Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸ



ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԸՀաշվի առնելով ակնհայտ առավելությունները՝ տվյալ ծրագրին միանալ ցանկացողները շատ են։ Նրանց համար սա լավ հնարավորություն է ծառայել հայրենիքին և, միևնույն ժամանակ, արդեն երիտասարդ տարիքում որոշակիորեն բարելավել ընտանիքի սոցիալական վիճակը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներից մեկն էլ կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն է։ Բժշկական կրթություն է ստացել, ապա զորակոչվել բանակ։ Ծառայել է գերազանց, աստիճանաբար հմտացել զինվորական գործում։ Շուրջ հինգ ամսվա զինծառայող էր, երբ զորամասի սպաները մանրակրկիտ ներկայացրել են նոր ծրագիրը՝ իր բոլոր առավելություններով։ Խոսել է հարազատների հետ։ Ու մի քանի օր ծանրութեթև անելուց հետո հայրիկի խորհրդով որոշել է ծառայությունը շարունակել նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ձևաչափով՝ ժամկետայինից անցնելով պայմանագրային զինվորական ծառայության՝ 5 տարի ժամկետով։

-Պայմանագիրն ստորագրելուց հետո տեղափոխվեցի ուսումնական կենտրոն,- հիշում է Նարեկը։ -Ուսումնական փուլը դժվար էր, բայց շատ արդյունավետ։ Ամեն օր անձնակազմի ֆիզիկական պատրաստության, մարտավարական գիտելիքների մակարդակը բարձրացնող պարապմունքներ էին անցկացվում: Շատ էինք գնում հրաձգարան, կրակային պատրաստության տեսական վարժանքներ կազմակերպում, կրակում։ Մեր գործողություններին հետևում էին պատասխանատու սպաները, արձանագրում թերությունները և տեղում շտկելու ցուցումներ տալիս։

Քրտնաջան պարապմունքների ընթացքում Նարեկը մյուս տղաների հետ միասին օրեցօր բարելավեց իր մասնագիտական ունակությունները՝ առաջիկա քննությունները բարեհաջող հաղթահարելու համար։ Կոփեց մարմինը, կատարելագործեց շարային, մարտավարական ու կրակային պատրաստության հմտությունները, հասավ գերազանց մարզավիճակի: Ուսումնական կենտրոնում ձեռք բերելով ֆիզիկական, մասնագիտական, կամային անհրաժեշտ որակներ՝ Նարեկը  հանձնեց պահանջվող քննությունները և որպես պատրաստված մասնագետ մեկնեց բնակավայրին մոտ իր նախընտրած զորամասը, նշանակվեց իր նախընտրած հաստիքին, ինչը ևս ծրագրի առավելություններից է։

Որոշ ժամանակ անց Նարեկն արդեն զինծառայողների ատեստավորման քննություններին էր մասնակցում։ Պատրաստության ընթացքում դրսևորելով բացարձակ առաջադիմություն՝ երիտասարդը դարձավ ծրագրի բացառիկ մասնակիցներից մեկը, որ բոլոր քննությունները հանձնեց «գերազանց»: Նա հիացրեց քննական հանձնաժողովին՝ շարային պատրաստության քննության ժամանակ վարժ ու սահուն կատարելով բոլոր հրամանները: Ֆիզիկական կարողություններն ամրապնդած Նարեկի համար սահմանված չափորոշիչներին համապատասխան ձգումներ կատարելն ու վազքը նույնպես խնդիր չէին. նա հավաքեց «գերազանց» գնահատականի համար պահանջվող 210 միավորը։ Եթե վնասվածք չունենար, ավելին կաներ, ինչպես առօրյա պարապմունքների ընթացքում։ Թեստավորման հիսուն հարցից հիսունին ճիշտ պատասխանեց, մարտական հրաձգության փուլում խոցեց բոլոր թիրախները։ Բացարձակ գերազանց արդյունքով Նարեկն ապահովեց աշխատավարձի էական ավելացում՝ մինչև 600 հազար դրամ։

-«Պաշտպան հայրենյաց» ծրագրի նպատակը ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումներ ստեղծելն է,- ասում է Նարեկը։ -Մենք առաջնահերթ պատրաստություն ենք անցնում առավել նպատակային ծառայելու, անհրաժեշտության դեպքում մեր հայրենիքը հուսալիորեն պաշտպանելու համար, և առավել քան գովելի է, որ կարևորվում է նաև մեր ծառայության սոցիալական բաղադրիչը։ Ծրագիրն իր առավելություններով ու սոցիալական բազմաթիվ արտոնություններով բացառիկ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր զինվորականի՝ ծառայելով հայրենիքին, միևնույն ժամանակ, լինել ընտանիքին մոտ և ունենալ բարձր աշխատավարձով աշխատանք։

Նարեկն օգտվում է այդ հնարավորություններից, ծառայում է բնակավայրին մոտ, մարտական հերթապահություն է իրականացնում։ Ծառայում է գիտակցության բարձր զգացումով, կարգապահության անխախտ պահպանմամբ։ Հասկանում է՝ բացարձակ գերազանցիկի ամեն քայլը պատասխանատվություն է, նաև գրանցված բարձր ցուցանիշները պահպանելու, գերազանցելու պարտավորություն։

Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանն այժմ իր փորձն է փոխանցում ծառայակիցներին, իր խորհուրդներով ուղղորդում «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միանալ ցանկացողներին։

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/09/2023