Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ



ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքական թիմը հերթական հաղթանակն է գրանցել. այս անգամ՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում օգոստոսին կայացած պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների մարզիկներ։ ՀՀ հավաքականը նվաճել է ութ՝ 5 ոսկե, 1արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոններ են դարձել մինչև 80 կգ քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով), մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), +65 կգ քաշային կարգում Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքերով) և 65 կգ քաշային կարգում Գուրգեն Անտոնյանը (աջ ձեռքով): Մինչև 75 քաշային կարգում աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոն է դարձել Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ քաշային կարգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ քաշային կարգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Հատկանշական է, որ մասնակիցները, բացառությամբ Նաիրա Մեսրոպյանի, Արցախյան առաջին և քառասունչորսօրյա պատերազմների մասնակիցներ են, որոնք ոչ միայն չեն հաշտվել ստացած վնասվածքների պատճառով որոշակի ֆիզիկական սահմանափակումների հետ, այլև պահպանում են իրենց հրաշալի մարզական վիճակը, կամքի ուժի և համառության եզակի օրինակ ծառայում ու հետևողականորեն հաղթանակներ կռում միջազգային տարբեր մրցաշարերում:

 

Առաջնությունից հետո տղաներն արդեն վերսկսել են մարզումները. հերթական մրցումներին են պատրաստվում մարզասրահում: Ներկայացնելով իրենց թիմի հաջողությունները՝ տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող, աշխարհի բազմակի չեմպիոն, 80 կգ քաշային կարգում այս անգամ էլ չեմպիոնի տիտղոսը պաշտպանած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ասաց.

-Իմ հաղթանակներին վաղուց արդեն սովորական եմ վերաբերվում: Ա՛յ, մեր մյուս տղերքի հաջողությունները շատ են ուրախացնում ինձ։ Նրանք շատ լավ աշխատեցին։ Առաջնությանը մասնակցած ութ մարզիկներիցս յոթը մեդալներով վերադարձանք, որոնցից 5-ը՝ ոսկի: Չեմպիոններից Սարգիս Հարությունյանը, որ մասնակցում էր մինչև 55 կգ քաշային կարգում, շատ լուրջ մրցապայքարի մեջ մտավ և հաղթանակ արձանագրեց: Նրա քաշային կարգում բավականին շատ մարզիկներ կային, և նրանցից մի քանիսը հավասար ուժեր ունեին։ Վերջին մարտում Սարգիսը մրցում էր ղազախ մարզիկի հետ, և ես, որ տարիների փորձ ունեմ այս ասպարեզում, տեսնում էի, որ նա պարտվում է, ու դրական ելքի հույս չունեի։ Բայց այդ անհուսալի թվացող դիրքից Սարգիսը հարվածներով դաստակը բացեց, դժվարությամբ ուղղեց ու բերեց-հասցրեց հաղթանակի։ Նման բան շատ հազվադեպ է լինում: Բայց մարդը ապացուցեց, որ հնարավոր է, և ցույց տվեց, որ պարտություն չկա, եթե ոգով չես հանձնվել։ Աջ ձեռքով էլ Սարգիսը երրորդ տեղը զբաղեցրեց: Շատ գոհ եմ նրա մրցապայքարից։

Մեր մարզուհին՝ Նաիրա Մեսրոպյանը, նույնպես հրաշալի արդյունք գրանցեց՝ նա հեշտությամբ հաջողեց երկու ձեռքով էլ չեմպիոնի տիտղոս վաստակել։ Հրաշալի արդյունք:

Ինչ վերաբերում է Գուրգեն Անտոնյանին, պետք է ասեմ, որ նա բնավորության մի շատ հետաքրքիր գիծ ունի: Եվրոպայի առաջնությունում, երբ երկրորդ տեղը գրավեց, իսկ թուրք մարզիկը՝ առաջին, իր տեղը չէր գտնում, նեղսրտում էր։ Ասում էի՝ «Գո՛ւգ ջան, ախր, նորմալ է, դեռ երկու տարի էլ չկա, որ մարզվում ես», բայց, չէ, չէր համոզվում: Այս տարի նա ապացուցեց, որ վերադարձել է մեծ սպորտ ու վերադարձել է ոսկու համար։ Աջ ձեռքով ոսկե մեդալ նվաճեց։ Գուրգենը հիանալի, շատ արհեստավարժ մրցեց։ Ձախ ձեռքի հետ կապված խնդիր կա, մատները լիովին չի զգում, բայց այդ խնդիրն էլ լուծելի է. առաջիկայում, վստահ եմ, այդ ձեռքով էլ հաղթանակներ կգրանցի։

