Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ԿԵՆՍԱԳԻՐԸ



ԲԱՆԱԿԻ ԿԵՆՍԱԳԻՐԸ

Սիրելի՛ ընթերցող, ահա քո սեղանին է «Հայ զինվոր» հանդեսի 1500-րդ համարը: Ազգային բանակի կենսագիրը, բանակաշինության դժվարին ճանապարհի ամենահավատարիմ ու անաչառ վավերագրողը 1500-րդ անգամ ներկայանում է քեզ՝ իր առաջին համարի շապիկով և իր անցած ճանապարհի 30-ամյա վաստակով ու փորձառությամբ:

«Հայ զինվորի» ծնունդը սպասված էր ու հրատապ, որովհետև ազատագրական կռվի բովում կազմավորվող, կամավորական ջոկատներից կանոնավոր զինվորական ստորաբաժանումներ ձևավորող բանակը պետք է ունենար իր խոսափողն ու գաղափարակիրը, տեղեկատուն ու բարոյախոսը: «Հայ զինվորի» առաջին համարները պատերազմի քրոնիկոն էին, լրագրողների առաջին հոդվածները վառոդաբույր էին, որովհետև տպարան էին հասնում ռազմաճակատից: «Հայ զինվորը» հայրենիքը պաշտպանող ռազմիկի զինակից ընկերն էր ու նրա հաղթանակին սպասող հարազատների ավետաբերը: Այն ոգու և ուժի յուրօրինակ աղբյուր էր և՛ առաջնագծում, և՛ թիկունքում:

«Հայ զինվորը» միշտ քայլել է բանակին համընթաց: Նա սոսկ բանակի տարեգիրը չէր, այլև բանակաշինության դժվարին ճանապարհի ուղեկիցը, միշտ դեպքերի ու իրադարձությունների էպիկենտրոնում, միշտ զինվորի և սպայի կողքին՝ բանակի հոգս ու ցավին առնչակից, հասարակական պահանջին ականջալուր, ձեռքը ժամանակի զարկերակին:

«Հայ զինվորը» ջանացել է ազնիվ ու շիտակ զրուցակից լինել և՛ զինվորի, և՛ գեներալի, և՛ սպայի, և՛ ենթասպայի համար: Նա առաջնագծում սահման է պահել 18 տարեկան պատանու հետ, սպայի հետ մտորել է բանակաշինության խնդիրները հաղթահարելու շուրջ, գեներալի հետ ապագայի հավակնոտ ծրագրեր է գծել: «Հայ զինվորի» էջերում հանդիպել են արվեստագետն ու սպան, հոգեբանն ու զինվորը: Ուսուցչի ու բժշկի, մարզիկի ու շինականի համար այն սեփական խոհերը բարձրաձայնելու ամբիոն է դարձել: «Հայ զինվորը» բանակի և ժողովրդի երկխոսությունն է, որ շարունակվում է արդեն 30 տարի:

Բացթողումներ էլ են եղել: Երբեմն այն, ինչի մասին պիտի խոսվեր բարձրաձայն, ասվել է տողատակում: Քննադատությունը հասցեական չի եղել: Արատավոր երևույթները վեր հանելու հետևողականությունը չի հասել նպատակին: Երբեմն ընթերցողը փակել է հանդեսը՝ առանց իրեն հուզող հարցերի պատասխանը գտնելու: Բայց մենք կամք ունենք շտկելու սխալները, լի ենք նոր գաղափարներով, կատարելագործվելու ցանկությամբ ու եռանդով:

Հանդեսի էջերը այսօր էլ բաց են յուրաքանչյուր հայի առաջ` մեկ անգամ ևս հավաստելով, որ բանակը բոլորի բանակն է, յուրաքանչյուր հայինը, և «Հայ զինվորը» բոլորինն է:

Բանակաշինության ակունքներում կանգնած պարբերականը տարիներ շարունակ քարոզել է ուժեղ պետության, պաշտպանված երկրի գաղափարը, կոչ է արել ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, եղել է ինքնաճանաչողության, ազգային ինքնության պահպանման, ազգային հպարտության ջատագով:

«Հայ զինվորը» այսօր էլ պատրաստ է ազգային բանակի հետ անցնելու մեր համազգային երազանքներն իրագործելու դժվարին ու տքնաջան ճանապարհը:

Խորագիր՝ #35 (1500) 06.09.2023 - 12.09.2023, Բանակ և հասարակություն


11/09/2023