Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՎերադասի հրամանով մեկնարկում է փակ շինության ներսում դիվերսիոն խմբի վնասազերծման վարժանքը։ Զինվորներին ուղղորդում և խնդրի կատարման նրբություններն է ներկայացնում սերժանտ Հրաչյա Եգորյանը: 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցել են նրա հայրն ու եղբայրը, իսկ մեկ տարի առաջ նա ինքն էլ մասնակցեց մեր երկրի արևելյան ուղղությամբ ընթացած մարտական գործողություններին։

-Այդ օրվանից է՛լ ավելի կարևորեցի մեր բանակի դերն ու նշանակությունը,- ասում է Հրաչյան,- մեր երկրին այժմ անհրաժեշտ են միասնականություն և խելացի, բանիմաց սպաներ։ Հասկացա, որ պարտավոր եմ ժամկետային զինծառայության ընթացքում ստացած գիտելիքներս, փորձս փոխանցել մեր նորակոչիկներին։ Հենց այդ գիտելիքների շնորհիվ է, որ ես, իմ ծառայակից ընկերները պատվով դուրս եկանք բարդ իրավիճակներից։

Տարեսկզբին ծանոթանալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ընձեռած հնարավորություններին ու մինչև այդ վեց ամիս որպես ժամկետային ծառայած Հրաչյան վճռեց դառնալ ծրագրի շահառու և արդեն մեկ ամիս է իր գիտելիքներն ու մարտական փորձառությունն է փոխանցում զորամասը համալրած զինվորներին.

-Շատ գոհ եմ, որ ընտրել եմ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ Ես հիմա նույն արտոնություններն ունեմ, ինչ սպաները։ Հանձնել եմ նաև ատեստավորման քննությունները և բարձր աշխատավարձ եմ ստանում։ Մեզ արհեստավարժ բանակ է հարկավոր, իսկ «Պաշտպան հայրենյաց»-ն այդ ճանապարհին շատ կարևոր օղակ է: Մեր բոլոր ժամկետային զինծառայողներին խորհուրդ կտամ այս ծրագրով պայմանագիր կնքել և մնալ բանակում։ Մեր պետությունը հզորացնելու համար որքան շատ լինենք, այնքան լավ։

19-ամյա սերժանտը համոզված է՝ զինվորական ծառայությունը կարևոր շրջափուլ է յուրաքանչյուր տղամարդու կյանքում: Երկամյա ժամանակահատված, որի ընթացքում ձևավորվում ու կայանում ես իբրև հայրենիքի պաշտպան:

-Նաև իմ ամենօրյա ծառայության որակից է կախված զինվորների մարտական պատրաստականության աստիճանը: Ես ապրում եմ այդ ամենով,- ասում է Հրաչյան,- մենք բոլորս բանակի մի մասնիկն ենք, և յուրաքանչյուրիս ցուցաբերած լավ արդյունքներից շատ բան է կախված։

Հրաչյան իր ենթականերին ոչ միայն մարտական պատրաստություն է ուսուցանում, այլև՝ հոգեբանորեն պատրաստում ամենատարբեր իրավիճակների։

-Մեր տղաները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։ Սովորեցնում ենք ինչպես պահպանել սառնասրտությունը անգամ մարտի դաշտում և հստակ, առանց խուճապի արդյունավետ գործել։

Շատ կարևոր է, որ մեր երիտասարդները դեռ փոքրուց թե՛ ընտանիքում, թե՛ դպրոցում լսեն՝ ինչ է հայրենիքը, պետությունը, որպեսզի, երբ տասնութ տարեկան տղան գա ծառայության, արդեն հստակ իմանա՝ ուր է գալիս, հանուն ինչի է ծառայում, ավելի մեծ ջանասիրությամբ մոտենա իր ծառայությանը։

 

***

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԱյդ նույն ժամանակ զորամասի շարահրապարակում նորակոչիկների հետ շարային պատրաստության դասընթաց է անցկացնում մեկ այլ նվիրյալ՝ սերժանտ Մովսիսյանը։ 44-օրյա պատերազմին մասնակցած սպայի որդին ասում է, որ երբեք չի մոռանա այն օրը, երբ հայրը, ամուր գրկելով հարազատներին, մեկնեց հայրենիքը պաշտպանելու: Այժմ հերթն իրենն է զինվորական համազգեստ կրելու, սրտացավ ծառայությամբ, քայլ առ քայլ կատարելագործելու բանակը համալրող զինվորների մարտավարամասնագիտական հմտությունները։