75 կգ քաշայինների մրցապայքարում մեր Ստեփանյան Հայկը նույնպես շատ լավ մասնակցեց՝ նվաճելով արծաթե մեդալ: Վստահ եմ, որ շատ ավելիին է ընդունակ: Հաջորդ առաջնությանը, անկասկած, ոսկու համար կպայքարի:

Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ քաշային կարգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Շահենը ձախ ձեռքով պարտվեց, բայց աջ ձեռքով բրոնզե մեդալ շահեց։ Շահենից էլ շատ գոհ եմ։ Նրա մրցակիցները շատ ուժեղ էին՝ հատկապես վրացի Թեմոն, երկար տարիներ մրցումներում իրեն շատ լավ դրսևորած մի մարզիկ, որ նաև հրաշալի անձնավորություն է, լավ ընկեր։ Շահենը հեշտությամբ չտվեց ձեռքը, լավ պայքարեց։ Ես նրա մասին վստահորեն կասեմ, որ մյուս տարի Եվրոպայի առաջնությանը, որ Սլովակիայում է անցկացվելու, գնալու է ոսկե մեդալի ետևից։

Մեր զրույցի ընթացքում տղաները մարզվում են: Շուտով նոր մարզասրահ կտեղափոխվեն, որի անվանումը խորհրդանշական է՝ «Լեգենդների մարզասրահ»:

-Երկհարկանի, հրաշալի, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված մարզասրահ է,- ներկայացնում է Սարգիս Ստեփանյանը,- հենց սկզբից որոշեցինք այսպես անվանել սրահը, քանի որ այդտեղից լեգենդներ պետք է դուրս գան, որոնք իրենց գրանցած հաջողություններով կզարմացնեն աշխարհին։ Այսպիսի պատմություններ արդեն իսկ ունենք ու ավելի առաջ ենք գնալու։ Մարզասրահը հարմարեցված ու կահավորված է մինչև անգամ բարդ վնասվածքներ ունեցողների համար, որոնք մարզվելու համար անվասայլակից դուրս գալու կարիք չեն ունենա։ Երկրորդ հարկում վերականգնողական կենտրոնն է լինելու, որը ծանր վնասվածքներով տղաների վերականգնողական մարզումների համար է նախատեսված։ Մեր խնդիրն է այս ամենով մոտիվացնել տղաներին ու բերել դեպի մեծ սպորտ։ Եթե սպորտով չեն ուզում լրջորեն զբաղվել, ապա դեպի առողջություն իրենց ճանապարհը կհարթեն։ Մարզումները թե՛ ֆիզիկական վիճակն են բարելավում, թե՛ հոգեբանական։ Մկաններն են աշխատում, ավելի ամուր են քայլում, շատ հոգեբանական որակներ են ամրանում։ Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարզիկներ ունենք, որոնք լիովին անվճար են մարզվում։ Սակայն այստեղ մարզվում են նաև հաշմանդամություն չունեցողները՝ վճարովի հիմունքներով։ Դա երկու նպատակ է հետապնդում. միասին մարզվում են հաշմանդամություն ունեցող և չունեցող մարզիկները՝ հավասար պայմաններում, որոնք նույն սիրտն ունեն և այս առումով չեն տարբերվում միմյանցից։ Սա գլխավոր ուղերձն ու սկզբունքն է: Եվ բացի այդ, վճարովի մարզվողները ոչ միայն այդ գումարը տալով՝ իրենց ֆիզիկական տվյալներն են բարելավում, այլև նպաստում են այս գաղափարի զարգացմանը, օգտակար լինում մյուսներին: Գյումրիում ևս նախաձեռնել ենք ու առաջիկայում կիրականացնենք նմանօրինակ մի ծրագիր։

