ռուսական թատրոն, օգնում էի աշխատողներին, արդուկում էի դերասանների շորերը, այլ գործեր էի անում. միայն թե մոտ լինեի բեմին:

-Ինչո՞ւ այսօր Աղունի նման կերպարներ չեն կերտվում, մեր դժվար ու խառնակ օրերի պինդ ու աներեր Աղունը՝ իր ինքնատիպ, բայց և խորախորհուրդ կենսափիլիսոփայությամբ, ինչո՞ւ չի հայտնվում մեծ էկրանին կամ թատրոնի բեմում: Նա, ով կտա ինքնապահպանության և ուժեղ լինելու իր բանաձևը՝ մեր իրականության մարտահրավերներից բխող…

-Դուք այդ հարցը առաջին հերթին պետք է տաք դրամատուրգներին՝ ինչո՞ւ չկան վառ ու տիպական ազգային կերպարներ հայ ժամանակակից գրականության մեջ: Նաև հարցրեք, թե ինչո՞ւ մեր պոեզիան ու արձակը, ֆիլմերն ու բեմերը ողողված չեն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսացած քաջերի կերպարներով: Աշխարհի ամենահզոր զենքերը ունեցող երկրի՝ Ամերիկայի ֆիլմերը լի են Հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ հերոսներով, որովհետև մարդիկ հասկացել են, որ միայն զենքը բավարար չէ մեծ հաղթանակների հասնելու համար, խանդավառություն է պետք, բարոյական վերելք, հայրենասիրություն… Տասնամյակներ շարունակ մեր կինոթատրոնների դահլիճներից լսվող ամենատիրական ձայնը հռհռոցն էր՝ անմիտ, էժան, աննպատակ, բթացնող: Ուստի, հետզհետե դերասաններին ներկայացվող պահանջներն ինքնաբերաբար փոքրացան: Ծղրտալով ծիծաղ կորզող դերասանը հազիվ թե հասկանա, որ եթե ինքը չի կարդացել համաշխարհային գրականության դասականներին, չի դիտել լավագույն ռեժիսորների ֆիլմերը, ներծծված չէ բարձր երաժշտությամբ, չի կարող հաջողության հասնել՝ որպես դերասան, եթե անգամ բնատուր տաղանդ ունի: Դերասանը կերպարը օծում է իր ներքին խտացումներից, իր հոգևոր պաշարից, իր մտածողության խորքերից բերած գույներով: Դատարկ հոգով, դատարկ աչքերով մարդը, որն անգամ ինքն իրեն չի ճանաչում, ինչպես կարող է ճանաչել մեկ ուրիշին, առավել ևս՝ մարմնավորել…

-Դուք կրթության որակի մասի՞ն եք խոսում:

-Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված զանազան փորձարկումներն ու չհիմնավորված նորամուծությունները իջեցրին մեր կրթության մակարդակը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: Խորհրդային Միությունը գուցե բազմաթիվ թերություններ ուներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մերժեինք նաև դրականն ու ամեն ինչ ոչնչացնեինք: Ես երկու ձեռքով հավանություն եմ տալիս կրթության այն մոդելին, որտեղ պետությունը պատասխանատվություն է կրում անհատի կրթության բոլոր փուլերի համար ու երաշխավորում է այն: Ես մինչև հիմա հիշում եմ իմ դպրոցական արտադասարանական ընթերցանության գրքերը… էլ չեմ խոսում բուհական կրթության տարիների մասին, որոնք քեզ, կարելի է ասել, հոգեպես վերածնում էին, տանում էին ուրիշ աշխարհ՝ մտքի, հոգու, ապրումի, գեղեցիկ ու վեհ զգացողությունների, նուրբ ու խոր ընկալումների ոլորտները: Դա մի ճանապարհ էր, որ անցնում էր յուրաքանչյուր արվեստագետ, յուրաքանչյուր մտավորական: Ու պատահական չէ, որ արվեստի, գիտության մեծերը այդքան հարգված ու սիրված էին նախկինում: Նախ՝ նրանք իրենց արարումներով, մարդկային նկարագրով, գործերով արժանի էին ակնածանքի, երկրորդ՝ հասարակ մարդը գիտեր կրթվածի, մտավորականի հարգը:

-Պատմում են, որ երբ Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը կամ մյուսները հայտնվում էին սրճարանում ու սկսում էին զրուցել, երիտասարդ արվեստագետները, հարգանքի պատշաճ հեռավորությունը պահած, հավաքվում էին շուրջբոլորը, որ ունկնդրեին նրանց խոսքը:

– Երբևէ լսե՞լ եք, թե ինչպե՞ս էին խոսում մեր մեծերը:

– Պատիվ եմ ունեցել հարցազրույցներ անելու «Հայ զինվորի» համար մեր գրեթե բոլոր մեծանուն մտավորականների հետ: Անկախ այն բանից, թե արվեստի կամ գիտության որ բնագավառն էին ներկայացնում, բոլորն էլ խոսում էին շքեղ, բարձրաճաշակ ու ճիշտ հայերեն:

-Հենց դա էլ ուզում էի ասել: Լեզուն մեր կրթվածության առաջին ցուցիչն է: Լեզուն մեր ազգային արժանապատվության ցուցիչն է, մեր հայրենասիրության… Լեզվի վիճակը խոսում է կրթության որակի, հասարակության ընդհանուր մտավոր ու հոգևոր մակարդակի մասին: Պետությունը պիտի օգտագործի իր բոլոր լծակները, որ գեղեցիկ ու ճիշտ հայերենը չդառնա մի քանի լեզվաբանների կամ մի քանի պարբերականների մենաշնորհը, այլ հնչի ազգի շուրթերից ամենուր: Սրանից ավելի լավ ռազմահայրենասիրական միջոցառում չկա, հավատացե՛ք:

-Դուք ռուսական կրթություն ունեք, բայց դա չի խանգարել, որ զգաք գյուղացի հայ կնոջ ամբողջ ազգային կոլորիտն ու մարմնավորեք այն:

-Երբ ես ընդունվեցի բուհ, մեր դասախոսները առաջին օրվանից ասացին, որ բոլոր լեզուները թողնում ենք ինստիտուտի պատերից դուրս ու ձուլվում ենք հայերենին: Սա գաղափարախոսություն էր, հավատամք էր: …Դուք մտածե՞լ եք՝ ե՞րբ, ինչո՞ւ է ծնվում կուտակելու մոլուցքը: Ե՞րբ է մարդը առաջին առանձնատունը ունենալուց հետո կառուցում երկրորդը, երրորդը… գնում չորրորդ, հինգերորդ ավտոմեքենան… ինչի՞ց է ծնվում նյութապաշտությունը…

-Ագահությունից:

-Տգիտությունից: Ես մեկսենյականոց բնակարանում եմ ապրում, ու այն ինձ լիուլի հերիք է: Կարող էի մեծ տուն գնել, բայց չեմ ցանկացել: Փոխարենը շրջագայել եմ ամբողջ աշխարհով, հաճախել եմ թանգարաններ, պատկերասրահներ, դիտել եմ ներկայացումներ, ունկնդրել եմ աշխարհի ամենամեծ երաժիշտներին… Հոգևոր մարդը ուրիշ պահանջմունքներ ունի:

Ես գնացի ղարսեցի մորս ու մշեցի հորս ծննդավայրերը: Ծնողներս արդեն չկային, ու ես գնացի սեփական աչքերով տեսնելու իմ Հայրենիքը և մի բուռ հող բերելու՝ ծնողներիս շիրիմները օծելու համար: Մայրս մանրամասն նկարագրել էր Ղարսի քարե կամուրջը, բաղնիքը, Չարենցի տունը, եկեղեցին, մեր տունը… Չարենցի տունը ավերակ էր, եկեղեցին բանտ էին դարձրել, մեր տանը քրդեր էին ապրում…

Մուշում գտա մեծ պապիս դպրոցը: Սև տուֆից շենք էր, կանգուն: Մեծ պապս ուսուցիչ էր աշխատել այդ դպրոցում: Չգիտեմ էլ՝ պատմե՞մ, թե՞ ոչ… Երբ մտա Ղարս, հոգու ցավից բառացիորեն կորցրի գիտակցությունս: Դա այնքան ուժեղ զգացողություն էր, որ չդիմացա: Ընկնելիս կոտրեցի թևս: Այդպես ցավս ներս արած՝ ես անցա իմ կորուսյալ երկրով ու կատարեցի ծնողներիս տված խոստումը:

-Այդքանից հետո ասում եք, որ կարող ենք լեզու գտնել թուրքերի հետ, ու խնդիրները պետք է լուծենք բանակցությունների սեղանի շուրջ:

-Այո՛, ճիշտ եք լսել, ասել եմ: Բանակցությունների սեղանի մոտ ինքնավստահ լինելու համար մեզ ամուր երկիր, մարտունակ բանակ է պետք, ու մենք՝ ամեն հայ, պիտի իր լուման դնի երկրի ու բանակի զորացման գործում: Պատերազմը պատերազմ է բերում: Թշնամության բեռը սերնդեսերունդ փոխանցելով՝ մենք դատապարտում ենք մեր դեռ չծնված զավակներին: Պիտի կանգ առնենք:

-Մոռանա՞նք ցեղասպանությունն ու 44-օրյա արհավիրքը… Մեր հերոս, լույս տղաների՞ն:

-Չէ՛, չմոռանանք, այլ հանուն նրանց հիշատակի՝ կառուցենք հզոր երկիր ու պաշտպանունակ բանակ և դանդաղ քայլերով, բայց համառորեն բանակցությունների սեղանի շուրջ լուծենք մեր խնդիրները՝ առանց զոհերի, առանց նոր մարդկային կորուստների:

-Դուք պատկառելի տարիք ունեք, բայց շարունակում եք խաղալ թատրոնում, նկարահանվել ֆիլմերում: Ո՞րն է Ձեր եռանդի աղբյուրը:

-Ես երջանիկ մարդ եմ: Սա ոչ մի բանով պայմանավորված չէ, մարդու տեսակ է՝ երջանիկ մարդ: Մայրս ասում էր, որ ես ժպտալով եմ ծնվել: Միայն մանկաբարձուհու հարվածներից հետո եմ լաց եղել: Ինձ քիչ բան է պետք գոհանալու համար, ամենասովորական, առօրյա իրադարձությունները վայելք են ինձ համար: Գնում եմ շուկա, մարդիկ խմբվում են շուրջս, գովասանքի ու սիրո խոսքեր են ասում, ինձ դիմում են իմ կերպարների անուններով, փորձում են ինչ-որ բան նվիրել…

Ես ուզում եմ երկար ապրել, ես երջանիկ եմ, որովհետև շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ եմ սիրում կյանքը, շատ եմ սիրում մարդկանց…

– Ի՞նչ կասեք սահմանին կանգնած զինվորին:

-Համբուրում եմ հպարտ ճակատդ, տղա՛ս, ու ասում եմ՝ շնորհակալություն:

– Շնորհակալ եմ ջերմ ու անկեղծ զրույցի համար: Ձեզ բազում տարիների առողջ ու ստեղծագործ կյանք եմ մաղթում…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1499) 30.08.2023 - 05.09.2023, Հոգևոր-մշակութային


04/09/2023