-Ճիշտ է՝ ժամկետային զինծառայող եմ, բայց ամեն պահի պատրաստ եմ գործով ապացուցելու իմ նվիրվածությունը: Տարի ու կես ինքս սովորել եմ ու հիմա իմ ենթականերին եմ փոխանցում գիտելիքներս,- ասում է Բորիս Մովսիսյանը: -Եթե զինվորս թերանում է, մոտենում եմ, զրուցում, փորձում հասկանալ՝ ինչն է խնդիրը, և ինչով կարող եմ օգնել։ Շատ լավ եմ զգում ենթակա անձնակազմիս ցուցաբերած լավ արդյունքներից, քանի որ իմ աշխատանքն էլ կա այդտեղ։ Սա էլ իհարկե շահագրգռում է, որ ավելիին ձգտես, ավելի լավ անես քո գործը։ Բանակի դերը այսօր, առավել քան երբևէ, կարևոր է: Տարիներ առաջ մեր ծնողներն են գնացել, կռվել հանուն մեզ, հիմա էլ մենք ենք պատրաստ պայքարելու մեր ապագա սերունդների, մեր հայրենիքի համար:

 

***

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԸ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԶինվորական ծառայության ասպարեզում գրանցած հաջողությունների և գերազանց առաջադիմության գաղտնիքն ընտանեկան դաստիարակության և Սյունյաց հողից փոխանցված ոգեղեն ուժի մեջ է տեսնում հետևակի մարտական մեքենայի հրամանատար, սերժանտ Համլետ Խաչատրյանը։ Մեկ տարի առաջ այս նույն լսարանում զինվորական գործի նրբությունները սերտած սերժանտն այսօր ինքն է տեսական ու գործնական դասաժամերի միջոցով պատրաստում հետևակի մարտական մեքենայի ապագա մարտական հաշվարկներին։ Անցյալ տարվա արդյունքներով նրա ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել զորամասում:

-ՀՄՄ-ի հրամանատարներ պատրաստելը ամենաբարդ գործերից մեկն է, քանի որ վերջիններս պարտավոր են գերազանց տիրապետել նաև անձնակազմի մյուս անդամների՝ թե՛ մեխանիկի և թե՛ նշանառու-օպերատորի գործին,- ասում է օրինակելի սերժանտը,- ձգտում ենք պատրաստել հմուտ մասնագետների և նրանցով համալրել զորքերն այնպես, որ նրանք էլ իրենց հմտություններն ու կարողությունները փոխանցեն զորքերում:

Համլետն իբրև ջոկի հրամանատար պատիվ է համարում բանակում առաջին քայլերն անող զինվորներին ուսուցանելը։

-Սա կարևոր ու պատասխանատու գործ է: Ջոկի հրամանատար օղակը մեր բանակում կարևոր է հատկապես այն առումով, որ զինվորին ամենամոտ կանգնած օղակն է։ Ջոկի հրամանատարն է առաջինը դիմավորում նորակոչիկներին, խոսում նրանց հետ, հունի մեջ դնում նրանց առօրյան, օգնում խորհուրդներով, կիսվում իր փորձով, զինվորին նախապատրաստում բոլոր տեսակի մարտահրավերներին։ Այսօր տեխնիկային տիրապետելը, մարտի դաշտում այն ճիշտ գործածելը, հարկ եղած դեպքում՝ տեխնիկան մարտի դաշտից դուրս բերելը կամ անձնակազմ տեղափոխելը բարդ խնդիրներ են, որ նրբություններ ու գաղտնիքներ ունեն, որոնք մենք փորձում ենք զորակոչից զորակոչ փոխանցել մեր ենթակա անձնակազմին,- ասում է սերժանտ Խաչատրյանը:

Օրինակելի կրտսեր հրամանատարները համոզված են՝ զինված ուժերում յուրաքանչյուրը՝ լինի զինվոր, պայմանագրային զինծառայող, սերժանտ, թե սպա, մեկ ընդհանուր կառույցի օղակներն են: Իսկ շղթան կուռ է ճիշտ այնքան, որքան ամուր է նրա յուրաքանչյուր օղակը:

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1501) 13.09.2023 - 19.09.2023, Ազգային բանակ


18/09/2023