-Ի՞նչն է Ձեզ, բազմաթիվ դժվարություններով անցած այս մարդկանց, օգնում պահպանել հաղթական ոգին,- հարցնում եմ Սարգսին:

-Եթե կարողանում ես մարդկանց մոտիվացնել քո օրինակով, դա արդեն միայն քո հաղթանակը չի լինում,- այսպես է բանաձևում անպարտելի մարզիկը և բանակի արժանավոր սպան,- սա պարտավորեցնում է, որ հաջորդ քայլին ավելի լավ պատրաստվես, ավելիին ձգտես: Չէ՞ որ, ի վերջո, օրինակ ես ծառայում մարզիկ ընկերներիդ, մեր զինվորականների, բոլորի համար։ Ամեն մեկս մեր տեղում պետք է գիտակցենք, թե ինչ իրավիճակում է այժմ հայտնվել մեր երկիրը։ Պետք է ճիշտ ապրենք։ Ես ինքս այժմ էլ զինծառայության մեջ եմ, բայց գիտակցում եմ, որ եթե համատեղում եմ սպորտն ու զինծառայությունը, սպորտում ևս պետք է օրինակելի լինեմ։ Եվ եթե ամեն մեկս մեր տեղում այսպես մտածենք ու հաղթող լինենք մեր ասպարեզներում, դա տարածվում ու թևածում է շուրջբոլորդ, ընդարձակվում ազգիդ մասշտաբով, և քո փոքրիկ հաղթանակը դառնում է ազգիդ հաղթանակը։ Ուրիշ տարբերակ չունենք. պետք է ուժեղ լինենք, ամուր քայլերով գնանք առաջ։

Բազկամարտի առաջնություններում վայրկյաններ էլ չի տևում Սարգսի հաղթանակի հասնելը. հեշտությամբ ծալում է բոլոր մրցակիցների ձեռքերը: Նրանից զգուշանում են, փորձում են այնպես անել, որ դեմ առ դեմ դուրս չգան։ Պահպանելով չեմպիոնի տիտղոսը՝ այժմ Սարգիս Ստեփանյանն իր համար նոր նշաձող է սահմանել ու ջանքերն ուղղել այդ ճանապարհին ծագող դժվարությունները հարթելուն:

-Մարզվում եմ նոր պարաօլիմպիական մարզաձևով՝ գնդի հրում և սկավառակի նետում։ Մեկ տարի է, ինչ զբաղվում եմ և արդեն որոշակի հաջողություններ եմ գրանցել։

Սարգիսն արդեն իսկ հաղթահարել է մուտքի նվազագույն չափորոշիչը Փարիզում կայացած առաջնության մրցումներում, ինչը բավական է, որպեսզի ստանա 2024 թ. կայանալիք պարաօլիմպիական խաղերի հրավեր: Այժմ արդեն լրջորեն մարզվում է, պատրաստվում։

-Մեկ խնդիր կա միայն. իմ մրցակիցները երկու ձեռք ունեն, իսկ երկրորդ ձեռքը այս մարզաձևերում շատ է օգնում:

Անհավասար պայմաններում, սակայն, Սարգիսը կրկին պատրաստվում է մտնել մրցակցության մեջ, վստահ լինելով՝ հաղթահարելու է նաև այս մարտահրավերը։

-Առաջին քայլերն եմ անում, առաջընթաց կա։ Այնպես որ՝ մեկ տարի ունեմ ու ձգտելու եմ անել անհնարինը։

-Ի՞նչ կցանկանայիք փոխանցել մեր զինվորներին ու սպաներին։

-Ուժ ու կորով եմ մաղթում։ Անկախ ամեն ինչից՝ պետք է ուժե՛ղ լինենք, պետք է գիտակցենք հայրենիքի համար յուրաքանչյուրիս՝ հատկապես զինվորականների դերը. հանուն ինչի՞ ենք այս սուրբ պարտականությունը կատարում։ Պետք է մեր առաքելությունը պատվով կատարենք։ Ամենակարևորը՝ պետք է իմանանք, որ հայ ազգը հեշտ պարտվողներից չէ, ամուր պետք է կանգնի իր հողի վրա ու ոչ մի դեպքում չթուլացնի իր հաղթական ոգին։

Շրջելով ու հետևելով, թե ինչպես են մարզվում տղաները՝ հերթով մոտենում, զրուցում եմ նրանց հետ:

Շահեն Բաբայանը ամենաերիտասարդ մարզիկներից է. երիտասարդ, բայց խոստումնալից: Իր բաժին կռիվն է տվել 44-օրյա պատերազմում, ժամկետային զինծառայող, վարորդ լինելով՝ ամենաթեժ կետեր զենք-զինամթերք է փոխադրել: Երբեք չի նահանջել ու հիմա էլ սպորտի առաջնագծում է մարտնչում: Երբ Շահենին ասացի, որ Սարգիս Ստեփանյանը վստահ է, որ մյուս անգամ ոսկի ես բերելու, նա ուրախ ժպիտով պատասխանեց.

-Եթե Ստեփանյանը հավատում է, ուրեմն՝ ես էլ եմ հավատում։ Այս անգամ բրոնզե մեդալակիր դարձա, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ, քանի որ համառ պայքար էր գնում, և ես փորձառու, տարիներ շարունակ չեմպիոնի կոչմանն արժանացած մարզիկների հետ էի մրցում։ Աշխարհի մակարդակով բրոնզն էլ վատ չէ, բայց մյուսը ոսկի՛ կլինի։

Դիմելով զինծառայող ընկերներին՝ Շահենն իրեն բնորոշ խրոխտ ու լավատեսական հնչերանգով ասաց.

-Մարտական ոգին միշտ բա՛րձր պահեք, տղե՛րք, զգույշ ու զգո՛ն եղեք։ Վստա՛հ եղեք՝ լա՛վ է լինելու ամեն ինչ։

Մյուս մարզիկը՝ նախկինում էլ իրեն փայլուն դրսևորած և աշխարհի առաջնությունում այս անգամ էլ չեմպիոնի տիտղոսին արժանացած Սարգիս Հարությունյանը, նույնպես 44-օրյա պատերազմի խիզախ մարտիկներից է, արցախցի է: Նրա ծնողներն այժմ շրջափակված Արցախում են։ Հարցիս, թե ինչպե՞ս է կրում բոլոր դժվարությունները, և ինչպե՞ս է նրան հաջողվում չկորցնել հաղթական ոգին, նա պատասխանեց.

-Այդքան դժվարություններ ապրելուց հետո պարզապես չի կարելի թուլանալ։ Խոսք կա, չէ՞, «Հաղթանակները հեշտությամբ չեն տրվում»։ Այսպիսի փոքր-փոքր հաղթանակներով պետք է գնանք առաջ, պետք է անվերջ պայքարենք: Ամեն մրցման ժամանակ այնպես ենք անում, որ մեր դրոշը բարձր պահենք, ու մեր օրհներգը հնչի։

Այս մեկը մի քիչ չէ. բավականին դժվար տրվեց հաղթանակը։ Պարտությունիցս «մեկ էր պակաս»,- կատակում է Սարգիսը,- ինձ մի քիչ վրդովեցրեց մրցավարի վարմունքը. մրցակիցս կանոնները խախտել էր, բայց սխալը չարձանագրվեց։ Երկրորդ անգամ ձեռքը բարձիկից ընկավ, բայց նկատողություն չհաջորդեց։ Վերջին ուժերս գործադրեցի ու… Մեր թիմն ինձ շատ էր ոգևորում։ Մեր տղաների, մարզիչների ձայներն էի լսում, որ խորհուրդներ էին տալիս, գոտեպնդում էին. «Չտա՛ս ձեռքդ, մինչև վերջ պահի՛», ու այդ ամենն ինձ ստիպեց պայքարել ու բառացիորեն խլել ոսկե մեդալը։

-Որպես հաղթանակներ կռած մարդ՝ ի՞նչ խորհուրդ կտաս մեր զինծառայողներին։

-Յուրաքանչյուրս պետք է մեր տեղում անենք առավելագույնը, ամեն մեկս մեր ոլորտում կատարելության ձգտենք։ Սպան պետք է զինվորի համար ավագ եղբայր, ընկեր լինի, իսկ զինվորն իմանա, թե ինչ կարևոր գործ է իրեն վստահված՝ հայրենիքի պաշտպանությունը։ Պետք է հպարտանա դրանով, քանզի ամեն մարդու գործ չէ սահմանը պահելը։ Պետք է իմանա, որ թիկունքում իր, մեր բոլորի ընտանիքներն են կանգնած։ Բոլորս պետք է մինչև վերջ պայքարենք ու չթուլանանք, հաղթանակը հնարավոր դարձնենք անգամ անհնարին թվացող իրավիճակներում։

Ամուսնացած եմ, շուտով բալիկ կունենամ՝ կծնվի աղջիկս։ Հայրս, մայրս, եղբայրներս Արցախում են շրջափակման առաջին իսկ օրվանից։ Ես երբեք չեմ հուսալքվում։ Այնպես եմ անում, որ նրանք, ամեն անգամ ինձ նայելով, հպարտանան։ Ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել, բայց իմ բոլոր հաղթանակները Արցախ աշխարհին եմ նվիրում, որովհետև ես այդ հող ու ջրի զավակն եմ։

Մյուս չեմպիոնը՝ Գուրգեն Անտոնյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում մարտկոցի լավագույն նշանառուն է եղել, կռվել է մինչև ծանր վիրավորվելը: Մինչև պատերազմը երբեք սպորտով չի զբաղվել, իսկ պատերազմից հետո ծանոթացել է Սարգիս Ստեփանյանի հետ և իրեն նվիրել մեծ սպորտին:

-Նա իմ մեջ տեսավ այն, ինչ հիմա արդեն ապացուցում եմ տարբեր մասշտաբի մրցումներում։ Ձախ ձեռքով այս անգամ հաջողություն չունեցա։ Կարծում եմ՝ մրցակիցներիս համար էլ էր մեծ անակնկալ, որ բոլորին հաղթեցի աջ ձեռքով։

Աշխարհի մրցումներին առաջին անգամ էի մասնակցում: Երկու անգամ Եվրոպայի առաջնությանն էի մասնակցել և նախանցյալ տարի՝ երկրորդ, իսկ այս տարի՝ առաջին հորիզոնականը զբաղեցրի։ Այժմ արդեն աշխարհի չեմպիոն եմ։

Մեր զինվորականներին ուզում եմ ասել, որ մենք միշտ իրենց կողքին ենք, որ մի՛շտ ոգիները բարձր պահեն ու հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր զինվորներին, սպաներին կուզենամ ասել, որ միշտ հավատան իրենց ուժերին: Պետք է վստահ լինել, ու ամեն ինչ կստացվի։

Պահեստազորի փոխգնդապետ Հայկ Ստեփանյանի համար իր երկիրը արժանավայել ներկայացնելը պատվի հարց է:

-Եվրոպայի առաջնության անցած մրցաշարերում երկու տարի շարունակ արծաթե մեդալակիր եմ դարձել։ Այս անգամ ուժերս փորձեցի աշխարհի առաջնությունում և կրկին երկրորդ տեղը զբաղեցրի։ Հույս ունեմ և աշխատում եմ այդ ուղղությամբ, որ հաջորդ մրցանակս ոսկե մեդալի տեսքով լինի։ Մեր ազգի պատիվը բարձր պահելու, մեր դրոշը բարձրացնելու, հիմնը հնչեցնելու համար ոսկե մեդալ է պետք նվաճել։

Հայկը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Անմիջապես վերադարձել ու մեկնել էր առաջնագիծ:

-Որպես պահեստազորի սպա՝ մեր զինվորականներին մաղթում եմ կամքի անսասան ուժ ու հավատ։ Թող իրենց գործը լավագույնս անեն՝ անկախ իրավիճակից, անկախ դժվարություններից։ Մեր բանակը մեր ժողովրդի հույսն ու ապավենն է։ Բանակի սպա, զինվոր լինելը մեծ պատիվ ու հպարտություն է:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ և

ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ անձնական արխիվից

Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/09/2023